
Վրաստանում գտնվող շատ օտարերկրացիներ այս օրերին ժամանում են Հայաստան՝ պատվաստվելու նպատակով։ Հարևան երկրում պատվաստման հնարավորություն ունեն միայն երկրի քաղաքացիություն և կեցության իրավունք ունեցողները։ Հայաստանի Առողջապահության նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին՝ «առանձին վիճակագրություն չի արվում, սակայն օտարերկրացիների պատվաստումը Հայաստանում ակտիվ է»։
Հայաստանի հետ սահմանների բացմանը զուգահեռ Վրաստանում գտնվող բազմաթիվ օտարերկրացիներն են սկսել մեկնել Հայաստան՝ պատվաստավելու։ «Օտարերկրացիները Վրաստանում» ֆեյսբուքյան խումբը հունիսի մեկից (երբ բացվեց Վրաստան-Հայաստան ցամաքային սահմանը) լի է Երևանում պատվաստվածների պատմություններով։
Գերմանացի Դոմինիկը Երևանում արդեն ստացել է առաջին դեղաչափը․
«Հունիսի սկզբին, երբ բացվեց սահմանը, ստացա պատվաստանյութի առաջին դեղաչափը Երևանում։ Ես արդեն երեք տարի է ապրում եմ Թբիլիսիում, որտեղ չէի կարող պատվաստել, կեցության փաստաթուղթ չունենալու պատճառով։ Հայաստանը այս պահին լավագույն տարբերակն էր իմ համար։ Հյուսիսային պողոտայում պատվաստման ողջ գործընթացը տևեց մեկ ժամ, ուզում եմ ասել՝ շնորհակալություն Հայաստան»։
Կորեայի քաղաքացի Դամինը Շինը պատմում է առաջին անգամ էր Հայաստանում․ «Երեկ ես Երևանում պատվաստվեցի, կենդանի եմ, այսօր վերադառնում եմ Թբիլիսի։ Միաժամանակ տեսա Երևանը, քայլեցի կենտրոնում, իսկապես լավ տպավորություններով վերադառնում Հայաստանից»։
Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը «Ռադիոլուրին» փոխանցեց օտարերկրացիները Հայաստանում ակտիվորեն պատվաստվում են, առանձին վիճակագրություն, սակայն այդ հարցով չի արվում․

«Covid-ի դեմ պատվաստման գործընթացում Հայաստանն այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ օտարերկրացիները ևս պետպատվերի շրջանակներում կարող են պատվաստվել և պատվաստվում են։ Համավարակը չի ճանաչում ազգություն, երկիր․․․ վիրուսի շղթան կոտրելու համար կարևոր է, որ յուրաքնչյուրը կարողանա ապահովել անվտանգությունը։ Հատկապես տուրիզմի այս շրջանում մենք պատվաստելով բոլոր ցանկացողներին, պաշտպանում ենք մեր քաղաքացիներին։ Դրանից ելնելով մեր քաղաքականությունը տարածվեց նաև Հայաստանում ապրող օտարերկրացիների և ժամանող զբոսաշրջիկների վրա»։
Վրաստանում օտարերկրացիներին պատվաստման հնարավորություն ընձեռելու հարցը այս պահին քննարկվում է, ինչպես հայտնեցին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից, առաջիկա օրերին համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ստեղված կառավարության միջգերատեսչական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի։
Վրաստանն ընդլայնում է պատվաստման գործընթացը
Հուլիսից նախատեսվում է սկսել բնակչության մասսայական պատվաստումը: Առաջիկայում Covid-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 3,6 մլն չափաբաժին է ակնկալվում ստանալ։ Այժմ աշխատանքներ են տարվում երկրի ողջ տարածքում պատվաստման նոր կետեր բացելու ուղղությամբ՝ հնարավորություն տալով քաղաքացիներին առանց գրանցվելու, հանրային տարածքներում ևս պատվաստվել։
Մինչ օրս պատվաստման գործընթացն իրականացվում էր միայն բազմապրոֆիլ կլինիկաներում՝ սահմանափակ տեղերով։
Համավարակը հաղթահարելու համար, ըստ երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի, պետք է պատվաստվի չափահաս բնակչության 70 տոկոսը․
«Արդեն վստահությամբ կարող ենք ասել, որ հուլիսին երկիրը կունենա շուրջ մեկ միլիոն տարբեր տեսակի պատվաստանյութ։ Մենք արդեն պատրաստ ենք, մասսայական պատվատմանը, հուլիսից օրական 20-25 հազար մարդ կպատվաստվի»։

Ասում է երկրի գլխավոր վարակաբանը՝ նշելով, որ վերջին հարցումներով, Վրաստանի բնակչության 50 տոկոսը ցանկանում է պատվաստվել, 20 տոկոսը դեռ որոշում չի կայացրել։
Մինչ օրս Վրաստանում պատվաստել է 216 հազար 742 քաղաքացի՝ բրիտանա-շվեդական AstraZeneca-ով, գերմանա-ամերիկյան Pfizer-ով, չինական Snopharm և Sinovac պատասվատանյութերով։
Առաջիկայում երկիր ներմուծվող պատվաստանյութերի մի զգալի մասն ամերիկյան արտադրության են՝ Pfizer, Jonson & Jonson և Novovax։
Այսուհետ բացի AstraZeneca տեսակի պատվաստանյութից երկիր ներմուծված բոլոր տեսակի պատվաստանյութերով կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները:
Վրաստանում հույս ունեն մինչև տարեվերջ կհաղթահարեն համավարակը։




