ԿարևորՀասարակություն

Զենք արտադրելը փոքր երկրի «խելքի բանը չէ՞»․ ԳԱԱ-ն փորձելու է

Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահը վստահ էր, որ մեր երկրում ռազմարդյունաբերությունը չի կարող զարգանալ, զենք արտադրելը փոքր երկրի համար չէ։ Ակադեմիայի նորընտիր ղեկավարը ռազմարդյունաբերության ոլորտում անելիքը փոքր–ինչ այլ կերպ է պատկերացնում։ Կարծում է, որ նախ իրավիճակը հասկանալու ու  գնահատելու կարիք կա, ապա՝  պատվերները հստակ ձևակերպելու։

«Ենթադրենք՝ զենք ենք արտադրել, մենք շուկա ունե՞նք»․ հարցադրումը Գիտությունների ազգային ակադեմիայի արդեն նախկին նախագահ, կառույցը շուրջ 15 տարի ղեկավարած Ռադիկ Մարտիրոսյանինն է։ Նա 2016–ին ռազմարդյունաբերության զարգացման,  զենք արտադրելու մասին կարծում էր, որ դա Հայաստանի նման փոքր երկրների «խելքի բանը չէ»։ Ասում էր՝ միջազգային զենքի շուկայում կյանքի ու մահու կռիվ է, որտեղ փոքր երկիրը մտնել չի կարող։

Ռադիկ Մարտիրոսյանը, ով արդեն Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի գլխավոր խորհրդականն է, այսօր էլ նույն կարծիքին է։

«Զենք արտադրելը այդպիսի փոքր երկրի, սահմանափակ հնարավորությունենրով երկրի խնդիր չի կարող լինել։ Ուրիշ բան է, որ այդ երկիրն իր սահմանափակ, համեստ միջոցներով և կադրերով կարող է մասնակցել էդպիսի գործունեության ուրիշ երկրների հետ համատեղ, որի փորձը Հայաստանի գիտնականներն ունեն․ մենք մասնակցություն ունեցել  ենք տարբեր բնույթի պաշտպանական խնդիրներում, բայց՝ այլ  երկրների հետ միասին»։

Գիտությունների ազգային ակադեմիան արդեն նոր նախագահ  և  ղեկավար կազմ ունի։ Կառույցի նոր նախագահ Աշոտ Սաղյանը ռազմարդյունաբերության զարգացումը ռազմավարական անելիքների շարքին է դասում՝ այս ուղղությամբ առաջին քայլերն այսպես պատկերացնելով։  

«Առաջին հերթին պետք է հասկանալ՝ ռազմաարդյունաբերական, պաշտպանական համակարգին գիտահետազոտական գործողությունների որ ուղղությունն է առաջնահերթ։ Դրանից հետո պետք է իրականացնել մոնիթորինգ ակադեմիայի ինստիտուտներում առկա, գործող գիտական, գիտահետազոտական խմբերի մեջ և որոշել, թե գիտնականների որ խումբը ինչ իրատեսական քայլ կարող է անել և ըստ դրա իրականացնենք որոշակի օպտիմալացում»։

Սրան, ըստ Սաղյանի, պետք է հաջորդի պետությունից միջոցներ ստանալը։ Ակադեմիայի նոր նախագահն ասում է՝ պետք է իրատեսորեն նայել առկա հնարավորություններին։

«Մենք երկար ժամանակ ռազմական արդյունաբերությամբ չենք զբաղվել, ճիշտ է՝ շատ ենք լսում որոշ գիտնականներից, որ ունենք այս, այն, բայց պետք է ամեն ինչին համեմատական նայել։ Մենք պետք է կարողանանք համեմատվել այն կազմակերպությունների, պետությունների հետ, որոնք իրականում ունեն նման արդյունաբերական համակարգեր, և տեսնենք՝ ինչ դիրքերում ենք»։

Ռազմարդյունաբերության ոլորտը կարգավորվում է օրենքով։ Այն սահմանում է, որ  ռազմարդյունաբերությունը պետք է վերածվի տնտեսության կարևորագույն և առաջատար ոլորտի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում։

Ոլորտի պետական «ներկայացուցիչը» ռազմարդյունաբերության կոմիտեն է, որը մինչ 2019 թվականը գործում էր պաշտպանության նախարարության,  դրանից հետո՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ։

Ոլորտի նախարար Հայկ Չոբանյանը, որը պաշտոնը մի քանի ամիս առաջ է ստանձնել,  նախընտրում է զերծ մնալ այդ թեմայով հանրային քննարկումներից՝ խոստանալով արդյունքները գործով ներկայացնել։

«Արդեն արձանագրված են հաջողություններ, իրականացվում են կոնկրետ ծրագրեր, նմանատիպ ծրագրեր երբևէ չեն իրականացվել։ Ես համոզված եմ, որ ամիսներ հետո մենք փոփոխություն կունենանք այս համակարգում»։

Թե ինչ ծրագրերի մասին է խոսքը՝ դեռ հայտնի չէ։ Պարզ չէ նաև այդ ծրագրերում գիտությունների ազգային ակադեմիայի ներգրավվածության աստիճանը։  

Կարդացեք նաև

Back to top button