ԿարևորՀասարակություն

Կրթությունը՝ անվճար, աշխատավարձերը՝ բարձր․ թեկնածուների կրթական խոստումները

Նախընտրական պայքարի մասնակից ուժերը ծրագրերում կարևորում են   գիտության ու կրթության ոլորտները։ Առաջարկներն ու ծրագրային դրույթները տարբեր են․ կուսակցություններից մեկն առաջարկում է  հրաժարվել 12–ամյա կրթությունից, մյուսը խոստանում է անվճար դարձնել բարձրագույն կրթությունը, երրորդի համար էլ կարևոր է երկարօրյա ուսուցումը դպրոցներում։

Գիտահեն տնտեսություն և պետական կառավարման համակարգ ստեղծելը Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնահերթություններից է։ Նախատեսում են  բյուջեից կրթությանը հատկացվող գումարներն ամեն տարի ավելացնել, կրթական նորարական և ներառական միջավայր ապահովել մանկապարտեզից մինչև բուհ: Պատգամավորի թեկնածու Նարինե Դիլբարյանը կարևորում է զարգացած երկրների փորձի կիրառումը, իսկ դպրոցական կրթությունը տասնմեկամյա դարձնելու ուղղությամբ քայլերը համարում առաջնային։

«12–ամյա կրթությունը, կարծես, դառնում է կրկնություն և ուժերի ծաղկուն ժամանակաշրջանի կորուստ։  Բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տարածքում պետք է ստեղծել հնարավորինս նպաստավոր պայմաններ, որպեսզի մտավոր բարձր ունակություններ և բարձր առաջադիմություն ունեցող երեխաները կարողանան իրենց կրթությունը շարունակել պետբյուջեի միջոցների հաշվին արտերկրի հզորագույն հաստատություններում։ Հայաստանի ձախողումների պատճառը կադրային սխալ քաղաքականությունն է, ուղեղների արտահոսք թույլ տալը։ Եթե պետությունը հստակ ծրագրեր և պայմանագրեր կնքի և մեր շնորհալի երիտասարդներին ուղարկի արտասահման, նրանք արդեն գիտելիքներով կվերադառնան Հայաստան և մենք կկարողանանք բոլոր ոլորտներում տրամաբանական բեկում ապահովել»։

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունն առաջարկում է ստեղծել ուսուցիչների աշխատաշուկա, նաև բարձրացնել մանկավարժների աշխատավարձն ու առավել համակարգված օգտագործել հեռավար կրթության հնարավորությունները։ Կուսակցության  խորհրդի անդամ, գործարար Վահրամ Մարտիրոսյանը կարծում է, որ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող ուսուցիչները, որոնք պատրաստ են դասավանդել մարզերում, պետք է ավելի շատ վարձատրվեն։

«Լինելու է ընդհանուր ենթակառուցվածք-հարթակ, որի միջոցով Երևանի ուսուցիչը դասավանդելու է Վանաձերի, Սյունիքի աշակերտներին։ Այդ աշխատանքը պետությունն ամբողջովին  և մասնակիորեն սուբսիդավորելու է։ Այսինքն` ուղիղ վճարելու է այդ դասերի համար, և ուսուցիչը դրանով ունենալու  է եկամտի երկրորդ աղբյուրը։ Եվ այստեղ առաջանալու է մրցակցություն ուսուցիչների  միջև և ձևավորվելու է աշխատաշուկա, ինչը շատ կարևոր է։ Որպեսզի մի ոլորտ զարգանա, պետք է հստակ աշխատաշուկա լինի։ Լավերը պետք է միշտ առաջ գնան»։

Կրթության դերն ու նշանակությունը երկրի զարգացման գործում շատ է կարևորում նաև «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որտեղ կարծում են, որ լավ կրթության համար խրախուսող մեխանիզմներ են անհրաժեշտ։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանը խոստանում է անվճար դարձնել կրթությունը՝ միևնույն  ժամանակ բարձրացնելով նաև մանկավարժների աշխատավարձը։

« Ըստ էության՝ հանրակրթությունն արդեն ավճար է, մնում է բուհական կրթությունը։ Մեր հաշվարկենորվ՝ տարեկան 17 մլն դոլարով հնարավոր է ոչ միայն բուհական անվճար կրթությունն ապահովել, այլև կրկնակի բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը»։

Անվճար կրթություն է խոստանում ոչ միայն «Քաղաքացու որոշում», այլև Համահայկական ազգային պետականություն  կուսակցությունը։ Վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը կարծում է, որ տնտեսապես կայուն երկիր կառուցելու համար աշխատանքի հնարավորությունները պետք է ընդլայնվեն։ Իսկ լավ մասնագետներ պետք է պատրաստի կրթական լավ համակարգը։

«Մասնագիտություն ստացած մարդիկ  պետք է աշխատեն իրենց մասնագիտությամբ, և ոչ թե աշխատանք փնտրեն օտար երկրում։ Մինչդեռ այսօր, ըստ էության, տարբեր մասնագետներ որպես բանվոր կամ  տաքսու վարորդ են աշխատում։ Եվ այդ մարդիկ փորձում են կլորիկ գումար ձեռք բերել ու տեղափոխվել արտասահման, որպեսզի  գոնե դրսում իրենց մասնագիտությամբ աշխատեն»։

Կրթության բյուջեն ավելացնելու խոստումներ կան նաև «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագրում։  Վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը կարծում է, որ կրթության զարգացման համար պետք է ոչ թե այլ երկրներից վարկ վերցնել, այլ սեփական գումարը ստեղծել։

«Ես միանշանակ խոստանում եմ, որ ԱԺ անցնելու պարագայում «Հանրապետություն» կուսակցությունը զբաղվելու է այդ խնդրով։ Այն ծրագրերը, որոնց մասին ես խոսում եմ 99 թվականից, դրա վերջնական կետը լուրջ գիտություն ունենալն է, ուսանողին գիտելիք ստեղծելու հնարավորություն տալն է։  Այդ  տարբերակով է մեր երկիրը համաշխարհային ազգ դառնալու, որովհետև աշխարհը  գիտության վրա է զարգանում»։

Հավասար կրթություն՝ բոլորի համար․ սա էլ «Վերելք» կուսակցության կրթական կարգախոսն է։ Կուսակցության առաջնորդ Ալեքսան Մինասյանն ասում է, որ կարևորում են հատկապես երկարօրյա կրթությունը, ինչն, ըստ զրուցակցիս, երեխաներին  հնարավորություն կտա ոչ միայն դասապատրաստմանը մասնակցել, այլ նաև ճիշտ սնվել։ Վարչապետի թեկնածուն նույնիսկ կոնկրետ հաշվարկներ է արել և պարզել, թե որքան արժե վիտամինացված սնունդը։

«Երբ երեխան մնում է երկարօրյա դպրոցում, պետք է նաև սնվի։ Մենք հաշվարկ ենք արել՝180 դրամով կարելի է երեխային սնել։ 180 դրամով դու կարողանում ես վիտամինացված սնունդ մատուցել։ Ոչ հայրը , ոչ էլ մայրը չգիտեն, թե ինչ վիտամիններ են հարկավոր իրենց երեխային, որպեսզի նա առողջ մեծանա։ Իսկ առողջ սերունդ ունենալու պարագայում, դու կունենաս նաև առողջ բանակ»։

«Ինքնիշխան Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը գլխավորող  Դավիթ Սանասարյանն էլ կարծում է, որ հզոր բանակ ունենալն այսօր հրամայական է, իսկ դրա համար պետք է դպրոցից սկսել։ Կրթական ծրագրերում պետք է ներդնել ռազմագիտությունը, զարգացնել ռազմարդյունաբերությունը։

«Դրոնները կային, բայց դրանց տիրապետող չկար»։

«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը ևս կարծում է, որ Հայաստանի ուժը կրթությունն է ու գիտությունը։ Միայն կրթված մարդը կարող է նպաստել երկրի զարգացմանը՝  ասում է։

Ի տարբերություն մյուս ուժերի՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ծրագրային բոլոր ուղղություններում, նաև կրթության մեջ կարևորում է քրիստոնեական արժեքների պաշտպանությունը։  Խորհրդարան անցնելու դեպքում , ասում են, լինելու են հենց այդ արժեքները կրող ու պաշտպանող ուժն օրենսդիրում։  

Կարդացեք նաև

Back to top button