ԿարևորՀասարակություն

Բուհերի կառավարման խորհուրդների ձևավորումը՝ կասեցված․ ՍԴ-ն դեռ կորոշի

Սահմանադրական դատարանը կասեցրել է Կառավարության այն  որոշման գործողությունը, որը  վերաբերում է 3 բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Գյումրու պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման կարգին։ Մայիսի 4-ին  կատարված փոփոխությամբ  նվազեցվել էր խորհուրդների անդամների թիվը, մեծացվել դրանցում կառավարությունը ներկայացնող անդամների թիվը։

Որոշման սահմանադրականությունը վիճարկել էր Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը կարծում էր, որ որոշումը  խնդրահարույց է և հակասում է Սահմանադրության 38-րդ՝ բուհերի ինքնավարությանը վերաբերող հոդվածին։ Կառավարության որոշումը վիճահարույց էին համարել  նաև ԵՊՀ–ում։

Մայիսի 13-ին ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, գրություն էր ուղարկել ԵՊՀ՝ կառավարության նոր որոշման հիման վրա հոգաբարձուների խորհրդի համալսարանական ներկայացուցիչների ընտրությունը կազմակերպելու և նախարարություն ներկայացնելու պահանջով։ ԵՊՀ գիտխորհրդի քարտուղար Լևոն Հովսեփյանը դեռ մայիսի 24-ին «Ռադիոլուրին» հայտնել էր․

ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար Լևոն Հովսեփյան

«Բնականաբար, գիտական խորհուրդը միասնական գտնվեց և անընդունելի համարելով այս գործընթացը՝ չէր կարող անդամներ ներկայացնել։ Առաջադրումներ, թեկնածուներ չեղան, ընտրություն տեղի չունեցավ, և արդյունքում՝ հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ համալսարանը չի առաջադրի»

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը բուհի նամակին ի պատասխան հայտնել էր, որ քայլ չեն ձեռնարկի, քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել։ Այս պահին էլ նախարարության դիրքորոշումը նույնն է՝ կսպասեն ՍԴ–ի որոշմանը։

«Նախարարությունը կսպասի քննության ավարտին, քանի որ որոշումը կասեցվել է, որևէ գործողություն այս որոշումից բխող չենք կարող անել․ կսպասենք վերջնական որոշմանը»,– ասում է Լուսինե Գրիգորյանը։

ԿԳՄՍ նախարարություն բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյան

ՍԴ–ն որոշման գործողությունը կասեցրել է ժամանակավորապես՝ բացատրում է սահմանադրագետ Անահիտ Մանասյանը։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը նախատեսում է, որ գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը կարող է դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև քննության ավարտը կասեցնել այն իրավական ակտի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է։ Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ ՍԴ–ն սովորաբար կասեցման որոշում է կայացնում, եթե  կարծում է, որ հակառակն անդառնալի հետևանքներ կունենա։

«Իրավական ակտի կասեցումը նշանակում է ոչ թե ընդհանրապես իրավական ակտի գործողության դադարեցում, այլ գործողության ժամանակավոր դադարեցում, հետևաբար ակտը չի գործում ժամանակավորապես մինչև գործի դատաքննության ավարտը։

«Այն դրույթները, համաձայն որոնց պետք է իրականացվեր խորհուրդների ձևավորումը, կասեցված են, հետևաբար նոր խորհուրդներ ձևավորելու գործիքակազմ այս պահին, ըստ էության, գոյություն չունի»,– պարզաբանում է սահմանադրագետն ու ավելացնում՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանվում է, որ որոշումը  պետք է կայացվի դիմումի մուտքագրումից ոչ ուշ,  քան 9 ամիս հետո։

Կարդացեք նաև

Back to top button