ԿարևորՀասարակություն

«Զոդ Ուինդ» ընկերությունը պետությունից 5 մլն դրամ է պահանջում․ դատական առաջին նիստը կայացել է

Սոթքի լեռնանցքում տեղակայված  հողմակայանների  սեփականատեր «Զոդ Ուինդ» ընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի կառավարության։ Ըստ հայցի՝ պետությունը չի ապահովել իր բիզնեսի անվտանգությունը։ Դատական առաջին նիստն արդեն կայցել է։

Սոթքի լեռնանցքում  տեղակայված հողմակայանների միջոցով էլեկտրաէներգիա արտադրող «Զոդ Ուինդ» ընկերությունը  դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի կառավարության, ՀՀ վարչապետի ու Կադաստրի պետական կոմիտեի՝ պահանջելով հատուցել ընկերությանը հասցրած 5 մլն դոլար վնասը։ Կառավարության ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը անմիջապես նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց։

«Հարգելի՛ դատարան, ներողություն եմ խնդրում, որ առարկությունները վերջնական չեն։ Քննարկումներ են ընթանում, այդ պատճառով  խնդրում ենք  հետաձգել նիստը՝ վերջնական դիրքորոշում ներկայացնելու համար»։

Գործը քննող դատավոր Դանիել Դանիելյանը, սակայն, պատասխանող կողմի համաձայնությամբ շարունակեց դատական նիստը։  Հայցվորի փաստաբան Գնել Մուղնեցյանը մանրամասնեց՝ նոյեմբերի վերջին արդբեջանցի զինվորները եկել ու տեղակայվել են անպիջապես հողմակայանների տակ։ Դրանց մոտենալ չի ստացվում։

«Մենք գտնում ենք, որ ՀՀ վարչապետի գործողությունները հանրային իրավունքի ոլորտում իրականացվող  գործողություններ են, որոնց հետևանքով  հայցվորը կրել է վնասներ։ Հայցվորն օրենքով սահմանված կարգով դիմել է սույն գործով պատասխանատու համապատասխան սուբյեկտներին՝ խնդրելով  տրամադրել իրեն վարչարարության պատճառված վնասը»։ 

Երկրի դրությունը նկատի ունենալով՝ հայցվորը պատրաստակամ է քննարկել փոխհատուցման եղանակները ու պարտադիր չի համարում, որ փոխհատուցումը լինի գումարի տեսքով։ Ընկերությունը փորձել է իր տարբերակները ներկայացնել կառավարությանը, սակայն գործադիրից որևէ արձագանք չի ստացել։

Դատավարությունը հետաձգվեց՝ հնարավորություն տալու կողմերին՝ ի մի բերել իրենց առարկություններն ու դիրքորոշումը։ Հաջորդ նիստը սեպտեմբերի 24-ին է։ 

Կարդացեք նաև

Back to top button