
Նախօրեին ավարտվել է արցախցի (Հադրութի և Շուշիի շրջաններ) երեխաների և պատանիների համար նախատեսված ամառային մաթեմատիկական ճամբարը, որն անցկացվել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) Վիկտոր Համբարձումյանի թոռնուհիներ, մաթեմատիկոսներ Աննա Համբարձումյանի և Գայանե Պանինայի նախաձեռնությամբ, «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի և ԲԱ աջակցությամբ։
Ճամբարի ընթացքում երեխաները մասնակցել են մաթեմատիկայի դասընթացների, որոնք վարել են Ռուսաստանի հայտնի մաթեմատիկոսներ, ծանոթացել են ԲԱ նվաճումներին, այցելել աստղադիտակներ և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, կատարել աստղադիտում։ Ունեցել են նաև հանդիպումներ այլ մասնագիտության տեր անձանց հետ և կատարել են այցեր դեպի մոտակա տեսարժան վայրեր։
Ճամբարի նպատակն էր խորացնել մասնակիցների մաթեմատիկական գիտելիքները, օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում, Հայաստանում և Արցախում ներդնել մաթեմատիկայի դասավանդման ռուսական մեթոդաբանությունը, բարելավել ռազմական գործողություններից տուժած երեխաների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև նպաստել գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական կապի զարգացմանը։




