ԿարևորՀասարակություն

Վարչապետի 25 թեկնածուներից 6-ն անցնում են քրեական գործերով

Հունիսի 20-ի ընտրությունները Հայաստանի ընտրական պատմության մեջ կմնան ոչ միայն որպես ամենամեծ թվով մասնակիցներ ունեցող, ամենաանկանխատեսելի ելքով, ամենաթեժ ընտրապայքարով ընտրություններ, այլև որպես ընտրություններ, որոնք ամենաշատն են առնչվել  քրեական գործերին։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում բազմաթիվ են   թեկնածուները, որոնք անցնում են քրեական տարբեր գործերով։ Ավելին՝ ցուցակներից 6-ում քրեական գործերով անցնողները հենց վարչապետերի թեկնածուներն են։

Քոչարյան, Վանեցյան, Ծառուկյան, Սանասարյան  Բաբայան և Վարդանյան․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 ուժերի ընտրական ցուցակներից 6-ը գլխավորում են գործիչներ, որոնք անցնում են քրեական գործերով։

Մեղադրանքները տարբեր են, գործերի ընթացքն ու արդյունքները՝ նույնպես։ Հիմնական  ընդհանրությունն այն է, որ գրեթե բոլոր գործերով դատաքննությունները շարունակվում են,  դատավճիռներ առայժմ չկան։

Բացառությունը «Ազգային-ժողովրդավարական բևեռն» է։ Քաղաքական այս ուժը ձևավորվել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմքի վրա։ Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարուժան Ավետիսյանն ու 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արեգ Կյուրեղյանը այս տարվա փետրվարին դատապարտվել են 7 տարվա ազատազրկման ՊՊԾ գնդի գրավման գործով։ Նրանք բողոքարկում են  դատարանի կայացրած վճիռը, ինչն էլ թույլ է տալիս մասնակցել ընտրապայքարին։

Ցուցակներից 6-ում քրեական գործերով անցնողները հենց վարչապետերի թեկնածուներն են։

Քվեաթերթիկ համար 24 «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին  «Մարտի 1»-ի գործով մեղադրանք  էր առաջադրվել իշխանափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի հուլիսին։ Երկրորդ նախագահը մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ: 2021-ի մարտին Սահմանադրական դատարանը հոդվածը հակասահմանադրական ճանաչեց։ Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահն արդարացվեց, բայց շարունակում է մեղադրյալ մնալ մեկ այլ՝  կաշառք վերցնելու գործով։  Նույն գործով մեղադրվում է նաև Քոչարյանի պաշտոնավարման շրջանում  նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Նա մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Գործը դատաքննության փուլում է, Արմեն Գևորգյանը՝ Հայաստան դաշինքի 5-րդ հորիզոնականում։

Քվեաթերթիկ համար 14 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  նույնպես անցնում է քրեական գործով։ Նա մեղադրվում է  ընտրակաշառք տալու մեջ։  Գլխավոր դատախազության՝ մեկ տարի առաջ  ներկայացրած փաստերը  վերաբերում էին Ազգային ժողովի 2017 թ․ ընտրություններին։   Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու և ազատությունից զրկելու միջնորդություններին ԱԺ-ն համաձայնություն տվեց ուղիղ մեկ տարի առաջ՝ հենց այս օրը։ Շուրջ  մեկ ամիս Ծառուկյանը մնաց անազատության մեջ, պատերազմի օրերին  100 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։

Քվեաթերթիկ համար 6․ «Պատիվ ունեմ»  դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանի  անունը  քրեական երկու գործերում է՝ մեկն արդեն կարճված, մյուսը՝ դեռ քննվող։ Ազգային անվտանգության ծառայությունում  շարունակվում է Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը։  «Հայրենիք» կուսակցության ղեկավարն այս  գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալել էր, ապա ազատ արձակվել։   Դատարանը  մերժել էր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։

Քվեաթերթիկ համար 26․ Ի  տարբերություն նախորդների՝ «Ինքնիշխան Հայաստան»-ը գլխավորող թեկնածուն նախկին իշխանությունների ներկայացուցիչ չէ։  Դավիթ Սանասարյանը  թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից էր։ Իշխանափոխությունից հետո  դարձավ Պետական վերահսկողական ծառայության  պետ։  Մեկ տարին էլ դեռ չէր լրացել  մեղադրվեց  պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Սանասարյանն առաջադրված մեղադրանքը  չի ընդունել։  Գործը  դատաքննության փուլում է։

Քվեաթերթիկ համար 21․ «Ազատական» կուսակցության ցուցակը  գլխավորող  Սամվել Բաբայանը մինչև պատերազմը զբաղեցնում էր Արցախի Անվտանգություն խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Պատերազմից հետո Բաբայանը հրաժարական տվեց։  Արցախի ՊԲ նախկին հրամանատարին դեռ 2017-ին   մեղադրանք էր առաջադրվել «Իգլայի» գործով: Ընդհանուր իրավասության դատարանը նրան 6 տարվա ազատազրկման էր դատապարտել։  Գործն անցավ դատական բոլոր ատյաններով, Վճռաբեկն այն ուղարկեց ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Քվեաթերթիկ համար 8․ Համահայկական ազգային պետականություն կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Վարդանյանը հանրությանը հայտնի է աղմկահարույց «Բանդայի» գործով: Նա 2015թ. «վնասազերծված» զինված խմբավորման ղեկավարն էր: Ինը հոգանոց խումբը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, բռնությամբ իշխանությունը զավթել ծրագրելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ խումբը նախատեսել էր հարձակումներ գործել պետական շենքերի վրա, խոցել ՀՀ նախագահի օդանավը։ Ա.Վարդանյանն ազատության մեջ է 2019 թվականից 1 մլն դրամ գրավի դիմաց։ Գործը դատաքննության փուլում է:

Քրեական գործերի ցանկն այսքանով չի սահմանափակվում։ Քրեական գործերով անցնում են ոչ միայն ցուցակները գլխավորող, այլև դրանց տարբեր թեկնածուներ։

Կարդացեք նաև

Back to top button