ԿարևորՀասարակություն

Վերջին զանգ․ ինչ-որ բանի վե՞րջ, թե՞ սկիզբ

Այսօր «Վերջին զանգ» է շատ աշակերտների համար։ Qahana.am-ը ներկայացնում է, թե ինչ է նշանակում «Վերջին զանգ»։ Արդյո՞ք այն ինչ որ նոր փուլի սկիզբ չի համարվում։

«Կյանքում ոչինչ չի վերջանում: Յուրաքանչյուր վերջ ազդարարում է նորի սկիզբը: Իսկ ամեն նոր բան ենթադրում է հաստատակամություն, վստահություն և հավատ: Հավատ առ Աստված, որ այդ նորը բարի է, եթե մենք պատրաստ ենք բարին արարելու: Մենք ամեն բան ծայրահեղացնում ենք՝ կամ լավ, կամ վատ, կամ հիմա, կամ երբեք, կամ վերջ, կամ սկիզբ: Իսկ Աստված մեզ սովորեցնում է, որ այս կյանքում ամեն ինչ անցողիկ և փոփոխական է, այս կյանքում ոչինչ անվերջ չէ՝ ո՛չ ուրախությունը, ո՛չ տառապանքը: Հավերժ է միայն այն, ինչ Աստծուց է: Հարկավոր է ուղղակի վստահել Աստծուն և աշխարհին նայել Նրա աչքերով: Վերջին զանգն էլ, մի փուլ է, որ հարկավոր է անցնել, դասեր քաղել՝ Աստծուն ապավինելով շարունակել կյանքի ընթացքը»,-ասում է քահանան:

Հայաստանում ավանդույթ է ձևավորվել՝ «Վերջին զանգ»-ի արարողության ընթացքում այցելել եկեղեցի և Աստծո օրհնությունը խնդրել կյանքի նոր փուլ մտնելուց առաջ: Վաղ ժամանակներից մինչև մեր օրեր զանգ օգտագործելու բուն նպատակն է եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովրդին եկեղեցի հրավիրել, համախմբել և հաղորդակից դարձնել  երկնքի հետ սրբազան ձայնով: «Վերջին զանգ»-ի արարողությունը իր խորհրդով ևս հրավեր է կյանքի կարևոր փուլում Աստծո հետ, Աստծո տանը հանդիպելու համար:

Կյանքը իրենից ենթադրում է փոփոխություններ, «սկզբեր» և «վերջեր»: Առանց Աստծո՝ ճշմարիտ Սկզբի, ամեն փոփոխություն վտանգ է, իսկ Աստծո հետ՝ ամեն փոփոխություն ևս մեկ քայլ դեպի ճշմարիտ ճանապարհը և կապ չունի, թե այդ ճանապարհը քանի վերջ ու քանի սկիզբ ունի:

Կարդացեք նաև

Back to top button