
Տիգրան Դավուդյանը 20 տարի առաջ խնամքով նոթագրել է բառերը իրենց ապագա տանը՝ բառարանում ըստ իմաստի ու կիրառության դասավորելու համար։ 2011թ․-ին հրատարակել է հայերեն-պարսկերեն առաջին բառարանը, ապա անմիջապես ձեռնամուխ եղել պարսկերեն-հայերեն բառարանի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ բառարանները պետք է հաճախ թարմացնել․ համացանցը հնարավոր է դարձնում օնլայն բառարանների խմբագրումը, մինչդեռ տպագրվածի դեպքում խնդիրներն ավելի շատ են։
«Ճիշտ է՝ մենք ունեցել ենք հայերեն–պարսկերեն և պարսկերեն–հայերեն բառարաններ, բայց դրանք չէին կարող այսօրվա ուսանողների և ուսումնասիրողների պահանջները բավարարել։ Դրա համար նախաձեռնեցի նոր բառարանի ստեղծումը»,- նշում է Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների պարսկերեն բաժնի ավագ խմբագիրը։
Հայերեն-պարսկերեն բառարանում ներկայացված է շուրջ 20 հազար բառ և դարձվածք, իսկ պարսկերեն-հայերեն բառարանը 25 հազար բառ է պարունակում։ Տպագրված երկու բառարաններն էլ հասանելի են նաև օնլայն տարբերակով։ Հեղինակի խոսքով՝ սա ժամանակակից աշխարհի պահանջներից մեկն է։
«Երկու բառարանն էլ 500 օրինակով եմ տպագրել, զուգահեռ նաև համացանցում է տեղադրվել։ Որովհետև գիտեմ՝ այսօրվա սպառողները համացանցից են օգտվում, այդ պատճառով իմ բառարանները գոյություն ունեն նաև էլեկտրոնային տարբերակով, տարբեր ցանցերում ներկայացված են»,- ասում է Դավուդյանը։
Այժմ հեղինակը խմբագրում է հայերեն-պարսկերեն բառարանի 10 տարի առաջ հրատարակված տարբերակը։ Տիգրան Դավուդյանի դիտարկմամբ՝ Հայաստանի անկախությունից հետո պարսկալեզու ժողովուրդների, առաջին հերթին Իրանի Իսլամական հանրապետության հետ հարաբերությունները սերտացել են։ Դա դրսևորվել է ոչ միայն փոխադարձ այցելություններով, գիտական կապերի ստեղծումով, այլև մշակութային շփումներով․ հայ թարգմանիչներն իրանական գրականություն են թարգմանում, երբեմն էլ հայ գրականությունն է թարգմանվում պարսկերեն։
Բառարանները թարգմանչի աշխատանքի անբաժանելի մասն են՝ ասում է թարգմանչուհի Անահիտ Յահյա Մասիհին։ Հասցրել է ծանոթանալ պարսկերեն-հայերեն բառարանին, դրանք համեմատել նախորդների հետ։
«Մյուս բառարանների հետ համեմատելով՝ կարող եմ ասել, որ պարսկերեն տերմիններ կան, որոնք անգլերենով և հայերենով զուգահեռ ներկայացվել է։ Հեղինակը նոր տերմինալոգիա է ներառել բառարանի մեջ, որը մյուս բառարանների մեջ չկա, և դա պետք է։ Արտահայտությունների առումով էլ կան այնպիսինները, որոնք այլ բառարաններում չեմ գտել, և դա առավելապես պետք է խոսակցական լեզվի համար»,- նշում է թարգմանիչը։
Տիգրան Դավուդյանի կազմած պարսկերեն-հայերեն բառարանը նախատեսված է ուսանողների, նաև թարգմանիչների համար։






