
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի հիմնական մասը արդեն ներկայացնել են իրենց նախընտրական ծրագրերը: Ակնհայտ է, որ բոլոր ուժերի ծրագրերում առանցքային նշանակություն է տրվում անվտանգության հարցերին։
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի գերակշիռ մասը անվտանգության ներկայիս մակարդակը ողբերգական է համարում ու ծրագրերում առանցքային տեղ հատկացնում անվտանգության խնդիրներին։ Վիճակը, ընդհանուր առմամբ, գնահատվում է վտանգավոր ու ողբերգական, մոտեցումները փոփոխության հասնելու՝ տարբեր են:

Այսպես, ընտրություններին 88 հոգանոց ցուցակով մասնակցող «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանն, օրինակ, «Ռադիոլուր»-ին վստահեցրեց՝ անվտանգության հարցերի վերաբերյալ պատասխաններ կտա վարչապետ ընտրվելուց հետո, 3 օրվա ընթացքում։ Պարզաբանեց՝ որովհետեւ գերիների վերադարձի, պատերազմի, անվտանգության հարցերին մանրամասնորեն միայն իշխանությունն է տեղյակ:
Ասում է. «Նոր ընտրված վարչապետը զանգահարում է ՌԴ նախագահին և հայտարարում է, որ 24 ժամ անց տեղի կունենա պատժիչ միջոցառում, որից հետո, ըստ մեր ահազանգի, ռուսաստանյան ԶՈՒ-ն՝ սկզբից, ՀԱՊԿ միացյալ ուժերը, համապատասխան ընթացակարգից հետո, պարտավոր են լինելու միջամտել։ Եվ եթե չմիջամտեցին, ինչպես հարցիս պատասխանեց վարչապետ Փաշինյանը վերջին քառօրյային, դա կնշանակի մի ամբողջ համակարգի փլուզում»։
Մինչ այդ համակարգի փլուզումը, անհրաժեշտ է վերականգնել մեր անվտանգային փլուզված համակարգը։ Դրա հիմքում բանակի վերափոխման տեսլականն է «Վերելք» կուսակցության առաջնորդ Ալեքսան Մինասյանի համար: Ընտրություններին մասնակցող ուժերի շարքում «Վերելք»-ը 20-րդն է: Պետք է բանակն ամբողջությամբ փոխվի՝ նոր բանակ, նոր մարտավարություն, նոր հրամկազմ ու մոտեցում՝ ահա թե ինչ է առաջարկում զինվորական քաղաքական գործիչը.

«Մենք հնարավորություն ունենք մեր պատերազմը տեղափոխել իրենց տարածք։ Նոր տեսակի՝ ճակատային զորքեր, որոնք պիտի առաջ շարժվեն։ Նկատի ունեմ՝ զորքեր, որոնք կարող են պատերազմը տեղափոխել թիկունք, և այնտեղ հակառակորդը չի կարողանում հասկանալ՝ դա իր զորքն է, թե իր զորքը չէ, և ԱԹՍ-ն չի աշխատում այդ պարագայում, քանի որ դու գտնվում ես նրանց սահմանում»։
Բանակի բարեփոխման տեսլական ունի նաեւ «Հայոց հայրենիք» կուսակցությունը: ՝ Կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ պիտի ունենանք ուժեղ, պայմանագրային, 6-րդ սերնդով մոդեռնիզացված բանակ: Երկրի անվտանգությունը Արտակ Գալստյանը կապում է ռազմարդյունաբերության զարգացման հետ։ Ուսումնասիրել են ոլորտը զարգացնելու Հայաստանի նախադրյալները.
«Ընդ որում՝ այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ ներկայացվել են Նիկոլ Փաշինյանին: Ասել ենք, որ կարող ենք ունենալ մեր տեղական արտադրությունը։ Մերժվել են անխտիր բոլորը։ Ուժեղ բանակը պիտի բերի գոնե թե ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Նոյեմբերի 9-ից մինչև այսօր մոտավորապես 5 հազար քառակուսի կմ պակասել են Հայաստանի տարածքները։ Դրանից հետո պետք է վերականգնվի Արցախի տարածքային ամբողջականությունը։ Ես չեմ ասում Արցախի ստատուսի հարցը հենց էս փուլում, բայց տարածքային ամբողջականությունը, գտնում եմ, որ ռեալ է վերականգնելը։ ՀՀ և Արցախի օդային տարածքը փակելու համար շատ ուռճացված հաշվարկներով անհրաժեշտ է ընդամենը 10-150 մլն դոլար»։

Անվտանգային խնդիրներն Առաջին Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ է դիտարկում «Ազգային ժողովրդավարական բևեռը»: Ընտրվելու դեպքում պաշտոնապես դիմելու է ԱՄՆ-ին՝ ստանալու ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը, որը թույլ կտա իրական երաշխիքներ ստանալ ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլև ռազմարդյունաբերության և տեխնոլոգիաների կիրառման։ Անվտանգության համակարգի իրենց տեսլականն է պարզաբանում այս ԱԺԲ-ի անդամ Արա Պապյանը.
«Մենք առաջարկել ենք շատ հստակ։ Այն կոչվում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակից։ Այդ կարգավիճակն է։ Մենք այդ ուղղությամբ մեր չափով այդ հարցերը քննարկում ենք ԱՄՆ-ի հետ։ Եթե խորհրդարանում ունենանք մեծամասնություն, բնականաբար, շատ ավելի լուրջ կարող ենք այդ հարցը քննարկել։ Եթե մեծամասնություն չլինենք, լինենք մաս, էլի ենք քննարկելու, եթե չլինենք՝ էլի ենք քննարկելու, որովհետեւ միակ փրկությունը սա է։ Որովհետև տարօրինակ վիճակ է՝ կա ԱՄՆ-Թուրքիա դե յուրե դաշնակցային հարաբերություններ, բայց դե ֆակտո՝ արդեն թշնամական, և հակառակը՝ կա Հայաստան-Ռուսաստան դե յուրե դաշնակցային հարաբերություններ և էլի դե ֆակտո՝ թշնամական հարաբերություններ»։
Ավելի հանդարտ քարոզչություն իրականացնող ՀԱԿ-ում, մինչդեռ, որդեգրել են քաղաքական իրատեսության սկզբունքները. առաջարկում են ազատվել պատրանքներից, ռեալ գնահատել հնարավորությունները և անել առավելագույնը։ Անվտանգության ոլորտում երկու ուղղություն են նախանշում՝ կարողանալ այսօրվա բարդ պայմաններում արագ վերականգնել ռազմական համակարգը, եւ երկրորդը՝ լրջորեն թարմացնել, նրանց ձեւակերպմամբ, հատկապես վերջին 3 տարիներին ժամանակավրեպ դարձած Հայաստանի դիվանագիտությունը։ Կոնգրեսը, բացի ռազմավարական գործընկերոջից, առաջնահերթ է համարում ակտիվ երկխոսությունը Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում դերակատարում ունեցող այլ երկրների հետ ևս: Գոնե կարճաժամկետ հեռանկարում առկա սպառնալիքների չեզոքացումը ՀԱԿ-ը տեսնում է առաջին հերթին Ռուսաստանի հետ երկկողմ և ռազմավարական հարաբերությունների խորացման միջոցով։ Ըստ ՀԱԿ-ի, հենց այդ կերպ է հնարավոր դնել Հայաստանի համար ավելի երկարաժամկետ անվտանգության հիմքերը՝ փոխանցում է առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը։

«Հաջորդը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դեռ չորոշված լինելը՝ Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների, Ադրբեջանի հետ ներգրավվել ակտիվ բանակցություններում, որոնք միտված կլինեն ինչպես այս հարցի վերջնական հստակեցմանը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության աստիճանական ձեռքբերմանը, որը թույլ կտա ապագայում հասնել նրան, որ երկու երկրների միջև կկնքվի զինված հակամարտության դադարեցման պայմանագիր և, ըստ էության, հող կնախապատրաստի հնարավոր հետագա հարաբերություններին»։
Կուսակցությունները, որպես անվտանգային խնդիրների լուծման հիմք, դիտարկում են նաեւ երկրի ներսում հրատապ խնդիրների լուծումը, մասնավորապես՝ լիարժեք պետական համակարգի կառավարելիության ապահովումը և ներքաղաքական կայունության ապահովումը։ Անգամ խելամիտ որոշումները չեն կարող կյանքի կոչվել խաթարված կառավարման համակարգի պայմաններում։




