
Լրացված իրականության հարթակ, բարձր գաղտնիության ֆայլերը գաղտնագրող ծրագիր կամ կրծքագեղձի քաղցկեղի նախնական հայտնաբերման տեխնոլոգիա․ սրանք ստարտափներ են, որոնք ներկայացվել, քննարկվել ու կյանքի են կոչվել Հայաստանում։
Ամռան 7 օրերին Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից նոր գաղափարներով ստարտափերներ հավաքվում էին Սևանի ափին, ներկայացնում իրենց գաղափարները, գտնում ներդրողներ ու խորհուրդներ՝ իրենց ծրագիրն ու հայկական ստարտափը ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։
2016-ից ամեն տարի իրականացվող վրանային միջոցառումը՝ Sevan Startup Summit–ը, այս տարի տեղի չի ունենա՝ հայտնում են միջոցառման կազմակերպիչները և մանրամասնում․ «Մոտ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում պետության համապատասխան գերատեսչությունները նպատակահարմար չեն համարում բոլորիդ հայտնի սամիթի տարածքը մեզ տրամադրել միջոցառումը կազմակերպելու համար»։
4 տարի սամիթը կազմակերպվել է Նորաշենի արգելավայրի տարածքում։ 2016-19 թվականներին լուրջ աշխատանքներ են իրականացրել՝ տարածքը հարմարեցրել են միջոցառման կոնցեպտին, իսկ միջոցառման որոշ բաղադրիչներ՝ տարածքին։ Բայց շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի թույլ չի տվել միջոցառումն իրականացնել նույն վայրում՝ որպես այլընտրանք առաջարկելով Սևանի այլ հատված՝ արգելոցից հեռու։
«Նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքները, ինչից կազմակերպիչները հրաժարվել են և մեկ այլ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են այն կազմակերպել «Սևան» Ազգային Պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում»– պատասխան հայտարարությամբ պարզաբանում է շրջակա միջավայրի նախարարությունը։
Հանդիպման վայրը փոխել չի կարելի
Միջոցառման կազմակերպիչները նախարարության առաջարկն անիրատեսական են համարում։ Նշում են՝ Սևանի ափի այլ հատվածը սամիթի պահանջներին համապատասխանեցնելը ֆինանսական մեծ ռեսուրսներ ու հսկայական ժամանակ է պահանջում։
Ավանդական դարձած վայրում՝ Նորաշենում միջոցառում կազմակերպելուն այս անգամ խանգարում է հայկական որորը։ «Սևան» ազգային պարկի տարածքում այս թռչնատեսակը հիմնականում ձվադրում է հենց Նորաշենի արգելավայրում և դրան հարակից կղզյակներում։ Նախորդ երկու տարիներին մարդկային հոսքի նվազումը թռչուններին թույլ է տվել ընդլայնել ձվադրման տարածքները։ Թե հայկական որորին ինչով է սպառնում հայկական ստարտափը, կարդում ենք նախարարության հայտարարությունում։
««Sevan Startup Summit 2021»-ի երկար տևողությամբ բազմահազարանոց միջոցառումը կիմասատազրկի արգելոցի և արգելավայրի պահպանությունը, ամբողջովին կխաթարի ոչ միայն այնտեղ բնադրող և բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլև կվտանգի հայկական որորի պոպուլյացիան»։
Կազմակերպիչները ծանոթ են խնդրին, գիտեն, որ միջոցառման անցկացումն այդ վայրում հակասում է արգելոցի կանոնադրությանն ու նորմերին։ 2018–ից փորձում են լուծել խնդիրը․ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, տարբերակներ են փնտրել , քննարկել, բայց այլ հարմար տարածք չեն գտել։ Եղել է նաև առաջարկ, որը չէր խանգարի ոչ միջոցառման կազմակերպմանը, ոչ էլ որորների բնականոն կյանքին։ Այն է՝ փոխել արգելոցի այն հատվածի կարգավիճակը, որտեղ իրականացվում է միջոցառումը , այն հանձնել կազմակերպիչների հավատարմագրային կառավարմանը և նրանց վստահել նաև հայկական որորի ճակատագիրը ։
Առաջարկն ընթացք չի ստացել, Sevan Startup Summit 2021–ի մեկնարկից մեկ ամիս առաջ հայտնի է դարձել, որ այն տեղի չի ունենա։
«Կհանդիպենք սամիթում՝ ինչ–որ տեղ մոլորակի վրա». խոստանում են կազմակերպիչները և տեղեկացնում, որ դիտարկում են միջոցառումը Հայաստանից դուրս՝ որևէ ծովափնյա վայրում կազմակերպելու հնարավորությունը։





