ԿարևորՀասարակություն

Սփյուռքի հետ հարաբերություններում չկա համահայկական օրակարգ․ ազգագրագետ

Վերջին երկու տարիներին ավելի քան 32 000 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, շուրջ 5300-ն էլ՝ մշտական և հատուկ կեցության կարգավիճակ։ Սա Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում երկամյա գործունեության ամենամեծ ձեռքբերումն  են համարում։ Գրասենյակում նշում են, որ նույնիսկ 2020թ մարտահրավերները չեն խանգարել իրականացնել իրենց նախանշած ծրագրերը․

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը, մինչդեռ, կարծում է՝ քանի դեռ Հայաստան–Սփյուռք կապում չկա համընդհանուր հայկական օրակարգ, իրականացվող միջոցառումները կարող են ավելի անարդյունավետ լինել, քան ոչինչ չանելը։

Հայաստան–Սփյուռք հարաբերություններն անորոշության մեջ են․ չկա համընդհանուր օրակարգ , զարգացման ճանապարհ, որով կառաջնորդվի թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը․ սա ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի դիտարկումն է։ Ազգագրագետը վստահ է՝ անորոշությունն ազդում է Սփյուռքի հետ կապի և Սփյուռքի զարգացման վրա։

«Մեր ռեսուրսների փոշիացումը հենց համահայկական օրակարգի բացակայությունն է, որտեղ ռեսուրսների օգտագործումը պետք է բխի ընդհանուր օրակարգից։ Մենք դարձյալ մնացինք տրոհված օրակարգով․ ամեն տեղ յուրաքանչյուրն է որոշում իր ռեսուրսն ու դրա օգտագործումը»,– ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն օրերս ամփոփել է գործունեության 2 տարին․ զեկույցում շեշտվում է՝ գրասենյակի քաղաքականությունը հիմնված է այն անհերքելի իրողության վրա, որ Հայաստանը կարող է զարգանալ միայն Սփյուռքի ներուժի առավելագույն ներգրավմամբ, և որ առանց հայկական ուժեղ պետականության՝ Սփյուռքի ապագան վտանգված է։

Հրանուշ Խառատյանը կարծում է՝ առանց ընդհանուր օրակարգի ու նպատակի՝ միջոցառումներ ծրագրելն ու իրականացնելը կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ, քան առհասարակ նախաձեռնություններով հանդես չգալը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան

«Մեր ներքին քաղաքականությունը միշտ ճգնաժամային իրավիճակում է, արդյունքում մենք Սփյուռքի հետ չունեցանք ուղղաձիգ, շարունակական մշակված ծրագիր, որով թե՛ տարբեր երկրների սփյուռքահայությունը, թե՛ Սփյուռքի ինստիտուտները շատ հստակ կպատկերացնեին իրենց անելիքները»,-ասում է ազգագրագետը։

Սփյուռքն ու Հայաստանը ընդհանուր օրակարգով համագործակցել են միայն համավարակի և պատերազմի ընթացքում, սակայն համագործակցությունը դրվագային պիտի չլինի՝ պնդում է Խառատյանը, իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում գործունեությունն ամփոփելիս շեշտում են, որ նույնիսկ 2020թ մարտահրավերները չեն խանգարել իրականացնել նախանշված ծրագրերը։

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2021թ բյուջեն շուրջ 110 միլիոնով գերազանցել է նախորդ տարվանը։ Միջոցները  կուղղվեն արդեն սկսված և նոր ծրագրերի իրականացմանը։ Հաջորդ տարվա ընթացքում նախատեսում են ստեղծել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն։ Այն տեղակայված կլինի մայրաքաղաքում, մեկ պատուհանի սկզբունքով կպարզեցնի ու կհեշտացնի հայրենադարձության գործընթացը, կօգնի հայրենադարձ ընտանիքներին։

Կարդացեք նաև

Back to top button