ԿարևորՀասարակություն

Որ սրտերը չդադարեն բաբախել․ Հայաստանը կունենա նոր Արյան բանկ

Հունիսի 14-ը արյան դոնորի միջազգային օրն է։ Առիթն օգտագործելով՝ մասնագետները հերթական անգամ խնդրում են հնարավորության դեպքում դառնալ արյան դոնոր ու օգնել փրկել այլոց կյանքերը։ Հայաստանն այսօր արյան պաշարների խնդիր չունի, համավարակով  և պատերազմով պայմանավորված անցյալ ծանրագույն տարին անցել է հաջողությամբ։ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հպարտությամբ է հիշում, թե մարդկանց ինչ հսկա հերթեր էին գոյանում, երբ անցյալ տարի արյան կարիք էր լինում։ Այսուհանդերձ, արյան պաշարների համալրման հարցը միշտ օրակարգային է՝ ասում է Դանիելյանը։

Հայաստանը կունենա նոր, ժամանակակից Արյան բանկ։ Մինչ դրա ժամկետերն առավել հստակ կնախանշվեն,Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը սա նախ բնորոշում է որպես ամենալավ նորությունը, որ կարող է ասել։

«Տարիների ընթացքում մեր Արյան բանկը և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես մաշվել է, բայց երկու ամիս առաջ «Ջինիշյան հիմնադրամ»-ը նախարարության օժանդակությամբ կամ ցուցումով եկավ մեզ հետ հանդիպման, և հիմա մենք նախահաշիվ և նախագիծն ենք պատրաստում, որ Հայաստանը ունենա նոր, ժամանակակից Արյան բանկ։ Ավելի լավ լուր ես այսօր չեմ կարող ասել, ավելի լավ բան չգիտեմ ես, որ ասեմ»։

Արյան պակասի պատճառով մարդու կյանքի ընդհատումը երկրի համար ամենևին պատվաբեր չէ՝ ասում է արյունաբանը և վստահեցնում՝ մեր հայրենակիցները նման վտանգից ապահովագրված են։ Առաջիկա աշխատանքներն  ավելի մեծ թափով ու պատրաստվածությամբ են տարվելու։ Անցյալ տարի Արյունաբանական կենտրոնը ծանրագույն երկու փորձություն է անցել՝ կորոնավիրուս և պատերազմ։ Դանիելյանը իր թիմի աշխատանքից գոհ է, սակայն ամենամեծ շնորհակալությունն այլ մարդու կյանքը փրկող մարդունն է՝ արյան դոնորինը․

«Իմ խոնարհումը նախ ժողովրդին, որոնք լուռ ու մունջ ամռան տապին Արյունաբանական կենտրոնի բակում ժամերով կանգնում էին և կռիվ էին անում, թե ինչու՞ իրենից արյուն չեն վերցնում, քանի որ ինքն իրեն առողջ է զգում»։

Միլենա Ղևոնդյանը 19 տարեկան է։ Բժշկական համալսարանում է սովորում, բայց, ասում է, անկախ մասնագիտությունից գիտի՝ պետք է հանձնել արյուն, որ շարունակեն բաբախել այլոց սրտերը։

«Ուղղակի ինձ թվում է, որ սա ամենաբարի գործն է, որ մարդ կարող է անել։ Պատերազմի ընթացքում եմ արյուն տվել զինվորների համար, իսկ հիմա ուղղակի տալիս եմ, չգիտեմ՝ ինչ-որ մեկին երևի պետք կգա իմ արյունը, կփրկեն ինչ–որ մեկի կյանքը»։

Այսպես մտածելով՝ Արյան բանկը համալրում են բազմաթիվ կամավոր և կադրային՝ վճարվող դոնորներ։ Մասնագետը նկատում է՝ հայերը հիմնականում երկրորդ դրական արյունակիր մարդիկ են, արյան այս տեսակն ամենաշատն է առաջարկվում և պահանջվում։ Ավելի հազվադեպ են հանդիպում 3-րդ, 4-րդ կարգի բացասական արյունները։

Դանիելյանի դիտարկմամբ՝ բժշկության զարգացումը ենթադրում է անընդհատ ավելի շատ արյան կարիք։ Սակայն այդ կարիքը բավարելու պատրաստ մարդկանց թիվը նվազման միտում ունի․

«Աշխարհում արյան պահանջարկը գնալով ավելանում է, դոնորների քանակը նվազում է, որովհետև մարդը ձեռնպահ է մնում ավելորդ ռիսկերից, ենթադրում է, թե սա ևս ռիսկայություն ունի։ Ամենևին որևէ ռիսկայնություն չկա, որովհետև Արյան բանկում ամեն ինչ մեկանգամյա օգտագործման է, որևէ վարակ չի կարող լինել։»։

Արյան դոնոր դառնալու համար մարդը պետք է լինի 18 տարեկանից բարձր, իգական սեռի դեպքում ունենա 52, արական սեռի դեպքում 62 կգ–ից ավելի քաշ, չունենա վարակիչ, սոմատիկ, սիրտ–անոթային հիվանդություններ։ Կան նաև դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներ, օրինակ՝ հեռացված ատամ, հղիություն, ալերգիա։ Ցանկն ավելի երկար է, մարդն արյուն տալու պատրաստակամությունից բացի պետք է առողջ արյուն ունենա։ Այդպիսին գտնելու համար Արյունաբանական կենտրոնը անցնում է նաև Հայաստանի գյուղերով․

«Մենք նաև արտագնա էքսպեդիցիաներ ենք անում քանի որ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող մարդիկ ազատ ժամանակ չեն ունենում, մենք գնում ենք, տեղում ենք վերցնում արյունները։ Դրանք ևս նույն բծախնդրորեն ստուգման են ենթարկվում և էդպես էլ ենք փորձում մեր պաշարները համալրել»։

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենը շեշտում է՝ հատկապես մարտից կենտրոնում արյուն վերցնելն ու տալը կատարվում է ավելի մանրակրկիտ՝ PCR եղանակով ստուգումից հետո, ինչը բացառում է որևէ վնաս որևէ մեկի առողջությանը։

Կարդացեք նաև

Back to top button