«Նուբար» հայ ավանդական երգի-պարի անսամբլը ստեղծվել է 2006-ին։ Այս տարի լրանում է անսամբլի 15-ամյակը: Հուլիսի 5-ին Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում տեղի է ունենալու խմբի մենահամերգը։ «Նուբար»-ն անդրադառնում է պատմական Հայաստանի ազգագրական տարբեր գոտիների երգանմուշներին՝ առավելապես Համշենի, Կարնո, Չմշկածագի շրջանների մշակույթին։ Այս համերգին երգերի միջոցով հանդիսատեսը տեղափոխվելու է Խարբերդի նահանգ Տիգրանակերտ։
Փորձ է, չխանգարե’լ․ բայց կան փորձեր, որոնք կարելի է խանգարել։ Շարժվում ենք ազգային երգի ելևէջների ուղղությամբ։ «Նուբար» հայ ավանդական երգի-պարի անսամբլի փորձն է՝ հուլիսի 5-ի համերգին ընդառաջ։ Այս համերգը պետք է տեղի ունենար դեռ մեկ տարի առաջ՝ Համբարձման տոնի նախօրեին։
Խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանը «Ռադիոլուրին» պատմեց, որ բոլոր ուժերը հավաքել են, կենտրոնացել ու հետաքրքիր ծրագիր են կազմել։ Հուլիսի 5-ին հանդիսատեսին երգերի միջոցով տեղափոխելու են Խարբերդի նահանգ , Բալու, Տիգրանակերտ։
«Բոլորին սպասում ենք մեր համերգին, որ չգան, կնեղանանք, քանի որ այդ օրը մի քանի ժամով ազգայինն է գերիշխելու։ Հնչելու են ոչ միայն նոր, այլև արդեն սիրված ու ճանաչված երգեր»։

Հայ ավանդական երգի-պարի «Նուբար» անսամբլը ստեղծվել է 2006–ին։ Այս տարի լրանում է անսամբլի 15-ամյակը։ Համերգը նաև այդ առիթով է։ Լուսինե Նազարյանը նշում է, որ պատերազմից հետո առաջին անգամ են բեմ բարձրանալու, բայց չբարձրանալ չէին կարող։ Ասում է՝ նման երեկոների, հայ ազգային երգ ու պարի տարածման միջոցով պետք է ցույց տանք մեր ապրելու ու արարելու վճռականությունը։
«Նման երեկոներով ուզում ենք ցույց տալ, որ ապրում ենք։ Ուզում ենք ասել, որ մեզ դարերով պահել, ապրեցրել, դիմակայելու ուժ է տվել այս մշակույթը։ Բոլորի ցավը կիսում ենք։ Ամեն մեկս անհատապես և բոլորինս ընդհանուր։ Բայց մենք ընկճվելու իրավունք չունեք, ու այս երեկոն ապացուցելու է, որ մենք չենք կոտրվում»։
Ստեղծման օրվանից խմբի նպատակն է եղել պահպանել և տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը: Խումբն ունեցել է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմել են բանահավաք աշխատանքների արդյունքում հայտնաբերված և տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը: «Նուբար»-ն անդրադառնում է պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգանմուշներին, առավելապես Համշենի, Կարնո, Չմշկածագի շրջանների երգեցիկ մշակույթին.
«Նման երեկոներով նաև ստեղծում ենք առիթներ չերեգված երգերը ներկայացնելու։ Բոլորը պետք է միանան, ընկալեն այս երգերը։ Գիտեք՝ ժամանակակիցը լավ է, բայց մնայունն ազգային է»։
Այնպես որ, հուլիսի 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում ազգային երգն ու պարն է թևածելու։




