
Հունիսի 11-ին Արցախից տեղահանված երկու ընտանիք՝ Մարգարյաններն ու Չիրկինյանները, մուտք են գործել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի կողմից վերանորոգված իրենց նոր, հարմարավետ տները՝ կահավորված, ապահովված կենցաղային բոլոր հարմարություններով՝ մշտական ջուր, ջեռուցման և էլեկտրաէներգիայի համակարգ, ինտերնետ։
Տներն ամբողջովին կահավորվում են՝ պատրաստ հյուրընկալելու բազմանդամ ընտանիքների։ Ներառվող կենցաղային պարագաներից են սառնարանը, լվացքի մեքենան, փոշեկուլը, հեռուստացույցը, խոհանոցային պարագաները եւ այլ անհրաժեշտ իրեր։
«Ընտանիքներին ընտրելիս բազմաթիվ չափանիշներ ենք հաշվի առել, բայց ամենակարևորներից այն է, որ կարճ ժամանակում տներով ենք ապահովել այն ընտանիքներին, որոնք արդեն ունեին Հայաստանից ու Արցախից հեռանալու մտադրություններ․ այս կերպ մենք պահել ենք նրանց երկրում»,- նշում է նախագծի ղեկավար Օվսաննա Եղոյանը։
Շուտով իրենց սեփական տանիքը կունենան ևս 11 ընտանիք։




