ԿարևորՔաղաքական

Ո՞վ կընդունի Փաշինյանի համախմբման առաջարկը. ձեռք սեղմողներ արդեն կան

Թեժ ու լարված քարոզարշավից հետո Հայաստանում փորձ է արվում համերաշխության մթնոլորտ ձևավորել։ «Համախմբման ձեռքը» առաջինը մեկնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե պատրաստ է սկսել անձամբ:  

Խոսքը քաղաքական դաշտում հայհոյախոսությունից հրաժարվելու պատրաստակամության մասին է: Հնչած առաջարկին արդեն արձագանքեր կան՝ և՛ դրական, և՛ քննադատական։ Քաղաքական կոնսուլտացիաները՝ համախմբման շուրջ, արդեն սկսվել են:  

«Համախմբման ձեռքը», որը Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո պարզում է  ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերին, խորհրդարանում, կարծես, մնալու է օդում՝ չսեղմված: Հայհոյախոսություններին վերջ տալու, գողացվածը վերադարձնելու և միասին երկիր կառուցելու առաջարկով այսօրվանից նա սկսում է քաղաքական բանակցություններ այն ուժերի հետ, որոնք պատրաստ են համագործակցության:

Այս ամենը, սակայն, չի նշանակում նահանջ խոստումներից՝ հիշեցնում է՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն արդեն կիրառության մեջ է․

«Մեր ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում մարդիկ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ կարող են բանակցել պետության հետ՝ գողացվածը ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ։ Այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասցնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել։

Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակցություններ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ–տնտեսական օրակարգի սպասարկմանը։ Քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն»։

Առաջիններից մեկը վարչապետի պաշտոնակատարի առաջարկին արձագանքեց խորհրդարան անցած և ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն ձևավորելու հնարավորություն ստացած «Հայաստան» դաշինքը։ Դրա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը չի վստահում առաջարկի անկեղծությանը.

«Դուք իրո՞ք նկատել եք հաշտության ձեռք, ես չեմ նկատել։ Այս իշխանությունն այնքան է ստել, որ այս իշխանությանն ուղղակի հավատալ  հնարավոր չէ։ Սա ոճ է դիտորդներին, ինչ -որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար՝ ավելի շատ «դրսի» աշխարհին։  Եթե իրենք իսկապես նման տրամադրություններ ունեն, ապա առնվազն պետք է մի 6 ամիս իրենց պահեն հենց այդ ոճով, որ գոնե մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է։ Եթե իրենք իսկապես այդպես են ուզում, իրենք կոնկրետ գործերով, կոնկրետ քայլերով պետք է ցույց տան, որ իրենց մտադրությունը սա է։ Իրենց կոչերն ունեն զրոյական արժեք»։

«Հայաստան» դաշինքը մտադիր է շարունակել ակտիվ պայքարը։ Այժմ ռազմավարությունն է մշակվում՝ և՛ խորհրդարանի ներսում, և՛ դրսում գործելու համար: Խորհրդարանական լծակները լրացուցիչ հնարավորություն կարող են տալ, -ասում է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ համոզված, որ դրանց միջոցով կբացահայտեն իշխանության կոռուպցիոն գործարքները։ Ինքն անձամբ կվերցնի՞ պատգամավորի մանդատը, թե՞ ոչ, Քոչարյանը դեռ չի որոշել։ Օրենսդրական ոլորտն նրան շատ չի գրավում։

Օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու և վարչապետ դառնալու հարցը: 

Ասում է․ «Անկասկած, բու ուրիշ ինչ նպատակով ենք մտնելու խորհրդարան։ Նպատակը, այո, ամբողջական հաղթանակն է, մենք վերցրել ենք առաջին խրամատները, և այդ խրամատներում պետք է ամրանանք և ապահովենք ամբողջական հաղթանակը։ Դուք կարծում եք ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան։ Ոչ։ Ես գործադիրի մարդ եմ, ինձ օրենսդիրում լավ չեմ պատկերացնում։ Մեր թիմում տարբեր կարծիքներ կան։ Մի մասը պնդում են և համարում են, որ ճիշտ է, որ ես լինեմ խորհրդարանում և խորհրդարանի հնարավորություններն ու ամբիոնը օգտագործեմ քաղաքական պայքարի համար, մյուս մասը համարում է, որ չարժե։ Ես անձնապես այդպիսի ցանկություն չունեմ, ավելի հակված եմ դա չանելու, բայց վերջնական որոշում դեռ չունենք։ Պետք է շատ սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի այդ որոշումը ես կայացնեմ»։

Մինչև Նիկոլ Փաշինյանը համերաշխության ձեռք է մեկնում, «Հայաստան» դաշինքը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրության արդյունքները։ Դաշինքից Վահե Հակոբյանը ենթադրում է, որ վաղը արդեն կունենան խախտումների ամբողջական ցանկը, որով դիմելու են Սահմանադրական դատարան։

«Մենք հրավիրել ենք մեր բոլոր շտաբերի և ենթաշտաբերի ղեկավարներին, որոնք հավաքագրել են այդ խախտումների ցանկը, որպեսզի ամփոփենք, այդտեղից գեներացնենք անհրաժեշտը՝ ինչով կարող ենք դիմել ՍԴ և դրանից հետո կկայացնենք որոշում։ Քանի որ ամեն վայրկյան, ամեն ժամ մենք ստանում ենք տեղեկություններ տարաբնույթ խախտումների վերաբերյալ, մենք դեռ չենք ամփոփել և չենք ընդհանրացրել այդ ամեն ինչը»։

Խորհրդարան անցած երրորդ ուժը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, նույնպես թերահավատորեն է վերաբերվում իշխող ուժի համագործակցության կոչին։ Հիշեցնում են՝ հենց այսօր նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ է նետվել։ Այս դաշինքում ընտրությունները որակում են «խայտառակ», որով ոչ միայն չեն լուծվել եղած խնդիրները, այլ նորերն են ստեղծվել: Նաև վստահ են, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի իր սխալներն ու բացթողումները։ Որոշել են, որ պայքարը շարունակվելու է:

Ձևավորվող խորհրդարանից դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան»–ն ու «Լուսավոր Հայաստան»–ը հարգում են ժողովրդի որոշումը, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունում կարծում են, որ ընտրությունների արդյունքները արտահայտում են ժողովրդի վախերն ու ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, և դա ընդունում են ի գիտություն։

Վարչապետի պաշտոնակատարի առաջարկած «համախմբման ձեռքն» ընդունողներ թերևս կլինեն։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյան՝ քաղաքական գործիչների առաջին եռյակն է. կառավարության շենքում առանձին-առանձին այսօր հանդիպել են Նիկոլ Փաշինյանին և ներկայացրել են իրենց ծրագրերը.  

Նիկոլ Փաշինյան․ «Համոզված եմ, որ կան բազմաթիվ լավ գաղափարներ, մտքեր, հնարավորություններ, որ անհրաժեշտ է ձև գտնել աղմուկից  ռացիոնալը դուրս բերելու համար»։

Նորայր Նորիկյան․« Ես մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել դատաիրավական համակարգը, հիմա էլ գտնում եմ, որ այն մեր պետության և մեր հասարակության «աքիլլեսյան գարշապարն» է։ Հիմա առավել ևս համոզված եմ, որ մեր սերնդի պարտքն է ուղղակիորեն այդ ոչ ֆորմալ բարքերը արմատախիլ անել այդ ոլորտից և իսկապես, պատասխանատու, անաչառ և ազնիվ դատական համակարգ կառուցել»։

Արամ Սարգսյան․ «Մեզ համար գերկարևոր է ՀՀ անկախությունը։ Այդ անկախության գիծը անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով։ Այս համարում ենք շատ կարևոր և գտնում ենք, որ դրանով թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող գործիչներին ահագին օգնած կլինենք։ Նաև տնտեսական դաշտում են առաջարկները, սիրով կներկայացնենք կառավարությանը։ Փորձենք հետամուտ լինենք, որ դրանք տեղ հասնեն ու իրականություն դառնան, իսկ եթե մերժվում են՝ հիմնավոր մերժվեն»։

Լևոն Շիրինյան․ «Տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ, մենք այստեղ որևէ խնդիր չունենք։ Կլինենք կառավարության կողքին»։

Համախմբման կոչին, որն ուղղված էր նաև հոգևոր դասին, այսօր արձագանքել է Մայր Աթոռը։ Ողջունելի է համարում վարչապետի պաշտոնակատարի՝ հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը, համերաշխության, միաբանության, համազգային ողջ ներուժի համախմբման կոչն ու կարևորել է քաղաքական դաշտում հայհոյախոսությանը և ատելության խոսքին վերջ տալու անհրաժեշտությունը։

Կարդացեք նաև

Back to top button