ԿարևորՀասարակություն

Թերթը միայն թղթային կրիչ չէ․ «Հայաստանի Հանրապետության» նոր կայքը` hhpress.am հասցեով

«Արմենպրես» մեդիաընտանիքի անդամ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ունի նոր, թարմացված, ժամանակակից պահանջներին համապատասխան կայք–էջ: hhpress.am–ի նախկին տարբերակը տարիներ առաջ բավարարում էր ժամանակի պահանջներին, բայց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն արձանագրում է՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն արագ են զարգանում, և վաղուց ժամանակն էր նոր կայք–էջ ունենալու։ Ամիսներ առաջ էլ «Արմենպրեսը» ներկայացրել է նաև «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի վերափոխված էլեկտրոնային տարբերակը, ինչի շնորհիվ ընթերցողների թիվը բազմապատկվել է։ Արամ Անանյանը հուսով է, որ նույնը կլինի նաև «Հայաստանի Հանրապետություն» թերթի պարագայում․ կայք- էջի վերաթողարկումը Անանյանը համարում է նոր սկիզբի ու վերելքի պայմանական մեկնարկ։

«Վստահ ենք, որ «Հայաստանի Հանրապետություն» թերթը նույնպես նոր կայքի շնորհիվ բազմապատկելու է իր ընթերցողների թիվը։ Առհասարակ 30-ամյակը կարևոր և հետաքրքիր առիթ է դեպի առաջ գնալու։ Այս տարի «Արմենպրեսում» նորություններ շատ են լինելու։ Մեր գործընկերների օգնությամբ մենք տեխնիկական, բովանդակային և կարողությունների ավելացման հնարավորություններ ունենք։ Կարծում ենք՝ առաջիկայում հնարավորություն կունենանք նաև նոր լեզուների մասին խոսելու․ «Արմենպրեսը» շուտով կխոսի նոր լեզուներով։

Բոլոր ընթերցողներին կոչ եմ անում ակտիվորեն այցելել մեր կայքը՝ hhpress.am հասցեով։ Անելու ենք հնարավորը, որ եթե սկսեք թերթով, անպայման շարունակեք էլեկտրոնային տարբերակով։ Մենք այս քայլը շատ ենք կարևորում, քանի որ կարծում ենք, որ սա «Արմենպրես» մեդիաընտանիքի թվային վերափոխման գործընթացի հերթական քայլն է»,– ասում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։

Թերթի էլեկտրոնային տարբերակի վերաթողարկմամբ «Արմենպրեսը» կոտրում է այն կարծրատիպը, որ թերթը բացառապես թղթային կրիչ է՝ ասում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը և շեշտում՝ այսօր թերթն իր թեմաների բազմազանությամբ ներգրավվում է բոլորին՝ անդրադառնալով ոչ միայն պետական պաշտոնական լրահոսին, այլ նաև ներկայացնելով մեկնաբանություններ ու բազմաբնույթ վերլուծություններ։

«Ունենալով պետական կարգավիճակ՝ մենք այսօր անդրադառնում ենք ոչ միայն պետական պաշտոնական լրահոսին, այլ նաև ներկայացնում ենք մեկնաբանություններ ու վերլուծություններ։ Թերթային կրիչի վրա եղած մեր արտադրանքն ու էլեկտրոնային տարբերակի արտադրանքը լրացնելու են մեկը մյուսին, կլինեն այնպիսի նյութեր, որոնք մինչև թերթում լույս ընծանվելը կհայտնվեն կայքում և կլինեն կայքում կիսատ՝ անոտացիոն նյութեր, որոնց շարունակությունը կլինի թերթում»,– ասում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը։

Կարդացեք նաև

Back to top button