ԿարևորՍպորտ

Նրան անվանում էին «Երկաթե Տիգրան»՝ ամենադժվար դիրքերը պաշտպանելու ունակության համար

«Շախմատը ձևով է խաղ, բովանդակությամբ ՝ արվեստ, իսկ խաղին տիրապետելու դժվարությամբ ՝ գիտություն»: Այս խոսքերը, որոնք մեջբերել է Chess. com-ը, աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանինն են: Այսօր նրա 92-ամյակն է:

«Տիգրան Վարդանովիչը ունիվերսալ շախմատիստ էր: Նա իր խաղաոճում հիանալիորեն համադրում  էր ռազմավարությունն ու մարտավարությունը, ճշգրիտ հաշվարկն ու ինտուիցիան, հարձակման և պաշտպանության հմտությունը: Նրան անվանում էին «Երկաթե Տիգրան» ամենադժվար դիրքերը պաշտպանելու ունակության համար»,- գրում է կայքը:

Տիգրան Պետրոսյանը շախմատի աշխարհի իններորդ չեմպիոնի տիտղոսը կրել է 1963-1969 թվականներին, չորս անգամ դարձել է Խորհրդային Միության չեմպիոն (1959, 1961, 1969 և 1975 թվականներին) և Օլիմպիական խաղերում (1958-ից 1978 թվականներին) ԽՍՀՄ ազգային հավաքականի համար խաղացել է 10 անգամ: Պաշտպանությունում իր անթափանց համառության համար նրան անվանում էին «երկաթյա Տիգրան»: 1962-ի ընթացքում 63 պաշտոնական խաղերում նա չի կրել ոչ մի պարտություն:

Պետրոսյանը հայտնի էր երկաթե տրամաբանությամբ և կտրուկ մարտավարական տեսլականով, ինչը նրան թույլ էր տալիս տախտակի վրա ստեղծել ուժեղ և ներդաշնակ դիրքեր՝ հարուստ համակցված հնարավորություններով:

1962 թվականին հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստանում Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթում է 1963 թվականին և նվաճում աշխարհի չեմպիոնի կոչումը։

1966 թվականին Տիգրան Պետրոսյանը պահպանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկիին։ 1969 թվականին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվում է նույն Բորիս Սպասկիին։ 1971-1980 թվականներին շարունակում է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։

1984 թվականից Երևանի շախմատի տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։

2006-ին շախմատի տան կողքին լեգենդար շախմատիստի հիշատակին կանգնեցվել է Պետրոսյանի արձանը:

Կարդացեք նաև

Back to top button