
ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը քաղաքական ուժերին կոչ է անում քարոզարշավի ընթացքում բանակի թեման չշահարկել:
«Բանակը ապաքաղաքական կառույց է, բանակից հեռու մնացե՛ք»,- լրագրողների հետ զրույցում ասաց գնդապետ Հայկ Պետրոսյանը` այս կոչով դիմելով ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերին։
«Ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանն եմ դիմում. զերծ մնացեք Զինված ուժերը քաղաքական շահարկումների և նախընտրական քարոզարշավի թեմա դարձնելուց։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելն ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը»,- ասաց Պետրոսյանը։
Վերջինս մի քանի անգամ կրկնեց, որ այսօր մեր բանակն իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։
«Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է։ Ուստի խնդրում եմ բոլորին` մի շահարկեք պատերազմական գործողությունները ձեր քարոզարշավներում»,- ընդգծեց Պետրոսյանը։




