
«Հայաստան» դաշինքը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո առաջին ընդհանուր ժողովն է հրավիրել: Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ իրենք դիմելու են Սահմանադրական դատարան և խորհրդարանում հանդես են գալու որպես արմատական ընդդիմություն:
«Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- իր ելույթում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ «տեր են լինելու այդ գործիքակազմին»։
Քոչարյանը նշել է, որ որպես ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն գործելու են ՀՀ օրենսդրության շրջանակում և այդպիսով վերադարձնելու են ժողովրդի հավատը դեպի խորհրդարանական ընդդիմություն:
Հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը ստացել է 687․251 ձայն կամ ձայների 53,92 %-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․165 ձայն կամ ընտրողների ձայների 21,04 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․633 ձայն կամ քվեների 5.23 %-ը։




