
«Մենք ենք մեր մարզը» մանկապատանեկան ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի տաղանդաշատ երեխաներն ու պատանիները եկել են մայրաքաղաք և ներկայանում են համերգներով ու ցուցահանդեսներով։ Ծրագիրը 13 տարի դադարից հետո վերսկսել է ԿԳՄՍ նախարարությունը։
Անահիտ Դավթյաննը՝ Վարդենիսից, ցույց է տալիս իր նկարները, որոնք «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում են, ասում է՝ նկարչության մեջ փորձում է հետևել մոդեռնիստական հոսանքին, կուբիզմը՝ սիրելի ոճն է, ցուցահանդեսին էլ այդպիսի գործեր ունի, նկարչությունն իր համար հոբբի է, ապագայում ծրագրավորող է ուզում դառնալ։ Պատրեազմի օրերին Անահիտը և իր Վարդենիսցի ընկերները, որոնք սովորում են Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոցում, վաճառել են իրենց նկարներն ու գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Սևանն եմ նկարել, այս նկարում ձկնորսը ձուկ է որսում, սա ճանապարհին անցնելուց եմ պատկերացրել, միանգամից եկել եմ տուն ու ստեղծագործել»,-ասում է գեղարվեստի դպրոցի սան Մարինե Մանուկյանը։
Մարինեն ու Անահիտը նույն դպրոցում եէ սովորում, իր ապագան առանց նկարչության չի պատկերացնում, սիրելի վայրերից մեկն էլ Սևանի ափն է, ասում է՝ իրենց մարզի հրաշքն է, դրա գեղեցկության կողքով մանավանդ նկարիչն անտարբեր անցնել չի կարող։ Անահիտի և Մարինեի նման մի քանի տասնյակ պատանիներ եկել են մայրաքաղաք՝ նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքները ցուցադրելու, Գեղարքունիքի մարզի շնորհալի երաժիշտ-կատարողները, պարային ու երաժշտական համույթները ու պատանի անհատ-կատարողներն էլ հանդես են գալիս համերգային ծրագրով․ շուրջ 13 տարի անց ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է «Մենք ենք մեր մարզը» մանկապատանեկան մշակութային ծրագիրը, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյան․

«Վարդենիսի գեղարվեստի դպրոցի սաները ցուցահանդես են բացել, այնուհետև Գեղարքունիքի մարզի սաները շեփորի, շվիի, դուդուկի, դաշնամուրի և այլ կատարումներով են հանդես գալու, մենք ընդգրկել ենք ամբողջ մարզի արվեստի կենտրոնների սաներին, որպեսզի բոլորի համար լինեն հավասար պայմաններ»,-ասում է Արփիկ Չքոլյանը։
«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային ծրագիրն իրականցվում է ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա ՀՈԱԿ-ի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում մարզաբնակ երեխաների համար կկազմակերպվեն այցելություններ Երևանի մշակութային օջախներ, երեխաները կլինեն պատմության թանգարանում, կշրջեն Երևանում՝ «Երևան սիթի տուր» զբոսաշրջային ավտոբուսով։ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սերոբ Անիտնյանը կարևորում է մշակութային կրթությունը, ծրագիրն էլ ինքնին նպաստում է մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը․
«Ծրագրի մեկնարկը տվել ենք Գեղարքունիքի մարզից, ընդհանուր 40 երեխաներ են մասնակցում ծրագրին, որոնք երաժշտարվեստի, պարարվեստի, թատերարվեսի ասպարազներում հնարավորություն ունեն իրենց ներկայացնելու»,-ասում է Սերոբ Անտինյանը։
Սերոբ Անտինյանի խոսքով՝ նախատեսում են նմանատիպ ծրագրերը դարձնել շարունակական։ Մարզ-մայրաքաղաք մշակութային կապի ապահովումը նման ծրագրերի միջոցով ավանդույթ պետք է լինի։ Նախարարությունն էլ դա պետք է դարձնի պետական ռազմավարություն՝ մարզային մշակութային կյանքը քաղաքին կապելու համար։




