
«Թուրքական ազգայնական «Գորշ գայլերը» Վրաստան են մեկնում որպես գործարարներ ու բարերարներ»։ Վրաստանում որոշ փորձագետներ կարծում են՝ ծայրահեղական այս կազմակերպության անդամները տարիներ շարունակ գործունեություն են ծավալում երկրի ողջ տարածքում՝ կասկած չհարուցելով իրավապահների շրջանում:
Իսլամական ահաբեկչական խմբավորումները տարբեր ճյուղեր ունեն, ասում է ահաբեկչության հարցերով վրացի փորձագետ, լրագրող Իոսիֆ Զաալիշվիլին՝ նշելով, որ «Գորշ գայլերը» Վրաստանի նման երկիր են գալիս մարդասիրական, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների քողի տակ։ Վրաստանում նրանք բաց չեն գործում։ «Օրինակ թուրքական «Միջազգային մարդասիրական հիմնադրամը» (IHH) ներկայանում է որպես իրավապաշտպան կազմակերպություն, սակայն իրականում ահաբեկչական է․ Վրաստանում, Ադրբեջանում զբաղվում է մուսուլմանների հավաքագրմամբ՝ հետագայում նրանց ընդգրկելով նաև «գորշ գայլերի» շարքերում։ Վրաստանում ևս այդ կազմակերպությունը (IHH) գործում է, իրենց էջում բաց ասվում է, որ բայրամի, իսլամական տոներին «մարդասիրական» բեռներ են փոխադրում Աջարիա, Պանկիսի»։
Զաալիշվիլի խոսքով թուրքական բիզնեսը և գրեթե առանց տոկոս հիփոթեքները աստիճանաբար փոխում են Վրաստանը։ Պանթուրքիզմի ծրագիրը, ըստ նրա, Վրաստան է գալիս այդ կերպ․
«Նրանք (գորշ գայլերը, խմբ․) գալիս են այստեղ որպես ներդրողներ, գործարարներ, բարերարներ․ Վրաստանում գործում են իսլամական մարդասիրական կազմակերպությունների քողի տակ»։
«Աջարիայի շրջանը, Բաթումին, դա արդեն Վրաստանը չէ, այնտեղ թուրքական ազդեցությունը շատ մեծ է»,- ասում է փորձագետը՝ նշելով, որ իշխանությունները պետք է գիտակցեն Թուրքիայից եկող վտանգը․ «Ժողովրդավարական Վրաստանը չպետք է նման հարաբերություններ ունենա ահաբեկչությանը սատարող, ՆԱՏՕ-ի անդամակցությանն անարժան երկրի հետ»։ Բացի այդ, ըստ նրա, Վրաստանն անհապաղ պետք է չեղյալ հայտարարի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը՝ երկիրն ահաբեկչական գործողություններից հեռու պահելու նպատակով:
Մեկ այլ փորձագետ, Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (GFSIS) հետազոտող Ալեքսանդր Կվախաձեն ասում է, որ առաջին հերթին թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլերը» փորձ են անում իրենց ներկայացուցչությունն ու ազդեցությունն ունենալ թյուրքախոս միջավայրում և այս օրերին ակտիվացել են հատկապես Ադրբեջանում։ Կվախաձեն, սակայն, Վրաստանի տարածքում թուրքական բիզնեսի միջոցով «գորշ գայլերի» գործունեություն չի տեսնում, փոխարենը ընդգծում է․
«Թուրքիան Վրաստանում ակտիվորեն աշխատում է կրոնական բաղադրիչի վրա, օրինակ Աջարիայում նման աշխատանք տարվում է և դա մենք տեսնում ենք, սակայն ազգայնական ու պանթուրքական կազմակերպությունների գործունեություն, եթե լիներ, կերևար»։
Իսկ ժամանակ առ ժամանակ վրաստանյան մամուլում այդ մասին հայտնվող լուրերն անտեսվում են, քանի որ, ըստ փորձագետի երկրի հասարակության գերակշիռ մասը չգիտի՝ ինչ կազմակերպության մասին է խոսքը։




