ԿարևորՀասարակություն

Պատրաստ են մեկնել Բաքու՝ ռազմագերիներին օգնելու․ ձևավորվում է հայ փաստաբանների աշխատանքային խումբ

14-20 տարի ազատազրկում է սպասվում այն չակերտավոր հանցանքների համար, որոց համար Բաքվում դատվում են հայ ռազմագերիները։ Հայկական կողմը նրանց խորհրդատվական աջակցություն ցույց տալու նպատակով հայ փաստաբաններին Ադրբեջան գործուղելու տարբերակ է գտել։

Նախաձեռնությունը Հայաստանի փաստաբանների պալատինն է, հարցը դեռ պետք է քննարկվի պետական իրավասու մարմինների հետ։ Փաստաբաններն ասում են, որ այդ քայլով միջազգային հարթակներում խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի համար։ Բաքու մեկնել ցանկացող փաստաբանների թիվն արդեն մի քանի տասնյակ է։

Փաստաբան Նարեկ Ալոյանը մեկն է այն մի քանի տասնյակ փաստաբաններից, որոնք դիմել են Փաստաբանների պալատ և պատրաստակամություն հայտնել մեկնել Բաքու՝ այնտեղ ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

«Մեր մասնագիտական գործունեության բնույթն այնպիսին է, որ գրեթե միշտ զուգորդվում է վտանգով, իսկ նման պայմաններում տվյալ վտանգը ստորադասվում է հայրենիքի համար օգտակար գործ անելու ցանկությանը»։

Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու նախաձեռնությամբ Հայաստանի փաստաբանների պալատը հանդես է եկել հունիսի 24–ին։ Առաջին փուլը ավարտվում է վաղը՝ փաստաբանների հավաքագրումից ու ռազմագերիների ընտանիքներից դիմումներ ստանալուց հետո, կկազմակերպվի հերթական քննարկումը փաստաբանների և պետական իրավասու մարմինների հետ՝ գործողությունները համարժեք և համակարգված իրականացնելու համար։ Ենթադրվում է, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը սակայն, Ադրբեջանի օրենսդրության սահմանափակումների պատճառով հայ ռազմագերիներին կցուցաբերի ոչ թե փաստաբանական և պաշտպանական, այլ զուտ խորհրդատվական աջակցություն։

«Ռադիոլուր»-ին մանրամասներ է ներկայացրել Արա Զոհրաբյանը․ «Ադրբեջանի օրենսդրությունը թույլ է տալիս խորհրդատվական կարգով մասնակցել գործընթացին։ Ամբողջ դատավարությանը լրիվ ծավալով թույլ է տալիս մասնակցել, եթե միջազգային պայմանագիր կա։ Մինչդեռ Հայաստանը չունի Ադրբեջանի հետ նման պայմանագիր, որ այդ խնդիրը կլուծի։ Բայց մեր փաստաբանները կարող են հաջողության դեպքում տեսակցել մեր հայ ռազմագերիներին, իրենց իրավունքները բացատրել, զուգահեռ դրան՝ տեղում արձանագրել, ստուգել Եվրոպական կոնվենցիայի իրավունքների խախտման փաստը, այնուհետև այդ տվյալները ներկայացնել Եվրոպական դատարանին։ Առաջին նպատակը մեր հայ ռազմագերուն ցույց տալ, որ ինքը մենակ չէ։ Պատկերացնո՞ւմ եք, մեկուսացած, ադրբեջանցի փաստաբանի միջոցով է արտաքին աշխարհի հետ հարաբերվում։ Այս դեպքում առաջինը՝ նրանց ուղղակի զորակցելու քայլը կլինի և, բնականաբար, նաև մեր փաստաբանական թիրախում հայտնված խնդիրները կփորձենք լուծել»։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում կա մեղադրանքից պաշտպանվելու  առնվազն 6 հիմնարար իրավունք, դրանցից անգամ մեկի խախտումը դատավարությունը դարձնում է անիրավաչափ,-ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ ներկայացնելով նախկինում այլ կեղծ մեղադրանքներով՝ Կարեն Ղազարյանի և Սարիբեկյանի գործերով ՄԻԵԴ-ում առկա նախադեպային իրավունքները։

Նախաձեռնության առնչությամբ կա վերապահում, թե հայ փաստաբանների մասնակցությունը կարող է լեգիտիմացնել Բաքվի դատարանում տեղի ունեցող դատավարությունները։

Մինչդեռ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պնդում է․ «Նման դատավարությունները երբեք չեն կարող լեգիտիմացվել։ Հիմա ես աշխատում եմ Կարեն Ղազարյանի գործի վրա և տեսնում եմ, թե Ադրբեջանն ինչ լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ ապացուցելու, որ դատավարությունը արդար է եղել։ Նախ և առաջ այդ դատավարություններին չեն մասնակցում նրանց հարազատները, դա արդեն իսկ բավարար է ուղղակիորեն ասելու, որ հրապարակային դատավարության իրավունքը խախտվել է։ Էլ չեմ ասում, որ տեսնելով, թե ինչպես են մեղադրյալները նստած մի շարքով, մինչդեռ յուրաքանչյուրը պետք է ունենա փաստաբան, յուրաքանչյուրի փաստաբանը պետք է նրա կողքը նստած լինի։ Երրորդ պայմանը՝ մենք երբեք չենք իմանա, թե արդյո՞ք իրենք օգտվել են հակընդեմ հարցման իրավունքից։  Ադրբեջանը չի կարողանալու ոչ իր հասարակությանը, ոչ էլ միջազգային հանրությանը ապացուցել, որ այս իրավունքները տրամադրվել են»։

Միջազգային իրավունքի մասնագետը ճիշտ է համարում Փաստաբանների պալատի նախաձեռնությունը։ Համոզմունք, սակայն, դեռ չկա, որ Ադրբեջանը կհամաձայնի նման համագործակցության, թեև մերժումը միանգամից ստվերելու է նրա կազմակերպած դատավարություններն ու դատավճիռները։ Սա Ադրբեջանի համար ստեղծել է նոր խնդիր՝ դատավարությունը արագացնել, հակառակ դեպքում կապացուցվեն կեղծ մեղադրանքները, -համոզված է Արա Ղազարյանը․

«Այս դիլեման Ադրբեջանը չի կարողանալու լուծել։ Ապագայում մենք ունենալու ենք վճիռներ Ադրբեջանի դեմ և, գուցե, հենց այդ վճիռները լինեն ճնշող մեխանիզմը, որ որոշի ի վերջո այս մարդկանց արտահանձնի Հայաստանին և դրանով այս պատմությունը ավարտվի։ Բայց դրանով էլ այս պատմությունը չի ավարտվի։ Հետո բացվելու են այլ խնդիրներ՝ ամբողջ դատավարության ֆարսի հետ կապված»։

Թեև Փաստաբանների պալատը դեռ հստակեցում չունի իր նախաձեռնության հետ կապված, բայց այնտեղ արդեն ձևավորվում է Բաքու մեկնող փաստաբանների խումբը։ Աշխատանքային խմբում ներգրավվող թեկնածուները պետք է լինեն անթերի ադրբեջանական կողմի համար։ Ընտրության առաջնային սկզբունքը կապված է փաստաբանների անվտանգության խնդիրների հետ, բացատրում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը․

«Բնականաբար, կզտենք մեր այն գործընկերներին, որոնք առավել քան խնդիր չեն ունենա, որովհետև, եթե մենք ունենք փաստաբան, որը մասնակցել է ապրիլյան կամ վերջին պատերազմին, բնական է, իրենց մասնակցությունը ինքներս չենք թույլատրի, հետո իրենք կարող են խնդիր ունենալ Ադրբեջանում։ Ես ինքս էլ ներգրավվելու եմ այդ աշխատանքային խմբում և փորձելու ենք մաքսիմում այնպիսի փաստաբանների խումբ ձևավորել, որոնք խնդիրներ չեն ունենա»։

Դեռ չեն հրապարակվում տեղեկություններ այն մասին, թե քանի ռազմագերու ընտանիք է դիմել Փաստաբանների պալատ՝ նախաձեռնությունից օգտվելու համար։

Կարդացեք նաև

Back to top button