
Գյումրիում հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան նոր դպրոց կկառուցվի։ Այն կկրի աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի անունը։ Հայրաքաղաքում համոզված են՝ նոր մարզադպրոցն օլիմպիական նոր չեմպիոններ է պատրաստելու, իսկ Գյումրին միջազգային մրցումների կենտրոն է դառնալու։
Գյումրիի Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի դպրոցի 140 սաներից յուրաքանչյուրը օլիմպիական ոսկու մասին է մտածում։ Տղա թե աղջիկ ծանրամարտի է հաճախում 8 տարեկանից։ Ոգևորող օրինակները շատ են։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վահան Բիչախչյանն դրանցով է հպարտանում։
«Այս արդյունքը, որ ունենք, որը պատերին է՝ լուսանկարներով, Հայաստանում եզակի է, աշխարհում էլ է եզակի, աշխարհում էլ չկա նման դպրոց»։

Աշխարհում նմանը չունեցող դպրոցի սաներից մեծ է մարզիչի սպասելիքը, բայց ասում է՝ «մինչև ջուրը չթռնենք, հոպ չենք ասի»։ Առաջիկա Օլիմպիական խաղերում գյումրեցիներից մեծ են նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի սպասելիքները։
«Գյումրեցիներից միշտ են սպասելիքները մեծ, Գյումրին սպորտային ավանդույթներով քաղաք է, գյումրեցիները հաղթատենչ մարդիկ են, ու պիտի անպայման մեծ լինեն նվաճումները․ Արթուր Ալեքսանյան՝ օլիմպիական չեմպիոնի հավակնորդ, անպայման պիտի կրկնի իր հաջողությունը, Հովհաննես Բաչկով՝ շատ եմ սպասում, Հովհաննեսը կարող է նաև ոսկի բերել, եթե ծանրամարտում երկրորդ վարկանիշի հարցը լուծենք, ապա գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը կարող է օլիմպիական արծաթ բերել»։

Կարեն Գիլոյանը եղել է ոչ միայն Գյումրիի, այլ նաև Արթիկի, Անի և Ախուրյան խոշորացված համայնքների մարզադպրոցներում և տեսել, թե ինչ անմխիթար վիճակում են դրանք։
«Քաջատեղյակ եմ ամեն ինչին, բայց գույքային, շենքային ծրագրեր ունենք։ Այդ ամենն իրականացնելու համար պետք է իրական գնահատական տալ, հաշվարկները ճիշտ անել, որ հետո խնդրի առաջ չկանգնենք։ Մյուս տարվա համար միջնաժամկետում մենք 500 մլն դրամի գույքային ծրագիր ունենք»։
Զրուցակիցս առանձնացնում է նաև խաղային դահլիճների բացակայությունը, ասում է՝ ամեն ինչ արվելու է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում 400-500 հանդիսականի համար նախատեսված գոնե մեկ խաղային դահլիճ լինի։
«Երեխան պետք է շատ չչարչարվի մինչև դահլիճ հասնելը: Իսլանդիայում այդ հարցը շատ լավ լուծեցին, երեխան պետք է քայլի 10 րոպեից ոչ ավելի ու հասնի ստադիոն: Այդքան ստադիոն կառուցեցին, դրա համար էլ տեսնում ենք՝ Իսլանդիայի հավաքականն ինչերի է հասել»։

Գյումրիի քաղաքային ստադիոնում մարզվողների թիվն ու եռանդը տեսնելով՝ Կարեն Գիլոյանը նոր գաղափարի մասին է մտածում , որ մարդիկ ձմռանն էլ մարզվելու հնարավորություն ունենան:
«Մյուս տարի միջնաժամկետ ծրագրով քննարկելու ենք թեթև կոնստրուկցիաներով, հավաքովի փակ ատլետիկական մանեժ ունենալու հարցը»։
Դա՝ ապագայում, իսկ այսօր արդեն սկսվել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները, որի համար հատկացվել է 500 մլն դրամ:

«Այդքան երեխայի մարզվելու հարց կլուծվի, հաստիքներ կավելանան, և շատ կարևոր է, որ Գյումրին միջազգային մրցումներ ընդունի»։
Մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար:




