ԿարևորՀասարակություն

Խաղաղության մաղթանքով, բայց մարտական․ մեկնարկել է ամառային զորակոչը

Ծառայության առաջին օրը դեռ քաղաքացիական հագուստով, սակայն արդեն ծառայության մասին մտքերով Ամատունին՝ Գավառից, Ղազարը՝ Նորակերտից, Արամը՝ Մարտունուց սպասում են վիճակահանության իրենց հերթին։ Արամ Սամսոնյանը Մարտունու շրջանի Լիճք գյուղից է։ Ավարտել է պոլիտեխնիկական համալսարանը։ Պատերազմից հետո ծառայության հետ կապված մտահոգություններ չունի, բարեմաղթանքների պակաս ևս վերջին օրերին չի եղել։

«Բոլորը նույն բանն էին ասում՝ բարի ծառայություն, բարի վերադարձ։ Մեր պարտքն է, եթե չծառայենք, ուրիշ ոչ մեկը դա մեր փոխարեն չի անի։ Տան օրինակով ասեմ․ եթե տանը ինչ-որ խնդիր լինի, հարևանը չի գա մեզ պաշտպանի կամ ինչ-որ բան անի։ Եթե մեր հայրենիքն է, մենք պիտի ծառայենք, պաշտպանենք»,- ասում է Արամը։

Ծառայելու և պաշտպանելու անհրաժեշտությունը հատկապես մեծացել է Արցախյան պատերազմից հետո։ Հայ-ադրբեջանական սահմանը երկարել է մոտ 450 կմ-ով։ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի խոսքով՝ պատերազմից հետո նոր բնագծերում կահավորման աշխատանքները մեկնարկել և շարունակվում են, սակայն ամբողջական կահավորման համար ժամանակ է անհրաժեշտ։

«Աշխատանքները տարվել են և տարվում են։ Դուք ուղղակի պետք է ընկալեք հետևյալը՝ մեր նախկին շփման գիծը 25–30 տարի կահավորել ենք։ Երբ մեկնում ենք առաջնագիծ, տեսնում ենք կատարված աշխատանքը։ Ցանկությունը՝ վեց ամսվա կամ մեկ տարվա ընթացքում հասցնել այն մակարդակի, որը նախկինում եղել է 30 տարվա մեջ, ֆիզիկապես իրատեսական չէ։ Մեծ ծավալի աշխատանքներ տարվել և տարվում են»,- նշում է Դավթյանը։ 

Մեծ ծավալի աշխատանքներ տարվելու են ոչ միայն առաջնագծի կահավորման , այլև բանակի վերականգնման համար։ Բանակ գնալ պատրաստվող Ամատունի Սիրականյանն ասում է՝ իր ծառայությունն այդ գործի մասն է կազմելու։

«Առհասարակ մարտական ենք տրամադրված, պատերազմից հետո ենք հենց մարտական տրամադրվել։ Ամենակարևոր մաղթանքը մեր համար այն է եղել, որ երկրին խաղաղություն լինի, իսկ մեզ՝ բարի ծառայություն»,- ասում է Սիրականյանը։

Պատերազմից հետո խաղաղության մաղթանքն ամենաշատն է լսել նաև նորակերտցի Ղազար Միրզոյանը, բայց հնարավոր պատերազմին նույնպես պատրաստ է։

«Եթե աստված չանի, պատերազմ սկսվեց, հաստատ մեր ընկած տղերքի, ընկած ախպերների վրեժը պետք է լուծենք։ Ուրիշ ձև չկա»,- կարծում է շարքային Միրզոյանը։

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի խոսքով՝ պատերազմից հետո բանակում բարեփոխումների և մարտունակության վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Պատերազմի փորձն ուսումնասիրվում է զինված ուժերում, մասնավորապես, մարտական պատրաստության մեջ փոփոխություններ անելու համար։ Մինչ այդ՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրը, հայրենիքի պաշտպաներին մեկ ուղերձ ունի։

«Նորակոչիկներին ուղերձը մեկն է՝ ինչ քանակով, որ մեկնում են զինված ուժեր ծառայության, նույն քանակով վերադառնան իրենց ընտանիքներ։  Դա ամենամեծ ցանկությունն է, իսկ մնացածը՝ նոր մասնագիտություն, նոր ընկերներ, նոր հայացքներ ձեռք բերելը բանակում արդեն յուրաքանչյուրից է կախված։ Միայն դրականն եմ ցանկանում, որ այդ ամենը ունենան իրենք»,- ասում է Դավթյանը։ 

Լիճք, Նորակերտ ու Գավառ․ տղաների բնակավայրերը տարբեր են, տարբեր են նաև ուղղությունները, որտեղ ծառայության կանցնեն։ Նախընտրելի ուղղություն չունեն, պատրաստ են ծառայել ցանկացած դիրքում, ուր զինվորի ներկայության կարիք կա։

«Չէ, տարբերություն չկա, իմ երկին ա, որտեղ էլ ծառայեմ իմ ընտանիքի, իմ ընկերների համար եմ ծառայելու»,- նշում է Միրզոյանը։     

Վիճակահանության վերջում զինվորներն իմանում են, թե որտեղ են ծառայելու։ Զորամասերի թվերն ու ծառայության վայրերը տարբեր են, սակայն նույնն է նպատակը՝ զինված ուժերի համալրում և հայրենիքի պաշտպանություն։ Մինչ այդ պատասխանատու գործին անցնելն ու զորամասեր հասնելը վստահեցնում են՝ պատրաստ են ոչ միայն զենք բռնել, այլև անհրաժեշտության դեպքում այն կիրառել։

Կարդացեք նաև

Back to top button