Հասարակություն

Գնալու ենք բոլոր ապօրինի շինությունների հետևից․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ և կրպակներ են կառուցել Երևանի տարածքում: 

Հայկ Մարությանի հայտարարությունը` ստորև․

«Դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում:

Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար:

Սրա վերաբերյալ հայտնում եմ.

ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը:

բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու:
Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է: Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից»:

Նախօրեին՝ հունիսի 24-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կատռույց է ապամոնտաժվել:

Կարդացեք նաև

Back to top button