ԿարևորՀասարակություն

Թումոն Հայաստանի «դեսպանությունն» է Բեռլինում և Փարիզում․ Մերկելը՝ հայկական կենտրոնի հատուկ դերի մասին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արդեն շուրջ կես տարի իր մասնաճյուղն ունի նաև Գերմանիայում։ Կանցլեր Անգելա Մերկելն այսօր վիրտուալ այցով ծանոթացել է Բեռլինի «Թումո» կենտրոնի ընթացիկ աշխատանքներին` հայաստանյան «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանի և Գերմանիայի կրթական գերատեսչության ղեկավարի հետ:

Մերկելին հետաքրքրել են նաև հայկական կողմի կարծիքները Բեռլինի Թումո կենտրոնի մասին։ Գերմանական ողջույնները Մերկելից ուղղվել են երևանյան թումոյի աշխատողներին ու հատկապես սովորողներին, որոնց հետ նա մեծ հույսեր է կապում։ Թումոն Հայաստանի «դեսպանությունն» է Բեռլինում և Փարիզում․ Մերկելը՝ հայկական կենտրոնի հատուկ դերի մասին՝ հայտարարել է Մերկելը։

1 ժամ 30 րոպե իր բազմազբաղ ժամանակից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  հատկացնում է հայկական «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բեռլինյան մասնաճյուղի վիրտուալ այցին։

Կանցլեր Մերկելը վիրտուալ այցով  Բեռլինի «Թումո» կենտրոնում է՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի ընկերակցությամբ: Ուղիղ միացման ընթացքում հետաքրքրվում է կրթական տարածքով, առաջընթացով և ապագա պլաններով ու անմիջապես հարցնում՝ ինչպե՞ս են գործերը Երևանում՝ այսպես ասած «մայր» Թումոյում, որտեղից, իր իսկ ձևակերպմամբ,  3 տարի առաջ վերադարձել է տպավորված։

«Ամեն ինչ նորմալ է։ Բայց նաև՝ դժվար հիմնականում համավարակի պատճառով։ Մենք Գերմանիայից բացի դեպի Աֆրիկա ծավալվելու նպատակ ունենք»։

Ուշագրավ է, որ միջոցառումն անցկացվում է կանցլերի նախաձեռնած «Digital Education Initiative» ծրագրի շրջանակներում․ նպատակը՝ թվային կրթության զարգացում: Հայկական կենտրոն վիրտուալ այցը Մերկելի ծրագրի հենց սկզբում ներառվել է անձնապես կանցլերի հաստատմամբ։ Մերկելը Թումոյին հատուկ դեր է վերապահում։ 

«Արևելյան գործընկերության շրջանակում մենք Հայաստանի և Վրաստանի հետ Եվրամիությանը մոտեցնելու ծրագրեր ենք իրականացնում։ Եվ հիմա մենք Երևանից  իսկական «դեսպանություն» ունենք Բեռլինում, Փարիզում։ Մենք քննարկեցինք այս կենտրոնի ծրագրերը, ու սա մի հրաշալի պատմություն է»,– ասել է Անգելա Մերկելը։

Մերկելին հետաքրքրում են նաև հայաստանյան կարծիքները Բեռլինի «Թումո» կենտրոնի մասին։ Գերմանական ողջույնները Մերկելից ուղղվում են Երևանի աշխատողներին ու հատկապես սովորողներին՝ շեշտելով՝ նրանց հետ մեծ հույսեր է կապում։ Հետո նաև երևանյան «Թումոյի» տնօրենին է հրավիրում Բեռլին ու շեշտում։

«Թվայնացման միջոցով մենք երեխաների համար այսօր կապերի հաստատման ավելի լավ հարթակ ենք ստեղծում»։  

Վիրտուալ շրջայցից հետո, հենց Թումոյի առաջարկած կրթական բովանդակության համատեքստում, Գերմանիայի կրթության նախարարի և Թումոյի գործընկեր KfW բանկի գործադիր տնօրենի մասնակցակցությամբ քննարկվում է կրթության ապագան՝ այսօրվա խնդիրներով և ապագայի անելիքներով: «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացնում է՝ ինչ է խոստանում բերել ստեղծարար տեխնոլոգիական ազգային կենտրոնը Հայաստանի ու աշխարհի մշակութային և կրթական կյանք։

«Կրեատիվ գրել, ծրագրավորել, նոր սոֆթեր ստեղծել, տեխնոլոգիական լուծումներ մշակել, խաղերի և ֆոտոների դաշտը զարգացնել։ Սա նաև սոցիալական բաղադրիչ ունի, ձեռնարկատիրական հմտություներ է տալիս։ Մենք այսպիսով գտնում ենք կրթության ապագան, որը ծրագրում ենք Հայաստանի և KFW-ի հետ։ Մենք աշակերտակենտրոն, պայքարող միջավայր ենք ստեղծում, որտեղ մարդիկ նաև իրենց սեփական հնարավորություններն են ճանաչում»։

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը խոսում է նաև «Թումոյի» փարիզյան կենտրոնի և այլ նոր մասնաճյուղերի ստեղծման ծրագրերից։ Գերմանիան որպես ինկուբատոր է գործելու՝ նկատում է նա ու Մերկելին վստահեցնում՝ ունե՞ք մեզ հետ կապված այլ ցանկություններ՝ սիրով կանենք։

Անգելա Մերկելը երևանյան այցով «Թումո»-ում էր 2018-ի օգոստոսին։ Կենտրոնից ստացած վստահությունն ու ոգևորությունը Հայաստանից նրա հետ հասան Գերմանիա։ Բեռլինում «Թումոյի» մասնաճյուղը գործում է 2020-ի աշնանից, համավարակի պայմաններում` դեռ առցանց ձևաչափով: «Թումոն» այսօր «ապրում է» Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում է, զբաղեցնում է 2000մ² տարածք և կարող է ընդունել 1000-ից ավելի պատանու: Մոտ ապագայում կենտրոնը պլանավորում է լիովին անցնել առկա ուսուցման ու ծրագրել կրթական ապագան Հայաստանում և Հայաստանից դուրս:  

Կարդացեք նաև

Back to top button