
ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ և հետո ակտիվորեն շրջանառվում էր քարոզարշավում ընդհանրապես չներգրավված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի հարցը։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակն այդ լուրերն արդեն հերքել է, իսկ քաղաքապետարանը լծվել է ինքնակամ շինությունների դեմ պայքարի ավելի վճռական փուլին։
Քաղաքապետի կարգադրությամբ Երևանում ապամոնտաժվում են ապօրինի շինությունները։ Խորհրդարանում էլ այսօր նախագիծ է քննարկվել, որն առաջիկայում կօգնի քաղաքապետարանին պայքարել սնկի պես աճող ապօրինի կառույցների դեմ։
Մայրաքաղաքային «պատերազմի» հերթական թատերաբեմը Դավթաշեն համայնքն էր։ Քաղաքապետարանի բուլդոզերների ուժն արդեն զգացել են Աջափնյակ և Նոր Նորք համայնքների ապօրինի կառույցները։ Դրանց սեփականատերերը հազիվ հասցնում կամ չեն էլ հասցնում մեկ գիշերվա մեջ կառուցած շենքերից հանել դռները, պատուհանները և վերցնել շինարարական նյութերը։ Քաղաքային իշխանություններին փաստի առաջ կանգնեցնել ցանկացողներն իրենք կանգնեցին փաստի առաջ։
Ապօրինի կառույցների դեմ քաղաքապետի հայտարարած պատերազմը ակտիվացավ հատկապես ընտրություններից հետո։ Պայքարի սկզբում քաղաքապետը հայտարարեց՝ գործ ունեն մեծ բանդայի հետ։ Ամենաշատ խախտումներն արձանագրվել են Աջափնյակ համայնքում, ապօրինի շինությունները, որպես կանոն, «աճում» են գիշերը։
«Սկսած դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է վարչական 60 արձանագրություն։ Քանդում և ապամոնտաժում է իրականացվել թվով 34 հասցեներում։ Կներեք բառիս համար, բայց մեծ «բանդա» է գործում։ Այս ամենն այսպես չի շարունակվելու։ Քիչ է մնացել մինչև այն պահը, որ մենք շատ կտրուկ գործողություններ ենք անելու և իրավական մասով պինդ ենք լինելու»։

Քաղաքապետարանը ոչ բոլոր շինություններն է կարողանում է քանդել։ Ապօրինի կառուցապատողների շահերը պաշտպանող փաստաբանները վկայակոչում են իրավական բացերը։
«Որոշման բողոքարկման ժամկետերը պահպանված չէ։ Ավելին՝ այսօր առավոտյան որոշումը բողոքարկվել է և «Վարչական վարույթի մասին» օրենքով կասեցված է արդեն որոշման կատարումը»։
Նման զարգացումները բացառելու համար խորհրդարանում մշակվում է այն իրավական հիմքը, որի մասին քաղաքապետը հայտարարել էր։
Վարչական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել ինքնակամ կառույցները ապամոնտաժելու համայնքի իրավունքը՝ առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախատեսվում է, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերը ամբողջությամբ պետք է կրի կառուցապատողը:
Թե ինչ խնդիր է լուծվելու այս փոփոխությամբ, մանրամասնում է ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը։
«Վարչական դատավարության» օրենսգրքում լրացում կատարելու նախագծով լուծվում է այն խնդիրը, որ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանները չեն կարողանում քանդել ապօրինի շինությունները։ Այլ կերպ ասած՝ այն հարցը, որ բողոքարկում էին դատարան, քանդման պրոցեսը կանգնեցնում էին, այս հարցը լուծվում է։ Այսինքն՝ Երևանում, այլևս այս կարգը ընդունելուց հետո դատավորները չեն կարողանա կասեցնել քանդման որոշումները։ Այսինքն՝ երբ վարչական շրջանի ղեկավարը քանդման որոշում է կայացնում, դա պետք է իրագործվի»։
Ըստ նախագծի՝ կարգը պետք է գործի 2022 թվականի փետրվարից, երբ Կադաստրի պետական կոմիտեն լուծի որոշ տեխնիկական խնդիրներ։ Նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցությունից Նիկոլայ Բաղդասարյանն է պարզաբանում․
«Կառավարությունը՝ ի դեմս Կադաստրի կոմիտեի, պետք է կատարի որոշակի աշխատանքներ, որպեսզի оրտոնկարահանումներով ֆիքսի, թե որտեղ կա ինքնակամ կառույց։ Այս նախագիծը Հայաստանի պետական և համայնքային հողերին է վերաբերում․ չեն կարող կառուցապատել ինքնակամ կառույցներ։ Դա վերաբերում է օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերություններին»։
Այս խորհրդարանը, սակայն, նախագիծը չընդունեց։ Վիճահարույց կետերի առկայության պատճառով որոշվեց լրամշակել նախագիծը և այն, ըստ էության, փոխանցել հաջորդ խորհրդարանին։
Հաշվի առնելով, որ մեծամասնությունը նույնն է լինելու, ենթադրելի է, որ լուծումը նախանշված ժամկետերում կտրվի։ Խմբակցության որոշումը ներկայացնում է Լիլիթ Մակունցը․ «Հույս եմ հայտնում, որ առկա նախագծի հիման վրա 8-րդ գումարման ԱԺ-ն կլրամշակի և կընդունի»։
Կառավարությունն արդեն հավանություն է տվել մշակված նախագծին։





