ԿարևորՀասարակություն

Ի՞նչ պատիժ է սահմանված մանկապարտեզում թունավորման մեղավորների համար

Գործունեության կասեցում, 300 հազար դրամի չափով վարչական տուգանք և ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն․ այս պատժամիջոցներն են սահմանված այն դեպքում, եթե պարզվի, որ մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը մանկապարտեզի անփութությունն են ու սահմանված նորմերի խախտումները։  «Վինին և ընկերները» մասնավոր մանկապարտեզում թունավորված երեխաների մի մասը դուրս է գրվել, մյուսների վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ 

Ինչո՞ւ պետք է մանկապարտեզում երեխաներ թունավորվեն։ Ծնողներին հունից հանող հարցի պատասխանը փնտրում է միանգամից մի քանի պետական կառույց։ 

«Վինին և ընկերները» մանկապարտեզի դուռը փակ էր․ հենց այստեղից են թունավորման նշաններով հոսպիտալացվել 11 երեխաները։ Շենքի հարևանությամբ բնակվողները պատմում են՝ մանկապարտեզը շարունակում է գործել, հաճախող երեխաներ կան, տնօրենի մեքենան էլ մանկապարտեզի բակում է։ Բայց դռան զանգին չեն պատասխանում։ Տնօրենն էլ չի պատասխանում զանգերին։ Աշխատակիցն ասաց՝ զբաղված է։ Պատասխանել մեր հարցերին չեն կարող։ Միայն հաստատեցին՝ մանկապարտեզը շարունակում է աշխատել։

Սննդի անվտանգության ո՞ր նորմերի խախտման հետևանքով են երեխաները հայտնվել հիվանդանոցում՝ դեռ իրավասու կառույցները փորձում են պարզել։ Նախադպրոցական հաստատություններում երեխաների համար նախատեսված սննդի համար հստակ պահանջներ կան՝ սահմանված առողջապահության նախարարի հրամանով և պարտադիր բոլոր կազմակերպությունների վրա՝ անկախ սեփականության ձևից․ «Ռադիոլուրին» ասում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։  Ճաշացուցակը պետք է կազմվի շատ ճշգրիտ՝ 3 տարիքային խմբի` 1-2, 2-3 և 4-6 տարեկան երեխաների համար՝ օրաբաժնի օրինակելի հավաքակազմով։ Նույն ճաշատեսակը պետք է բացառել նույն օրվա կամ հաջորդող օրերի ճաշացուցակից։ Սննդով պայմանավորված թունավորումների կանխարգելման նպատակով նախադպրոցական հաստատություններում չի կարելի օգտագործել սննդամթերքի որոշ տեսակներ, օրինակ՝

«Կրեմային հրուշակեղեն, երշիկեղենի տեսակներ, ամառվա շրջանում ռիսկային է հատկապես արագ փչացող  սննդամթերքը, որի համար ջերմային ռեժիմ է նախատեսված թե՛ պահման, թե՛ տեղափոխման փուլերում և անհրաժեշտ է հետևել դրանց թե՛ պիտանելության ժամկետին, թե՛ տեղափոխման պայմաններին, ինչպես նաև մատուցման ընթացքում հիգիենայի կանոնների ապահովմանը»։

Մատուցվող սննդի համար կան հիգիենայի կոնկրետ կանոններ՝ բացառելու նաև սննդամթերքի երկրորդային աղտոտվածությունը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչը չի բացառում՝  երեխաների թունավորումը կարող է լինել նաև երկրորդային աղտոտման հետևանք՝  թե՛ գույքից, թե՛ սպասքից և թե՛ աշխատակիցների չլվացած ձեռքերից։

«Դրա համար վերահսկողության ընթացքում մենք ամբողջ շղթան ենք ուսումնասիրում, որ հասկանանք՝ վարակը որտեղից է փոխանցվել»։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, տեղում պետք է իրականացնի ուսումնասիրություն՝ «Ռադիոլուրին» ասում է տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային  վերահսկողության վարչության ավագ տեսուչ Լիլիթ Հունանյանը՝ հիշեցնելով՝ մանկապարտեզների համար սահմանված են հակահամաճարակային պահանջներ, որոնց խախտումները պետք է խստագույնս բացառել, այլապես սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ։

«Պետք է օրական երկու անգամ պարտադիր մաքրվի տարածքը, իսկ համաճարակային իրավիճակի ժամանակ  այդ խոնավ մաքրումը պետք է իրականացվի  ախտահանիչ նյութերով։ Խաղալիքները պետք է լվանան ամեն օր, մսուր խմբում՝ օրական երկու անգամ, նախադպրոցական խմբերում՝ օրը մեկ անգամ։ Լվացվում է խոզանակով, օճառով, պարզաջրվում, ախտահանվում և չորացվում է։ Աշխատակիցները պարտադիր պետք է կրեն աշխատանքային արտահագուստ և նորմերով պահանջվում է, որ արտահագուստը սանհանգույցում լինի ուրիշ, խմբերում՝ ուրիշ»։

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս է գրվել: Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները «Վինին և ընկերները» մասնավոր մանկապարտեզի սաներ են։ Կազմված արագ արձագանքման խումբը մանկապարտեզում երեխաներին տրված մթերքի բոլոր տեսակներից նմուշառում է արել, 7 օրվա ընթացքում սպասում են լաբորատոր փորձաքննության պատասխանին՝ «Ռադիոլուրին» ասաց տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատու Անուշ Հարությունյանը։

«Փորձաքննության արդյունքներից հետո մեր վերահսկողական գործողությունները կշարունակվեն։ Եթե պարզվի, որ սննդային է թունավորումը, մանկապարտեզը կփակվի, ու այնտեղ կսկվեն լայնածավալ ստուգումներ՝ պահեստները, օրինակ, կստուգվեն։ Կփորձենք հասկանալ՝ ինչ խնդիր է»։

Իսկ այս ընթացքում երեխաների ծնողները փնտրում են իրենց պարզ հարցի բարդ պատասխանը՝ ինչո՞ւ պետք է մանկապարտեզում երեխան թունավորվի սննդից, ու ինչպե՞ս անվանել այս երևույթը։

Կարդացեք նաև

Back to top button