ԿարևորՀասարակություն

Բաբկեն Պիպոյան.Քաղաքապետարանի հաշվարկները մոլորեցնող են

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Երևանի քաղաքապետարանի հուլիսի 18-ին ներկայացրած տնտեսագիտական հաշվարկի համաձայն ՝ միկորավտոբուսի մեկ ուղևորի փոխադրման սակագինը 144.9 դրամ է: Այդ փաստաթղթով քաղաքպետարանը փորձել է հիմնավորել երթուղայինների սակագնի 50 տոկոս բարձրացումը: Քաղաքապետարանի հաշվարկը իրական ծախսերի հետ որևէ կապ չունի և ընդամենը վատ նկարչություն է կամ վատ թվաբանություն ՝ ասում է «Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա պատրաստ է իր հաշվարկներով ապացուցել, որ ճիշտ կառավարման դեպքում սակագինը կարող էր ոչ միայն չբարձրանալ, այլև նվազել:
«Չի կարելի այսպես մոլորեցնել սպառողին: Սակագնի իրական ինքանրժեքը մեր հաշվարկներով 80 դրամ է, իսկ լավ կառավարման դեպքում ՝ ավելի ցածր»:

Հիմնական մոլորեցումն, ըստ Պիպոյանի, ուղևորների քանակի մեջ է : Քաղաքապետարանի հաշվարկի մեջ մեկ ուղևորի ծախսը հաշվելու համար ամսական ծախսերը բաշանվում են ուղևորների թվի վրա: Բնականաբար, որքան փոքր լինի ուղևորների թիվը , այնքան մեծ կստացի մեկ ուղևորի ծախսը: Ըստ քաղաքապետարանի հաշվարկի ՝ մեկ մեքենան մեկ ամսում տեղափոխում է 5850 ուղևոր, իսկ օրվա մեկ շրջապտույտի ընթացքում ՝ 15 ուղևոր: «Իրազեկ ու պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը համոզված է, որ այս թիվը հեռու է իրականությունից : Ըստ նրա՝ անգամ ուղևորներն իրենք կարող են դիտարկում անցկացնել ու համոզվել, որ մեկ երթուղայինը մեկ շրջապտույտի ընթացքում նվազագույնը 25-30 ուղևոր է տեղափոխում:

Այս ու բոլոր մյուս հակափաստարկները կազմակերպությունը ներկայացրել է հրապարկայնորեն՝ պատկան մարմիններին կոչ անելով ասվածի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել: Որևէ արձագանք առայժմ չեն ստացել:

«Մենք ընդամենը վերլուծել ենք քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկը, ասել ենք ՝ պարզաբանեք: Եթե մեր փաստերը սխալ են,հերքեք, մեկնաբանություն տվեք: Իսկ ինչու չեն մեկնաբանում, որովհետև ժամանակ է պետք նոր բան հորինելու համար»:
Բաբկեն Պիպոյանն այսօր նկատեց նաև, որ նման բարձրացումը կարող էր արդարացված լինել միայն այն դեպքում, երբ քաղաքապետարանն ի վիճակի լիներ երթևեկության քաղաքակիրթ ու արժանավայել պայմաններ ապահովել, ինչն այսօր պարզապես հնարավոր չէ:

Որոշ քաղաքացիներ, նաև կազմակերպություններ արդեն հայտարարել են վարչական դատարան դիմելու մտադրության մասին: «Իրազեկ և պաշտպանված սպառող»  ՀԿ-ն պատրաստ է տրամադրել իր կատարած հաշվարկները ու դատարանում ապացուցել, որ  100 դրամ ուղեվարձի դեպքում էլ երթուղայիների սեփականատերերը գերշահույթ են ստանում:

Իսկ ահա «Հասարակական տրանսպորտը 100 դրամ» նախաձեռնության անդամ Լուսինե Մնացականյանը ուղևորներին կոչ է անում 150-ի փոխարեն շարունակել 100 դրամ վճարել:
«Բոլորին կոչ եմ անում կտրականապես հրաժարվել 150 դրամ վճարելուց: Ես որևէ դատական պրոցես չեմ ակնկալում, միայն հասրակական աջակցություն եմ, ակնլակլում, քանի որ կարծում եմ ազդել հնարավոր է հանրային ճնշմամբ»:

Ի դեպ, հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամն  այսօր առավոտյան արդեն փորձարկել էր   թանկացման դեմ պայքարի իր միջոցը՝   վճարել էր 100 դրամ, իսկ 50 դրամի փոխարեն վարորդին թղթի կտոր էր փոխանցել  «50 դրամ» գրառմամբ:

Տրանսպորտի սակագնի բարձրացումից բողոքում են նաև ուսանողները: «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ փոխնախագահ Զոհրապ Հովհաննիսյանն այսօր փոխանցեց, որ պատրաստվում են պետական կառույցներին առաջարկներ ներկայացնել , մասնավորապես առաջարկել , որ ուսանողների համար ուղեվարձը շարունակի 100 դրամ մնալ: Հակառակ դեպում, սեպտեմբերից բարձրացող ուսման վարձերն ու զուգընթաց ուղեվարձի բարձրացումը ուսանողությանը անելանելի վիճակի մեջ են դնելու ՝ մեզ հետ զրույցում ասաց Զոհրապ Հովհաննիսյանը:

«Երկուշաբթի օրը երկու գերատեսչություններին ՝ Երևանի քաղաքապետարանին և Տրանսպորտի ու կապի նախարարությանը կտրվեն դիմում նամակներ, որոնցով առաջարկում ենք ուսանողների համար հատուկ կտրոններ ներդնել, որոնցով ուսանողությունը կերթեևեկի եթե ոչ անվճար, ապա գոնե 100 դրամով»:

Կարդացեք նաև

Back to top button