
ԿԸՀ-ն հունիսի 13-ի նիստում քննարկել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջը: Դիմում են ներկայացրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Զարթոնք, Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունները:
էդգար Ղազարյանն իր դիմումով պահանջել է անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։
Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ է դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նրա դիմումի հիմքում նաև այն պատճառաբանությունն է եղել, որ քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնչեցնում է վիրավորանքներ:
Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ հանձնաժողովը մերժել է Էդգար Ղազարյանի դիմումը, որն, ըստ հանձնաժողովի, ներկայացվել է ոչ իրավասու կառույցի կողմից. դա պետք է լիներ կուսակցությունը կամ դաշինքը, որը մասնակցում է տվյալ ընտրություններին։ Այս որոշումը ԿԸՀ-ն կայացրեց 5 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Նաիրա Զոհրաբյանի դիմումը ևս մերժվել է նույն հիմնավորումով և ձայների նույն հարաբերակցությամբ։
Նույնաբովանդակ դիմումներ են ներկայացրել և մերժվել են նաև «Զարթոնք» և Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունները:
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ մերժումների որոշումները կարող են եռօրյա ժամկետում բողոքարկվել Վարչական դատարանում:




