ԿարևորՔաղաքական

Արցախյան հարցը՝ միջազգային օրակարգում․ ի՞նչ կփոխի նոր «խաղացող» Գերմանիան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ռուս-թուրքական  համաձայնությունները տարածաշրջանային գործընթացներում,  շրջանցում են Մինսկի խումբը, թեև հայտարարություններում Մինսկի խմբի նկատմամբ հավատարմությունն, այնուամենայնիվ, պահում են։ Մինսկի խմբի արգելակված գործունեությունը վերագործարկելու անհրաժեշտությունը միջազգային խաղացողների Արցախյան հարցի քննարկման օրակարգում կլինի, իսկ Գերմանիայի ներգրավածությունը հեռախոսային քննարկումներին հուշում է, որ Մինսկի խմբի ձևաչափը բավարար չէ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան. «Եվրոպան փորձում է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ, քանի որ միայն Ֆրանսիայի ջանքերը ակնհայտորեն չեն բավարարում, իսկ Միսնկի խմբի ֆորմատով գործընթացների վերականգնումը որոշակիորեն արգելակվել է առաջին հերթին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով։ Արևմուտքը փորձել է Գերմանիային ներառել գործընթացում՝ իր մասնակցության մասնաբաժինը մեծացնելու համար», — ասում է Ռոբերտ Ղևոնդյանը։

Արցախյան հարցը միջազգայնացվում է, և Գերմանիան,  Եվրամիության առանցքային պետություններից մեկը լինելով, չէր կարող գործընթացներից անմասն մնալ՝ կարծում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Ասում է՝ սահմանային վերջին միջադեպերն ավելի կարևոր են դարձնում տարածաշրջանը միջազգային խաղացողների համար:

«Այն, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք և չնայած տարբեր պետությունների շատ հստակ պահանջներին, որ դուրս գան Հայաստանից, Ադրբեջանը դուրս չի գալիս և, բնականաբար, սա տարածաշրջանի անվտանգության տեսակետից նոր խնդիր է ստեղծում և ավելի է միջազգայացնում խնդիրը, ստիպում՝ միջազգային հանրությանը ավելի ակտիվ զբաղվել այս բոլոր հարցերով»,- նշում է Էդգար Վարդանյանը։

Հունիսի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենը և Էրդողանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղին, Սիրիային, Աֆղանստանին, Իրանին վերաբերող հարցեր: Հունիսի 16-ին տեղի կունենա ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, կկայանա Պուտին-Բայդեն հանդիպումը։ Քաղաքագետները չեն բացառում Արցախյան հարցի քննարկումը նաև այս հանդիպման ժամանակ։ Ռոբերտ Ղևոնդյանը դիտարկմամբ՝  ԱՄՆ-ն փորձում է ուշքի գալ «թրամփիզմի» կործանարար հետևանքներից և վերադառնալ տարբեր տարածաշրջաններ, և Հայաստանը պետք է գտնի շահերի հատման այն տիրույթը, որտեղ նաև իր շահերն են։ Քաղաքագետն ասում է:

«Այն արդյունքները, որոնք քաղաքական գործընթացների իրականացումից հետո տեղի են ունենում մեր տարածաշրջանում որոշակիորեն համընկնում են թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի շահերին։ ԱՄՆ-ն այս գործընթացում փորձում է սեփական դերակատարումը և սեփական շահերը առաջ մղել։ Ցավոք, Հայաստանն այս առումով որոշակիորեն կորցրել է իր սուբեկտայնությունը և ընդամենը մնում է սպասել, թե այլ խաղացողների շահերի հատման տիրույթում որքանով հնարավոր կլինի տեղավորել մեր շահերը»,- ասում է Ղևոնդյանը։

ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերն ու փորձում ավելի ազդեցիկ դառնալ, — կարծում է քաղաքագետ էդգար Վարդանյանը։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան փորձելու է պաշտոնական Բաքվի տեսակետները պաշտպանել, իսկ Բայդենը Էրդողանին կփոխանցի, որ Թուրքիան չպետք է շարունակի իր ապակայունացնող գործողությունները տարածաշրջանում։

«Կարող ենք ենթադրել, որ Բայդենը բոլոր հնարավոր խնդիրները կբարձրացնի, բնականաբար, այն խնդիրները, որոնք իր շահերից են, նաև կբարձրացվեն այն խնդիրները, որոնք կոնֆլիկտ ավելի սրելու պոտենցիալ  ունեն, ապակայունացնելու տարածաշրջանը»,- կարծում է Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանը սահմանային լարված իրավիճակը հանգուցալուծելու համար առաջարկել էր միջազգային դիտորդների տեղակայում հայ–ադրբեջանակական սահմանին։ Վարչապետի պաշտոնակատարի առաջարկը, Ղևոնդյանի դիտարկմամբ, քննարկման առարկա կարող է լինել, սակայն կյանքի կոչվելու հնարավորություն չունի։ Դա պայմանավորված է տարածաշրջանում ռուս–թուրքական ազդեցության մեծացմամբ: Հայաստանի իշխանությունն այս առաջարկն անելով ոչ թե նպատակ ուներ գործընթաց սկսելու, այլ ուզում էր ցույց տալ աշխարհին, թե ովքեր են գործընթացի իրական շահառուները,-ասում է Ռոբերտ Ղևոնդյանը:

«Միջազգային դիտորդների տեղակայումն անհավանական է թվում, առավել ևս, որ Ադրբեջանից եկող արձագանքներն այն մասին են, որ պետք է լինի ընդհանուր խաղաղության համաձայնագիր։ Բնականաբար, Ադրբեջանի շահերի մեծաքանակ հաշվառմամբ, ինչը տեղ չի թողնում այսպիսի հատվածային լուծումների համար», — բացատրում է Ղևոնդյանը։

Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Փաշինյանի առաջարկը բոլոր դերակատարներից անուղղակի դրական պատասխաններ է ստացել։ Չի բացառում, որ հարցը  քննարկված լինի՝ առանց համաձայնության  հասնելու: Այդուհանդերձ, ստացված արձագանքներից կարելի է հետևություն անել, որ բոլոր խաղացողները ողջունել են դեէսկալացիայի և զորքերի հայելային հետքաշման մոտեցումները, թեև դիտորդների հետ կապված կոնկրետ առաջարկություններ չեն հնչել:

«Դիտորդների խնդիրը փաթեթի մեջ էր չէ՞ ներառված։ Կոնկրետ դիտորդների հետ կապված ուղղակի ասվել է, որ միջազգային հանրությունը կաջակցի այդ դեէսկալացիային։ Թե այդ աջակցելը ինչպես կդսևորվի դեռևս կոնկրետ բան չի ասվել»,- խոսքն ամփոփում է Վարդանյանը։

Քաղաքագետների դիտարկմամբ՝ ռուս–թուրքական սիրաշահումները տարածաշրջանում գերակայում են, և անկախ նրանից, թե ինչ կքննարկեն գերտերությունների առաջնորդները, Հայաստանը պետք է աշխարհաքաղաքական շահերի բախման տիրույթում առաջ մղի սեփական շահերը։

Կարդացեք նաև

Back to top button