ԿարևորՀասարակություն

Դիրքում՝ ամուր, կրակի պատրաստ․ պետական սահմանին ամրաշինական աշխատանքներ են

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, խնդիր է դրված մինչև աշուն ավարտել ենթակառուցվածքների կառուցումը և լուծել զորքի կենսագործունեության ապահովման խնդիրները։  2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը լրագրողներին  ներկայացրել  է Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մարտական դիրքերից մեկը, որը  գտնվում է ՀՀ պետական սահմանի վրա՝ ադրբեջանական զինված ուժերից  15-20 մետր հեռավորության վրա։

Սոթքի հանքավայրի մոտ գտնվող նոր մարտական դիրքերից մեկում եմ՝ հայ -ադրբեջանական շփման գծում։  Թշնամին 15- 20 մետր հեռավորություն վրա է։  Աշխատող տեխնիկայի ձայնը լսելի է դիրքում ամեն կողմից։ Սա ենթադրում է, որ այս հատվածում ինժեներական ու կահավորման աշխատանքներ են։ Հիմնականում կառուցվում են կացարաններ, ճանապարհներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր։ Զինված ուժերում չկա «պաշտպանական կառույցների կահավորման աշխատանքների ավարտ» հասկացություն, բնագիծը կահավորվում է, ինժեներական աշխատանքներն ինտենսիվ են։ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյան․

«Մարտական դիրքում այս պահին պաշտպանական խնդիրներ չենք իրականացնում, քանի որ հակառակորդի կողմից որևէ սադրանք այս պահին այս հատվածում չկա և չի էլ եղել։ Իսկ կահավորման առումով  նշենք, որ մեր առջև խնդիր ենք դրել մինչև աշուն ավարտած լինել ու նվազագույն պայմանները ապահովել»։ 

Մայիսի 12-ից սկսած՝ Սյունիքում եւ Գեղարքունիքում  թշնամին խախտել է Հայաստանի  սահմանները։ Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիներն   առաջացել են մինչև 1,5 կմ, խրամատներ փորել ու փորձել կահավորել։ Գնդապետ Պետրոսյանն  ասում է՝ այս հարցի շուրջ հակառակորդի հետ բանակցություններ են տարվում։

«Որպեսզի  զինվորների մոտ անվստահություն չառաջանա,որ իրենք անընդհատ  կրակեն մենք չպատասխանենք,այդպիսի բան չի լինելու։  Զինծառայողների մարտական  ոգին շատ բարձր է, հարկ եղած դեպքում շատ հուժկու հարված ենք տալու։ Ես հավաստիացնում եմ,որ  ինժեներական տեխնիկան այս պահին   ժամանակավորապես է գտնվում  այս հատվածում։ Մենք թույլ չենք տալիս  ադրբեջանական կողմին՝ ինժեներական աշխատանքներ իրականացնել ընդհուպ նաև կրակի միջոցով»,–ասում է Պետրոսյանը։

Գնդապետը հիշեցնում  է, որ 2-րդ բանակային կորպուսը 44-օրյա պատերազմի ընթացքում իր մարտական խնդիրը լիարժեք կատարել է՝ նվազագույն կորուստներով, առավելագույն  խնդիրներ կատարելով։ Մարտական դիրքում զինծառայողների կենսապայմաններն է ներկայացնում  2-րդ բանակային կորպուսի թիկունքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Շիրազ Խաչատրյանը։ Խրամատներին այստեղ փոխարինել  են ջերմամեկուսիչ վագոն-տնակները։  Գնդապետն ասում է՝ ցուրտ եղանակին կացարաններում զինծառայողները միացնում են էլեկտրական տաքացուցիչ, ձմռանն օգտագործում են վառարան։

Այս մարտական դիրքում հերթապահություն անցկացնում են և պայմանագրային, և ժամկետային զինծառայողներ։ Գնդապետ Հայկ Պետրոսյանը շեշտում է՝ մարտական դիրքերում կանգնած են այնպիսի լեգենդար ջոկի հրամանատարներ, որոնց սխրանքները պատմության մեջ կմնան։ Իսկ մարտական հերթապահություն իրականացնող տղաներից շատերը հրաժարվում էին խոսել, լուսանկարվել, միայն հրամանատարներից ենք տեղեկանում, թե ինչ սխրանքներ էին գործել մարտի դաշտում։ Նրանք պատերազմից առաջ պահում էին Քարվաճառի դիրքերը։ 

Սպան, որն  իր ենթակայության տակ գտնված Քարվաճառի դիրքերը մինչև վերջ պահել է, չցանկացավ ներկայանալ, ոչ էլ պատմել այդ օրերից՝ հուզմունքը մի կերպ  խեղդում էր կոկորդում: Նա ընդամենը մեկ օրինակով ներկայացրեց այն, ինչ մտածում է.

«Պատկերացրեք, ամբողջ օրը տանջվել, տորթ եք սարքել, մեկ էլ մի չարաճճի երեխա գալիս է և ձեռքով տալիս փչացնում ամբողջ արածդ:   Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Վարուժան Թումանյանը՝ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Քարվաճառի «Հովազ-1» մարտական դիրքում էր, պատմում է, որ մինչև պատերազմի ավարտն իրենց դիրքում էին՝ կանգուն։

«Քարվաճառի դիրքերում ամեն ինչ կառուցել էինք, կահավորել, սակայն ամեն ինչ թողեցինք, եկանք։ Այստեղ զրոյից սկսել ենք  կառուցել։  Բոլոր դժվարությունները հաղթահարելի են, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Դավթյանը։

Գևորգ Ստեփանյանը մեկ ամիս է մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութում։ Վիրավորում ստացել է  հոկտեմբերի 21-ին։ Այժմ ծառայությունը Վարդենիսում է։

«Հադրութը շատ թանկ տեղ էր, ափսոսում եմ ընկերներիս ու կորցրած հողերը։ Ու հիմա բառերով չեմ կարող նկարագրել այն զգացողությունները, որոնք ունեցա ամսի 9 ինց հետո։ Սկսեցի  ավելի շատ գնահատել այն  ամենն, ինչ ունենք»։ 

Դժվար չէ՞ր մարտական ընկերոջ կորստից  հետո բարձրանալ տեղից ու մարտը շարունակել՝ հարցնում եմ։ «Դժվարը նրանց կորստի հետ համակերպվելն է, մնացած դժվարությունները լուծելի են»․ դիրքապահ տղաներն են վստահեցնում։

Կարդացեք նաև

Back to top button