
Հայաստանի ամենամեծ կինոդահլիճն այլևս չունի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակ։ Այն ավելի քան 7,5 մետր երկարությամբ, 1,20 մետր լայնությամբ, քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխանող շինարարարկան կառուցվածք էր․ «Ռադիոլուր»-ին հայտնում է Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը։ Կինոյի տան մուտքի առջև՝ հրապարակում, նախատեսվում է կառուցել աստղային պուրակ՝ Գուրգեն Ջանիբեկյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի և հայ կինոյի մյուս մեծերի գործը հավերժացնելու, նաև ապագա կինոթանգարանի՝ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային, զբոսաշրջային միջավայր» մշակութային հանգույցի մուտքը կահավորելու համար, այս մասին միությունից նախապես զգուշացրել են թեքահարթակը քանդած անձանց։
«Հակառակ կողմը մեկ օր առաջ եղել է միության նախագահի մոտ։ Ասել են, որ ուզում են սրճարանի համար աստիճաններ կառուցել, մենք ասել ենք, որ այդտեղ պուրակ պետք է լինի, հիմա նախագծում ենք, և հետո այդ թեքահարթակը հնարավոր չէ քանդել։ Ազնվության համար ասեմ, որ առաջարկել ենք, եթե նախագծի մեջ լինի բացօթյա սրճարան, կասենք, որ նրանք մատուցեն այդ ծառայությունը, բայց նրանք մեկ օր հետո, առանց մեզ զգուշացնելու քանդեցին թեքահարթակը՝ ոչնչացնելով միության գույքը, և մեզ մոտ 2 միլիոն դրամի վնաս են պատճառել»,-ասում է Արայիկ Մանուկյանը։
«Ռադիոլուր»-ը փորձեց կապ հաստատել տարածքի տերերի հետ, իրար կողքի՝ դեռ վերանորոգման փուլում տարածքներից մեկը փակ էր, մյուսի տնօրեն Արմեն Մովսիսյանն ասաց, որ իր տարածքը փողոցին մոտ չէ, աստիճանի և նոր թեքահարթակի կառուցումից էլ տեղյակ չէ․
«Այդ հատվածում կոմերցիոն 3 տարածք կա, իմը ձախակողմյանն է, իսկ աստիճանները աջակողմյան՝ փողոցի հատվածից են, ես հիմա Ձեր ասելով եմ իմանում այս մասին, տարածքը նոր եմ գնել, միության նախագահի հետ էլ զրույց չեմ ունեցել»,-նշում է Արմեն Մովսիսյանը։
Մյուս տարածքների սեփականատերերի հետ կապ հաստատել չստացվեց։ Կինեմատոգրաֆիստների միությունից էլ փոխանցեցին, որ նրանց ևս չի հաջողվում այս պահին երկխոսել։ Կինեմատոգրաֆիսնտերի միությունում էին այսօր Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները, որոնք, ինչպես և Ոստիկանությունը, արձագանքել են միության խնդրին․
«Մեզ մոտ քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն էին, նրանք շաբաթ օրով արձագանքեցին մեզ, եկան, նույնը և Ոստիկանությունը։ Հարուցվել է քրեական գործ, սրճարանատերերին տուգանեցին թեքահարթակը քանդելուց հետո, բայց նրանք հաջորդ օրը առանց մեզ զգուշացնելու մեզ համար իբր նոր թեքահարթակ են կառուցել հենց աստիճանների վրա, որը անօգտագործելի է, եթե մի կողմ թողնենք բարոյական կողմը, որ դա հաշմանդամների համար մուտք էր կինոդահլիճ, սա նաև մեզ երկրորդ գույքի վնաս է, առաջինը՝ թեքահարթակը, երկրորդը աստիճանները»,-ասում է Արայիկ Մանուկյանը։
Արայիկ Մանուկյանի խոսքով՝ դեռ 2 ամիս առաջ ճարտարապետաշինարարական ինստիտուտի ուսանողները սկսել են նախագծել աստղային պուրակը, որի կառուցումը հետաձգվել է նախ կորոնավիրուսի, հետո՝ պատերազմի պատճառով։
Գործը քննվում է, հարցազրույցից հետո Կինեմատոգրաֆիսնտերի միությունում էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուիցչները՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումն արձանագրելու և գործին մանրամասն ծանոթանալու համար։






