ԿարևորՀասարակություն

Բնակարանային աջակցության ծրագրից 2021թ․ օգտվել է արդեն 760 ընտանիք

Երեխա ունեցող երիտասարդ ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման պետական աջակցության 3 ծրագրից արդեն օգտվել է 1040 քաղաքացի։ Նրանց մեծ մասը Երևանից և Կոտայքից են։ Քիչ են շահառուները Վայոց Ձորից և  Գեղարքունիքից։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ծրագրից օգտվողների թիվը կտրուկ աճել է․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Գայանե Ղարագյոզյանն ասում է՝  սա փաստում է, որ ծրագիրը ծառայում է նպատակին։

ՄԱԿ–ի տվյալներով՝ 2050թ Հայաստանում կապրի 140 հազար մարդ ավելի քիչ, քան 2020թ–ին։ Ժողովրդագրության զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով՝ Կառավարությունը նախորդ տարի հաստատեց երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։ Հունիսի 7-ի դրությամբ «Բնակարանային ապահովության պետական աջակցության» ծրագրերից օգտվել է արդեն 1040 շահառու, պետական բյուջեից փոխանցվել է շուրջ 760 մլն դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Գայանե Ղարագյոզյանն ասում է՝ կտրուկ աճել է ծրագրերին դիմողների թիվը․ 1043 շահառուից շուրջ 630-ը ծրագրերից օգտվել է 2021թ–ին։

«Ի սկզբանե 2021թ պետական բյուջեով ծրագրերի համար հաստատվել էր 526 մլն դրամ։ Մենք առաջին եռամսյակի ընթացքում բյուջեն համալրեցինք ևս 70 մլն դրամով՝ վերաբաշխում անելով ներքին ռեսուրսներից։ Երկրորդ եռամսյակի համար ևս բյուջեում 100 մլն դրամի վերաբաշխում է արվել։ Բնականաբար, 3-րդ և 4-րդ եռամսյակներում ևս նախատեսվում է բյուջեի համալրում»,– ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Գայանե Ղարագյոզյան

Ծրագրերի շահառուների մասով․ Երևանից հետո ամենաակտիվը Կոտայքի մարզն է՝ շուրջ 160 շահառու, իսկ ամենապասիվը Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերը։ Գայանե Ղարագյոզյանը պասիվության հիմնական պատճառը վճարունակությունն է համարում, քանի որ խոսք է գնում հիպոտեկով բնակարան ձեռք բերելու մասին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ուսումնասիրել է ու պարզել. ընտանիքում երեխայի ծնունդ պլանավորելիս հատկապես որոշիչ են լինում բնակարանային պայմանները, դրանք բարելավելու և արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը:

Նախարարի խորհրդական Գայանե Ղարագյոզյանը հիշեցնում է՝ Կառավարությունը աջակցության 3 ծրագիր է առաջարկում. առաջինը՝ միանվագ դրամական աջակցության ծրագիրն է: Այն տրամադրվում է մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցապատելու համար և ուղղվում է կանխավճարին։

«Կարևոր է, որ ընտանիքն ունենա առնվազն 2 անչափահաս երեխա։ 2 երեխայի դեպքում՝ աջակցության չափը կազմում է անշարժ գույքի ձեռք բերման արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ։ Եթե շահառույի տարիքը չի գերազանցում 30 տարի,ն ապա աջակցությունն ավելացվում է ևս 30 տոկոսով։ 3-րդ և հաջորդ երեխաների դեպքում աջակցությունն ավելացվում է ևս 5 տոկոս, բայց ոչ ավել քան 500 հազար դրամով»,– ներկայացնում է Գայանե Ղարագյոզյանը։

Այս ծրագրից օգտվել է արդեն շուրջ 200 շահառու։ 180 շահառու էլ ունի կանխավճարի ապահովագրության ծրագիրը․ տրվում է աջակցություն՝ կանխավճարի տարեկան ապահովագրավճարի մարման համար՝ 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 180 հազար դրամը։ Երրորդը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է․ եթե հիպոտեկային վարկ մարող ընտանիքում 2020թ հուլիսի 1-ից հետո երեխա է ծնվում, պետությունը տրամադրում է աջակցություն, որը ուղղվում է հիպոտեկի մայր գումարի մարմանը։

«1-ին և 2-րդ երեխաների դեպքում աջակցության մաքսիմալ չափը կազմում է 500 հազար դրամ, 3-րդ և հաջորդ երեխաների դեպքում մաքսիմալ չափը 2 միլիոն դրամ է։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը, 1-ին և 2-րդ երեխաների դեպքում առավելագույն շեմը 1.5 մլն դրամ է, 3-րդ և հաջորդի դեպքում՝ 4 մլն դրամ»։

Աջակցության ծրագրերերը բարելավելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխությունների փաթեթ է պատրաստում՝ ասում է Գայանե Ղարագյոզյանը․ փոփոխություն կլինի երրորդ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրում։ Գործող կարգի համաձայն, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը, 3-րդ երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է 4 միլիոն դրամ։ Սոցապ նախարարության վիճակագրությունը ցույց է տվել, որ սա կենսունակ պայման չէ, արդյունքում 25 տարեկանի շեմը կառաջարկեն դարձնել 30։

Միայն սոցիալական աջակցությամբ հնարավոր չէ ժողովրդագրական ցուցանիշերը բարելավել՝ ասում է Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։ Շեշտում է՝ հասարակության վարքագիծը միանգամից չի փոխվում, հնարավոր չէ 1-2 տարում գնահատել սոցիալական ծրագրերի արդյունավետությունը։

«Սոցիալական ծրագրերը պետք է հաջորդեն տնտեսական ծրագրերին։ Սկզբում պետք է տնտեսությունը զարգացնել, ստեղծել կայուն միջավայր, հավաքագրել եկամուտներ, հետո միայն սոցիալական ծրագրերի միջոցով դա վերաբաշխել խոցելի խավին։ Այստեղ մենք կաղումներ ունենք, ինչի մասին ես բազմիցս ասել եմ․ բավականին շատ սոցիալական պարտավորություն ենք վերցրել մեզ վրա։ 2021թ բյուջեն 2018թ բյուջեիի համեմատ, ծախսային տեսանկյունից, աճել է 400 միլիարդով, դրանից միայն ընթացիկ ծախսերի մասով՝ աճել է 335 միլիարդով»,– ասում է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյան

Վարդան Արամյանը նշում է՝ ցանկացած ընտանիքի կարիքները անսահմանափակ են, որքան էլ ֆինանսական օգնություններ տրամադրվեն, միևնույն է, ինչ–որ բան բաց է մնալու։ Ամենակարևոր խնդիրն այս պահին, ըստ Արամյանի, անվտանգությունն է, չէ՞ որ նոր երեխայի պլանավորումը, բացի սոցիալական բաղադրիչից, նաև ապրելակերպի պլանավորում է ենթադրում։

«Եթե ապագայի նկատմամբ անորոշությունները շատ են, բնականաբար, դա նույնպես ազդելու է մարդկանց՝ երեխա ունենալու որոշման վրա»,– ասում է Վարդան Արամյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Գայանե Ղարագյոզյանն հակադարձում է․ ծրագրերի շահառուների թվի աճը ցույց է տալիս՝ ծրագիրը ծառայել է նպատակին։

Կարդացեք նաև

Back to top button