
Նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում լրագրողների նկատմամբ բռնությունները և նրանց աշխատանքը խոչընդոտելու դեպքերը պետք է ավելի խիստ պատժվեն, եթե հաշվի առնենք տեղեկատվության և լրագրողների դերը ընտրական գործընթացում․ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի դիտարկումն է։ Նախօրեին այս կառույցը գործընկեր կազմակերպությունների հետ հայտարարություն է տարածել, որում իրավապահ մարմիններից պահանջում են ուսումնասիրել հունիսի 20-ին՝ ընտրությունների օրը գրանցված միջադեպերը։
«Ցանկացած պարագայում, երբ ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ ոտնձգություն ենք տեսնում, դա սպառնալիք է խոսքի ազատությանը և տեղեկատվածության իրավունքին։ Անկախ նրանից՝ դեպքերը շատ են, թե քիչ, մենք իրավապահ մարմիններից պահանջում ենք ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել բոլոր միջադեպերը և իրավական գնահատական տալ»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Հունիսի 20-ի ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտման 4 դեպք։ Ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումներով․ արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք․ նշված է տարածված հայտարարության մեջ։ Աշոտ Մելիքյանն ասում է՝ ի տարբերություն 2017թ, այս ընտրությունների ժամանակ գրանցված միջադեպերի քանակն ավելի քիչ է, բայց ավելի շատ է, քան 2018թ խորհրդարանական ընտրությունների ժամանակ.
«Նախընտրական շրջանում մենք արձանագրել ենք 2 բռնության դեպք և 5 ճնշումների դեպք, եթե սա համեմատենք 2018թ խորհրդարանական ընտրությունների հետ ապա իրավիճակը ավելի վատացել է, որովհետև 2018թ չունեինք ֆիզիկական բռնության դեպք և ընդամենը 3 խոչընդոտման դեպք, որոնք հենց տեղում հարթվել էին։ Իսկ եթե համեմատենք 2017թ ընտրությունների հետ, ապա այստեղ տարբերությունն ակնհայտ է․այդ տարի ունեինք 5 ֆիզիկական բռնության դեպք և 14 այլ տեսակի ճնշումների դեպք»,– ասում է Մելիքյանը։
Պատկերն ամբողջացնելու համար կարևոր են նաև նախընտրական և հետընտրական զարգացումները՝ նկատում են մամուլի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները, քանի որ հունիսի 20-ի ընտրությունները մեծ մասամբ աչքի ընկան հենց նախընտրական բուռն զարգացումներով։ Աշոտ Մելիքյանն ասում է՝ կային լրատվամիջոցներ, որոնք նախընտրական փուլում ընկալվում էին որպես հակառակ ճամբարի քաղաքական ուժի մաս, և արդյունքում նրանց նկատմամբ անհանդուրժողականություն էր դրսևորվում։
«Եթե դիտարկենք բուն ընտրությունների օրը, ապա գրանցված խոչընդոտումները էական նշանակություն, ազդեցություն չունեցան ընդհանուր լուսաբանման վրա, չնայած ցավոք որոշ միջադեպեր եղան»,– ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Մասնավորապես, ընտրատեղամասերից մեկում մի քանի լրատվամիջոցների օպերատորներին հունիսի 20-ին արգելել են նկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ի հավատարմագրման վկայականի հետ պարտադիր է անձնագրի առկայությունը։ Այս պահանջը հակասում էր Ընտրական օրենսգրքի 32 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, որոնց հղում կատարելով՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հաջողվել է խնդիրը հարթել։
Ընտրատեղամասերից մեկի բակում էլ սահմանափակվել է լրագրողի աշխատանքը․ նրան արգելել են նկարահանել արկղի մեջ լցված քվեաթերթիկները, իսկ Երևանի 9/21 ընտրատեղամասում վստահված անձինք վիրավորական, ագրեսիվ պահվածք են դրսևորել լրատվական կայքի լրագրողի նկատմամբ, խանգարել են նրան աշխատել:
Չնայած գրանցված խախտումներին՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ քվեարկության օրը բավականին հանգիստ, նորմալ իրավիճակ է եղել, չկային լուրջ խոչընդոտումներ, որոնք կխաթարեին լրագրողների գործունեությունը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը որոշակի վերապահումներ ունի լռության և քվեարկության օրերին լրագրողների գործունեության մասով.
«Լռության օրը և բուն քվեարկության օրը օրենսդրական սահմանափակումների խախտումներ կային զանգվածային կերպով։ Չենք կարող ասել, որ խնդիրը միայն քաղաքական գործիչների մեջ էր․հաճախ լրատվամիջոցների ներկայացուցիչները այնպիսի հարցեր էին տալիս, որոնք, այսպես ասած, խրախուսում էին լռության օրվա սահմանափակումների խախտմանը»։
Աշոտ Մելիքյանը կարևորում է, որ հատկապես հետընտրական փուլում իշխանությունը, ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչները լինեն զուսպ ու հանդուրժող, քանի որ, ըստ Մելիքյանի, տեղեկատվական դաշտում լայն տարածված ատելության խոսքը աղետալի վիճակ է ստեղծել:






