
44–օրյա պատերազմի հերոս Գևորգ Կուլիջայանը ընտանիքի միակ զավակն էր։ Դեռ երեխա՝ կորցրել էր ծնողներին ու ապրում էր տատիկի ու մորաքրոջ հետ։ Նրանց ապագայի հույսը Գևորգն էր, որը Շուշիից չվերադարձավ։
«Տա՛տ, ես մինչև էս մի բանը սարքեմ, դու կոֆեն դի՛ր»:
44 –օրյա պատերազմի հերոս Գևորգ Կուլիջանյանի տատիկն է։ Տիկին Լենան հիշում է թոռան հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը։ Փոքր էր, որ կորցրեց ծնողներին։ Տատիկն ու մորաքույրը դարձան նրա ընտանիքի անդամները։ Աղջկա մահից հետո նրա որդի Գևորգն է տատին ապրելու ուժ տվել է․ բոլոր երազանքներն ու նպատակները Գևորգի հետ էին կապված։ Հիշում է՝ օր չկար, որ չխոսեին ապագայից։ Տան մի անկյունում սուրճ էին խմում, իսկ բակում գտնվող թթի ծառի տակ միայն ապագայից խոսում․
«Էդ թթի ծառի տակը ոնց որ հատուկ ստացվեր»։
Գևորգ Կուլիջանյանը ծնվել է 2002 թվականին Էջմիածնի Ծաղկունք գյուղում։ Հաճախել է պատանի երկրապահների ակումբ։ Նպատակը հայրենիքին ծառայելն էր։ Մորաքույրը՝ տիկին Մարինեն պատմում է, որ երբ եկել է ծառայության ժամանակ, ասել են՝ օրենքը քեզ թույլ է տալիս, կարող ես չծառայել, բայց Գևորգը որոշել է, որ պետք է գնա բանակ․հնարավորությունից օգտվելն անպատվաբեր է համարել․
«Ասաց՝ տղեն պտի ծառայի, ու վերջ։ Ինքը եթե մեկի մասին խոսում էր ու ուզում էր բնութագրեր, ասում էր՝ էտ ի՞նչ տղա է, չի էլ ծառայել»։
Մարինեն պատմում է՝ Գևորգի համար ինքը նախ մորաքույր էր, բայց տղան որոշեց, որ պիտի «մամա» ասի․«Ասաց՝ ուզում եմ «մամա» ասել, որ երբ դպրոցում ծնողական ժողով լինի, ասեմ՝ իմ մաման էլ է գալու։ Մի քանի օր հետո ծնողական ժողով գնացի, բակում վազում էր, ու երբ տեսավ ինձ, կոստյումը պտտեցրեց գլխի վերևում ու գոռաց՝ «մամաս եկավ, մամաս»։ Ես իրա այդ փայլուն աչքերը երբեք չեմ մոռանա»։
Երբ պատերազմը սկսվեց, Գևորգը 4 ամսվա ծառայող էր։ Ծառայությունը անցել է Ջաբրաիլում, հետո Շուշիում։ Մորաքույրը պատմում է՝ Արցախը շատ սիրում էր, քանի որ հայրը արցախցի էր, բայց սերն Արցախի հանդեպ գալիս էր մորից․
«Այն դժվար տարիներին առնում էր ֆոտոժապավեններ ու Արցախի տարբեր վայրերը լուսանկարում։ Ամեն անգամ ասում էի՝ ա՛յ քուր, էդքան փող ես տալիս, լենտ առնում ու մենակ սարերն ու անտառներն ես նկարում։ Ասում էր․ «Դուք չգիտեք, թե Արցախը ինչքան սիրուն է, ու ինչքան ուժ կա այդ հողում»։
Գևորգը ծառայությունից երբեք չի դժգոհել։ Երբ զանգում էր, ձայնի մեջ միշտ հանգստություն կար․ «Ասում էր՝ մենք նորակոչիկ եք, մեզ զենք չեն վստահում։ Էնքան հանգիստ էր խոսում։ Ես անգամ կողքից թխկոց չէի լսում։ Ո՞նց էր անում, որ ձայն չէր լսվում»։
Որ Գևորգը առաջին օրվանից կռվի դաշտում էր, ընկերները գիտեին։ Նրանց պարբերաբար զանգել է ու խոսակցության վերջում խնդրել գնալ և տեսնել տատիկին ու մորաքրոջը։ Պատերազմի ավարտից հետո են Գևորգի հետ կռված տղաները պատմել, որ իր մահով Գևորգը կյանքեր է փրկել։
«Երկու ընկերը վիրավորվել են, գնացել է ու դուրս բերել, արկը պայթել է․․․»,–պատմում է ընկերը։
Վերջին հեռախոսազանգը ընտանիքի հետ՝ զոհվելուց երկու օր առաջ էր։ Հետաքրքրվել է համագյուղացիներից, բարեկամներից։ Տիկին Մարինեն հիշում է․
«Վերջին օրը որ խոսեց, ասաց՝ լավ, մա՛մ, ես գնացի մի քիչ հանգստանամ, դուք հանգիստ եղեք, ես դիրքերում չեմ։ Հետո զանգում է ընկերներին, ասում՝ մեզ տանում են Շուշի»։
Նոյեբերի 1-ին Գևորգը Շուշիից զանգում է ընկերոջն ու հանձնարարում գնալ ու կտրել բակի թթենին, ծառը, որի տակ տատիկի հետ խոսում էին ապագայից։
«Ասել էր, գնացեք մերոնց նայեք, վառելիք չունենք, էդ թթի ծառը կտրեք, թող չորանա, որ ձմեռը վառելիք լինի»,–պատմում է տատիկը։
Մորաքույրն էլ հիշում է․ «Ամսի 1-ին ընկերները արդեն թթի ծառը կտրել էին, ճյուղերն էինք հավաքում, չգիտեմ՝ ինչ անցավ մտքովս։ Ասացի՝տղաներ, բա որ հիմա Գևորգը գա․․․ ու հետո արդեն իմացա, որ հենց էդ պահին էլ դեպքը եղել էր»։
Մարինեն ասում՝ թթի ծառի հետ կտրվեց իրենց ապագայի հույս ու ուժ տվողը։









