
Ակտիվ կամ պոտենցիալ ակտիվ հրաբուխները կարող են լինել նաև էներգիայի աղբյուր, -կարծում են երկրաջրային էներգետիկ ռեսուրսներն ուսումնասիրող մասնագետները։ Հայաստանը, և հատկապես, Սյունիքը, պարզվում է՝ այլընտրանքային էներգիայի այս տարբերակից օգտվելու ներուժ ունի։ Եթե ներդրումներ լինեն, այնտեղ կարող է կառուցվել Հայաստանի առաջին երկրագրային էլեկտրակայանը։
Հայաստանում էներգիայի այլընտրանքային աղբյուրները կարող են ավելանալ ևս մեկով։ Տասնյակ տարիներ հետազոտություններ են իրականացվում հասկանալու համար՝ հնարավո՞ր է երկրի ջերմությունը՝ ստորգետնյա ջրերի ջերմային էներգիան վերածել էլեկտրական էներգիայի։ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը «Երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների և բնական վտանգների գնահատումը Հայաստանում» գիտահետազոտական նախագծի գլխավոր հետազոտողն է, ներկայացնում է երկրաջերմային էներգետիկան Հայաստանում կիրառելու հնարավորություններն ու անհրաժեշտությունը․
«Ընդհանուր առմամբ գիոթերմալ էներգիան Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Մեր երկրաբանական կառուցվաքը՝ բազմաթիվ հրաբուխներով և ակտիվ խզվածքներով, պոտենցիալ վտանգի աղբյուր են, իհարկե, բայց, միաժամանակ, կարող են հանդիսանալ գեոթերմալ էներգիայի աղբյուր, և այդ հեռանկարները կան»։
Գիտնականը նշում է էներգետիկայի այս տեսակը Հայաստանում խթանելու մոտիվները․ նախ՝ ի տարբերություն արևի կամ քամու էլեկտրակայանների, այս տարբերակը հաստատուն հզորացում գեներացնող էլեկտրակայան է, այն չի դադարի արդյունավետ աշխատել, եթե չկա քամի ու արև, կամ եթե ձմեռ է։ Դրա շահագործումը կախված չէ միջուկային վառելիքի կամ գազի ներմուծումից։
Բայց առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանը ունի ստորգետնյա ջրեր, որոնք կվերափոխվեն էլեկտրական էներգիայի․
«Կուսումնասիրվի Գեղամա հրաբխայի բարձրավանդակը և Ջավախքի հրաբխային լեռնաշղթայի հարավային՝ հայկական մասը։ Ավելի հարավում՝ Սյունիքում, մենք մի քայլ առաջ ենք․ այնտեղ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրականացվել են երկարաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ և նաև 16-17 թթ հետախուզական հորատում, և այդ Քարքառի տեղամասը գեոթերմալ էներգիայի համար այժմ հասանելի է որպես ներդրումային ծրագիր, կառավարության կայքում այն առկա է, և եթե լինի ներդնող, այնտեղ կարող է կառուցել գիոթերմալ էլեկտրոկայան»։
Էներգետիկ գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ռուբեն Մուրադյանը կարծում է, որ սա օգտակար, բայց դժվար իրագործելի նախագիծ է։ Ասում է՝ էներգետիկա արտադրելու համար ընդերքից դուրս եկող հեղուկի կամ գոլորշու ջերմաստիճանը պետք է 110 աստիճան լինի, իսկ դա կազմակերպելը հեշտ բան չէ․
«Հետազոտումթյանը ցույց է տվել, որ եթե 5 կմ խորությամբ հոր ստեղծենք, ուրեմն, այնտեղ արդեն այդպիսի աստիճանի է հասնում․ մի թոնիր են սարքում, էդ թոնիրի հատակին արդեն 110 աստիճան է լինում, մի ջրի խողովակ են իջեցնում, էնտեղ ջուրը տաքանում է, դուրս գալիս արդեն որպես 110 աստիճանի գոլորշի։ Բայց էդ 5 կմ փորելու համար ահռելի ծախսեր են պետք»։
Միևնույն ժամանակ հարց է առաջանում՝ արդյո՞ք ներդրումները հավասարազոր են լինելու ակնկալվող շահույթին, այս տարբերակը պետությանն ու քաղաքացուն առավել ձեռնտու պայմաններով էներգետիկա տալու՞ է։ Հարցերը դեռ պատասխան չունեն, փոխարենը երկրաջերմային էներգետիկ ռեսուրսներն ուսումնասիրող մասնագետները միջազգային փորձն են շեշտադրում՝ Ֆիլիպիններում էներգետիկայի՝ 23, Իսլանդիայում՝ 27 տոկոսը բաժին է ընկնում երկրաջերմային էներգիային։ Ասում են՝ Հայաստանը նույնպես ունի պայմաններ, որոնք թույլ են տալիս, որ ավանդական էներգետիկան փոխարինվի այլընտրանքայինի նաև այս տարբերակով։





