
Հունիսի վերջին արձանագրված շոգ եղանակով պայմանավորված՝ պատասխանատու կառույցները հանրությանը և գործատուներին պարբերաբար հիշեցումներ են անում, դիմում հորդորներով։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ հայաստանյան օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված Աշխատանքային օրենսգրքով:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն էլ հիշեցնում է՝ եթե աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններ են, գործատուն հստակ պարտավորություններ ունի։
Եթե աշխատավայրում ջերմաստիճանը +40–ից բարձր է և հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, գործատուն պարտավոր է աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին տրամադրել հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար, ապահովել աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի վայրեր, նաև աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրել՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արևային ակնոցներ։
Քիչ աշխատելու դեպքում էլ գործատուն պետք է ամբողջությամբ վարձատրի աշխատակցին։ Այս պահանջներն ամրագրված են Աշխատանքային օրենսգրքում։
Իսկ ինչպե՞ս են կիրառվում այս պահանջները աշխատանքային տարբեր վայրերում։
«Աստիճանները բարձրացեք, նայեք՝ ինչ է կատարվում։ Բոլորս ասում ենք, որ շոգ է, հաճախորդ չի գալիս, ով էլ գալիս է, ասում է՝ ինչպես եք դիմանում»։
Երևանյան խոշոր առևտրի կենտրոններից մեկի աշխատակիցներն են դժգոհում տապից ու ոչ պատշաճ աշխատանքային պայմաններից՝ շնչահեղձության հասնող տոթ ու չհովացվող միջավայր։ Այս պայմաններում՝ առավոտյան ժամը 9–ից մինչև 18–ն անդադար աշխատանք։

Մինչդեռ Աշխատանքային օրենսգիրքն այլ պայմաններ է սահմանում՝ ամրագրելով գործատուի հստակ պարտականությունը՝ 40–ից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատողի համար անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ՝ «Ռադիոլուրին» ասում է ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը։
«Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է հատուկ ընդմիջումներ, եթե աշխատանքը կատարվում է + 40 աստիճանի պայմաններում։ Եթե գործատուն չի կարողանում ապահովել և կամ բնակլիմայական պայմաններով հնարավոր չէ ապահովել նորմալ ջերմաստիճանային պայմաններ, պետք է կիրառվեն լրացուցիչ ընդմիջումներ, այսինքն՝ պետք է նվազեցվի աշխատաժամանակի տևողությունը»։
Բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատաժամանակի նվազեցման դեպքում էլ գործատուն պարտավոր է ամբողջությամբ վճարել աշխատողին տվյալ օրվա համար՝ իր հերթին նշում է գործատուների միության գործընկեր Թադևոս Ավետիսյանը։
«Այսինքն՝ 8 ժամի փոխարեն աշխատողը կարող է 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատել 4-4.5 ժամ, կամ 5 ժամ, բայց գործատուն ամբողջությամբ պետք է վարձատրի տվյալ օրվա համար»։
Աշխատանքային օրենսգրքով սահմանվում են նաև հատուկ կամ կոլեկտիվ ընդմիջումներ։ Հատուկ ընդմիջումները նախատեսված են աշխատողի համար և դրանք մտնում են աշխատաժամանակի մեջ ու վճարվում են՝ ասում է զրուցակիցս և հիշեցնում՝ անհրաժեշտ պայմաններով չապահովելու դեպքում համապատասխան բողոքի առկայության դեպքում նախատեսվում է տուգանք՝ 40 000-120 000 դրամի չափով։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սակայն, այս հիմքով որևէ բողոք այս տարի չի ստացել։




