
Քանի՞ դիտորդ է հետևում Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ո՞ր կազմակերպություններից․ 2017, 2018թվականների համեմատ 2021-ի այս ընտրություններում դիտորդների թիվը նվազել է։
2021 թվականի հունիսի 20–ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ անվտանգության ծայրաստիճան լարված ու արտակարգ իրադրության պայմաններում և քովիդի տարածման բարձր ռիսկերով։ Նման աննախադեպ իրավիճակում Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին հետեւում են 8 օտարերկրյա, միջազգային ու հասարակական կազմակերպությունների 483 դիտորդներ։
ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված է ցանկը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ՌԴ հանրային պալատ, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն։ Պատկերը՝ ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի․
«Ընտրություններին մասնակցում է միջազգային 8 եւ տեղական 19 կազմակերպություն։ Ազատ այցելուի կարգավիճակով քվերակությանը հետեւելու իրավունք է ստացել 61 օտարերկրյա քաղաքացի։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են 68 ԶԼՄ–ների 745 ներկայացուցիչներ եւ 49 օտարերկրյա ԶԼՄ–ների մոտ 135 ներկայացուցիչներ։ Գիտեք, որ տեղամասերում տեսախցիկներ են տեղադրված։ 1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի, ինչպես նաեւ հետագայում քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի ուղիղ հեռարձակում»։
Ո՞րն է այս խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը։ ԿԸՀ պաշտոնական կայքի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 9–ին եւս ութ միջազգային եւ օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ են հետեւել ընտրություններին։ Այսօրվա ցանկից 3 տարի առաջ չեն եղել ՌԴ հանրային պալատի, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդները։ Փոխարենը 2018 –ին ներկա են գտնվել ՍԻԼԲԱ (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցության) ու Ի ԷՆ Ի Էմ Օ (ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի) դիտորդները։ 2017 թվականի ապրիլի 2–ի ընտրություններին միջազգային դիտորդ կազմակերպությունների թիվը 6–ն էր։
Տարօրինակ է, բայց քովիդի պայմաններում միջազգային դիտորդ կազմակերպությունների թիվը 2018 թվականի համեմատ նույնն է, իսկ 2017-ի համեմատ դեռ երկուսով ավելի է։ Այլ է պատկերը տեղական դիտորդների և դիտորդական կազմակերպությունների դեպքում, նրանց թվի զգալի կրճատում է արձանագրվում այսօր։ Եթե 2017 թվականին տեղական դիտորդների ընդհանուր թիվը 28021 էր՝ 49 դիտորդական կազմակերպություններից, 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին տեղական դիտորդական կազմակերպությունները 22–ն էին՝ 17813 դիտորդներով։ Այսօր 19 տեղական կազմակերպություն է հետեւում ընտրություններին, ընդհանուր առմամբ՝ 8749 դիտորդներով․ նախորդ ընտրությունների համեմատ կրկնակի կրճատված պատկեր ունենք։
Ինչո՞վ է պայմանավորված դիտորդների թվի զգալի կրճատումը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան․
«Դա կանխատեսելի էր, քանի որ սեղմ ժամկետներում կազմակերպվեցին ընտրությունները, եւ դիտորդ կազամկերպությունները չկարողացան դիտորդների թվաքանակ ապահովել։ Ռեսուրսներ էին անհրաժեշտ եւ չեն հասցրել ձեռք բերել։ Միջազգային դիտորդները ևս քիչ են, քան նախորդ ընտրություններին»։
Բորիս Նավասարդյանը կարծում է, որ դիտորդների սակավությունը կազդի ընտրությունների ընթացքի ու արդյունքների վրա։ Ասում է, որ քիչ դիտորդների պարագայում հսկողությունը ընտրական գործընթացների վրա թույլ կլինի։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի կարծիքով՝ այս դիտորդական առաքելությունը աննախադեպ է, որովհետև քովիդի բռնկումից հետո առաջին մշտադիտարկումն է, որին մասնակցում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի կարճաժամկետ դիտորդները։ Նրանց թիվը հասնում է 200–ի։ Առաջին խումբը ժամանել է 4 շաբաթ առաջ՝ երկարաժամկետ մանդատով։ Նրանք մշտադիտարկում են իրականացնում 10 մարզերում, արդյունքները կամփոփվեն վաղը:




