ԿարևորՄշակույթ

«Հոգևորից պրոգրեսիվ». հրավիրում է Վահան Արծրունին

Հունիսի 26՝ 15։00․ Հանրային ռադիոյի լեգենդար կարմիր ստուդիայում Վահան Արծրունու համերգ-դասախոսությունն է Հանրային ռադիոն շարունակում է իր նոր՝ համերգ-դասախոսության յուրահատուկ շարքը։ Հերթական հանդիպումը հունիսի 26-ին է՝ ժամը 15։00-ին։ Ռադիոտան լեգենդար կարմիր ստուդիան այս անգամ հյուրընկալել է երգիչ-երգահան Վահան Արծրունուն։

Կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն․Արծրունու բազմաժանր ստեղծագործությունների «ներկապնակը»՝ մեկ հանդիպման շրջանակում։ Տոմսերը սահմանափակ են։ Ձեռք բերել կարելի է հենց Հանրային ռադիոյից։ Ինչպե՞ս են ծնվել բժիշկ Վահան Արծրունու երգերը, ի՞նչպես են մեկտեղվել երկու մասնագիտությունն ու նախասիրությունը՝ կպատմի Վահան Արծրունին անձամբ։

Նրա համար երաժշտական սահմաններ չկան։ Կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։ Այս տարին Վահան Արծրունու համար խորհրդանշական է․ բեմին է արդեն 35 տարի։

Մասնագիտությունն էլ երաժշտության նման բազմազան է։ Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու որոշումը վճռական էր․բժշկական համալսարանի օրդինատուրային զուգահեռ՝ ընդունվեց կոնսերվատորիա։ Այդ տարիները ճակատագրական եղան Արծրունու համար: Երաժշտությունը բժշկությունից գրավիչ գտնվեց։ Թեև  երբեմն նաև առաջին մասնագիտությունն է կանչում։

«Շատ-շատերը հիշեցին, որ ես բժիշկ եմ, երբ հրավիրվեցի նախ որպես բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, հետո ընտրվեցի որպես այդ խորհրդի նախագահ։

Սկսեցի զբաղվել կիթառ նվագելով։ Դպրոցական ռոք-խումբ ունեինք։ Հետո դա վերաճեց անհատական ստեղծագործության։ Մեկը  մյուսի հետևանքը դարձավ։ Շարունակվում էր և բժշկական համալսարանի ուսման տարիներին, և հետո՝ Կոնսերվատորիայի ուսման տարիներին»։

Ի՞նչն է կապում բժիշկ Վահան Արծրունուն երաժիշտ Վահան Արծրունու հետ։  Մասնագիտական առումով այդ ճանապարհները երբևիցե չեն խաչվել՝ նկատում է Արծրունին։ Բայց երաժշտությունն էլ հայտնի բժիշկ է։

«Ասում են՝ բուժում է։ Ավելի շատ այստեղ երաժշտության բովանդակային և հոգևոր  կողմն է, որն, իհարկե, ազդում է յուրաքանչյուր մարդու ներաշխարհի վրա և նույնիսկ աշխարհայացք է փոխում։  Այդ առումով, իհարկե, շատ մոտ է բժշկությանը, ամոքում է հոգին»։

Բազմազանությունը նախասիրություն է։ Երգարվեստին զուգահեռ՝ նաև թատրոն, կինո, մուլտիպլիկացիոն ֆիլմեր և կերպարվեստ։   

«ժանրերի մեջ ներկայացնում եմ ամենատարբեր երաժշտական լուծումներ»։

Լսարանն էլ իր ստեղծագործության նման բազմազան է։

«Իմ լսարանը ձևավորվել է 35 տարիների ընթացքում…»:

Երաժշտական ողջ գունապնակը՝ մեկ միջոցառման շրջանակում։ Բազմաոճ ստեղծագործությունները՝ մեկ վայրում։  Ամենալսելին ու ամենաուշագրավը Վահան Արծրունին կներկայացնի անձամբ Հանրային ռադիոյի նոր նախագծի շրջանակում՝ համերգ-դասախոսության ձևաչափում` հոգևոր-պրոգրեսիվ խորագրով։  

«Ոչ համերգային է, ոչ դասախոսություն։ Հնարավորություն է տալիս ներկայացնելու յուրաքանչյուր ստեղծագործությունը։  Ընդհանրապես բոլոր համերգներն այս տարվա ընթացքում այդ համատեքստում են, որովհետև ես սիրում եմ փուլային միջոցառումներ, որոնք ընդգծում են և մի տեսակ ջրբաժան են դառնում անցած ճանապարհի և նոր պրոեկտների միջև»։

Հունիսի 26, ժամը՝ 15։00։ Հանդիպման վայրը՝ Հանրային ռադիոյի 6-րդ լեգենդար կարմիր ստուդիա։ Հանդիպման ձեւաչափը՝ յուրահատուկ։ Հրավիրում է Վահան Արծրունին։ Տոմսերը սահմանափակ են։ Ձեռք բերեք հենց Հանրային ռադիոյից։

Կարդացեք նաև

Back to top button