
2020-ի մարտահրավերները՝ քովիդի համավարակն ու պատերազմը բուժաշխատողները կարողացան պատվով հաղթահարել: Լոռու մարզի առողջապահության ոլորտի շուրջ 50 աշխատողներ արժանացել են նվերների և շնորհակալագրերի՝ բուժաշխատողի օրվա առիթով: Մաղթանքը մեկն է՝ բուժաշխատողները պիտի արժևորված ու գնահատված լինեն միշտ։
Եիրտասարդ բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Հմայակ Սաքանյանն իր «սպիտակ» ծառայությունն անցնում է Լոռու մարզի Տաշիրի բուժկենտրոնում: Շենքային պայմանները հրապուրիչ չեն։ Երիտասարդ բժիշկն այստեղ պետական ծրագրով է՝ մայրաքաղաքում 5 տարի չաշխատելու պայմանով սովորել անվճար՝ մինչև օրդինատուրան: Մայրաքաղաք չէ, բայց Վանաձոր կվերադառնա: Բժիշկ-պացիենտ հարաբերության իր պատկերացումն ունի. ասում է՝ դրամն այդ հարաբերության մեջ պիտի դեր չունենա: Այցելուն չմտածի, որ գումարի պատճառով չի կարող բուժում ստանալ, բժիշկն էլ վատ չզգա այդ վիճակից: Համոզված է, որ լավագույն լուծումն առողջապահական ապահովագրությունն է:
Հմայակ Սաքանյան.«Շատ լավ կլիներ, որ բժշկի ու հիվանդի հարաբերությունների մեջ գումարային որևէ հարց չլիներ: Լիներ որևէ ապահովագրություն, որ մարդը չմտածեր գումարի մասին՝ առողջությունն ստուգելու կամ բուժման համար, բժիշկն էլ չմտածի, որ հիվանդը պետք է ինչ -որ գումար ծախսի դրա համար: Բժիշկն զբաղվի իր գործով: Դա երևի ամենալավ բանը կլինի մեր համակարգի համար»։
Քովիդի 2 ալիքների ծանր օրերին ընտանիքին շատ քիչ է տեսել: Գիշերը ցերեկ արած աշխատել, սպասարկել են 3՝ Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի քաղաքացիներին: Շատ էին հոգնում, բայց քաղաքացու առողջությունն առաջնային էր, -հիշում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Լոռի մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:
«Մենք 3 մարզի՝ Լոռու, Տավուշի, Շիրակի բոլոր աշխատանքները համակարգեցինք՝ գիշեր-ցերեկ՝ 24-ժամյա ռեժիմով: Բավական ծանր աշխատանք էր, ծանրաբեռնված աշխատում էինք: Ընտանիքը թողել էինք մի կողմ, միայն աշխատանքով էինք զբաղվում՝ գիշեր-ցերեկ: Գիշերը 4-ին, 5-ին 2 ժամ հանգստանում էինք, շարունակում էինք:
Լոռու մարզպետարանում Բուժաշխատողի օրվա առիթով հավաքված բուժոլորտի շուրջ 50 աշխատողներին հանձնվեցին նվերներ ու շնորհակալագրեր: Բուժաշխատողները պիտի արժևորված ու գնահատված լինեն մշտապես՝ բոլորի մաղթանքն է:
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը ևս պարգևատրվողներից է՝ 75 -ամյա հոբելյանի առիթով: Վաստակաշատ բուժաշխատողը կյանքի իր փիլիսոփայությունն է փոխանցում Հիպոկրատի նվիրյալ գործընկերներին՝ մաղթելով առողջություն, իմաստնություն և համբերություն:
Քովիդ 19-նն ու պատերազմը լուրջ մարտահրավերներ էին,-ասում է Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: Չնայած դրան՝ բուժաշխատողները պատվով դուրս եկան իրավիճակից: Բուժծառայությունների որակը շատ ավելի բարձր կլինի, եթե մարզի բոլոր բուժկենտրոններն ունենան բարվոք շենքային պայմաններ և նեղ մասնագետներ:
«Մենք ունենք նաև շենքային պայմանների բարելավման, մասնագետների համալրման կարիք տարածաշրջանային կենտրոններում, հատկապես՝ Տաշիրի բուժկենտրոնն աշխատում է շատ վատ շենքային պայմաններում, ունենք ներզատաբանների, նյարդաբանների խնդիր: Ստեփանավանի բուժկենտրոնը ևս նեղ մասնագիտական առումով տուժում է: Նաև թերապևտների կարիք ունենք, ինչ խոսք, ամբողջ հանրապետությունում կա մանկաբույժների կարիք»:
Շենքային վատ պայմանների, տեխնիկական հագեցվածության ու սարքավորումների պակասը թույլ չեն տալիս մեզ մոտիվացնել երիտասարդ բուժաշխատողներին, որ գան ու աշխատեն մարզերում,-շարունակում է Ռուզաննա Պողոսյանը: Հուսադրող է, թերևս, որ պետության ծրագրերում է Տաշիրում նոր բուժկենտրոնի կառուցումը:





