
«Նոր եմ եղել Մոխրաթաղում և տեսա վիրավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, որը ռմբակոծության է ենթարկվել 90-ականների պատերազմի ժամանակ, եթե այս տարի չվերանորոգենք գոնե տանիքը՝ ամբողջովին կփլվի»,- ասում է Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն է զրուցակիցս։
Մինչև պատերազմը և դրան հաջորդող 1-2 ամիսը նա եղել է Դադիվանքի հոգևոր հովիվը։ Ասում է՝ չգիտեր, թե որքան վատ վիճակում է Մարտակերտի Մոխրաթաղ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Տանիքը թաղիքից է, եթե չվերանորոգվի այս տարի, հաջորդ տարի դա անելու հնարավորություն չի լինի․
«Պետք է ճարտարապետ բերենք, ինքը կասի, թե ինչ է հարկավոր անել։ Գյուղի ժողովուրդն էլ իր պատրաստակամությունն է հայտնել օգնել եւ փրկել Սուրբ Աստվածածին եկեղեցին»,-ասում է Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվը։
Եկեղեցին, ըստ պատմության, կառուցվել է 1883թ․։ Այսօր չի գործում, ժամերգություն չի արվում, Սուրբ պատարագ չի մատուցվում․
«Եկեղեցին մինչև սովետական ժամանակներն է գործել, սովետի տարիներին որպես պահեստ է ծառայել, անգամ եկեղեցում մեծ դուռ են բացել, որպեսզի տեխնիկան կարողանար մտներ»,- ասում է Սերգեյ Գրիգորյանը, Մոխրաթաղը նրա պապական գյուղն է, մանկությունն այստեղ է անցել, ասում է՝ հիշողություններում չկա գեթ մեկ պահ, որ գյուղի եկեղեցում պատարագ մատուցվի կամ որևէ մեկը մոմ վառի։ Գյուղ՝ եկեղեցու վիճակին ծանոթանալու, տեր Հովհաննեսը Սերգեյի հետ է գնացել․
«Տեսնենք՝ պետությունը ինչով կարող է աջակցել։ Եթե պետք լինի մասնավոր ընկերությունների էլ կդիմենք, դեռ նախնական քննարկում ենք, թե ինչ չափի միջոցների մասին է խոսքը»,-ասում է Սերգեյ Գրիգորյանը։
Արցախի տարածքում չկա մի գյուղ, որ իր եկեղեցին կամ մատուռը չունենա, — ասում է տեր Հովհաննեսը։ Դրանց մեծ մասն այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է։ Այդ եկեղեցիներն ու մատուռները չեն վերանորոգվել, չեն խնամվել նաև սովետական տարիներին, սակայն 1989-ից սկսած՝ Արցախի թեմի հիմնադրմամբ, արվել են վերանորոգման աշխատանքներ, և եթե պատերազմ չլիներ, ևս տասը տարում Արցախի բոլոր եկեղեցիներն ու մատուռները կվերանորոգվեին։ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան․
«Մենք հիմա մեր երկրի, սփյուռքի ժողովրդի օգնության կարիքը ունենք, իշխանավորների օգնության կարիքը ունենք, որ գոնե այն, ինչ մեզ մնացել է, կարողանանք խնամել, մաքրել, գոնե եթե չգործող եկեղեցիներ են անգամ, տանիք ունենան, դուռ ունենան, որ անասուն չմտնի, մարդիկ գնան ու մոմ վառեն»,-ասում է տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Ադրբեջանական վերահսկողությանը մնացած հայկական մշակութային կառույցների, եկեղեցիների ճակատագրի մասին որևէ բան ասել տեր Հովհաննեսը դժվարանում է։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ անգամ մեր եկեղեցիներ հասնելը իրատեսական չէ, որովհետև գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Թշնամու խոսքին, թե մեր եկեղեցիները չի վնասի, քահանան չի հավատում, փոխարենը հույս է կապում դրանց հետագա ճակատագրի հարցում մեր հայրենակիցների սրտացավ մոտեցման հետ։




