
10X Engineering ինժեներական ընկերության մասնագետները շատ հետաքրքիր լուծում են գտել, որը կօգնի հատկապես ասեղից ու նշտարից վախեցողներին։ Ինժեներական թիմը մշակել է եռաչափ 3D ակնոց, որը հնարավորություն է տալիս մարդու տեսողական և լսողական զգայարանները տեղափոխել վիրտուալ աշխարհ, ինչի արդյունքում բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազում են ցավն ու սթրեսը։
Որպեսզի բժշկին այցելելուց երեխան սթրես չապրի, պարտադիր չէ նրան կոնֆետ կամ կարուսել խոստանալ։ Վիրտուալ տիրույթի շնորհիվ ինժեներական թիմը հիվանդանոցում ներարկիչը աչքից թաքցնելու բավականին հետաքրքիր լուծում է գտել։ Արդեն հայտնի 3D ակնոցի համար 10X Engineering ինժեներական ընկերությունը ծրագրային հավելված-քոնթենթ է ստեղծել: Այն, օգտագործելով վիրտուալ տիրույթի հնարավորությունները, ազդում է մարդու լսողական և տեսողական զգայարանների վրա։

Այսինքն, երեխան հիվանդանոցում կանցնի բուժզննում՝ չիմանալով անգամ , որ հիվանդանոցում է,- ասում է ընկերության տեխնիկական ղեկավար Աշոտ Դանիելյանը․ «Ամբողջ պրոցեդուրայի ընթացքում նա չի տեսնում բժիշկին, չի զգում ցավը, որն էլ օգնում է, որ առանց սթրեսի և վախի հաղթահարի բժշկական պրոցեդուրան»։
Հիվանդանոցում գտնվելու ամբողջ ընթացքում երեխաները կշփվեն մուլտհերոսների հետ։ Հավելվածի շնորհիվ փոքրիկը կարող է ոչ միայն վիրտուալ իրականության ակնոցով մուլտֆիլմ նայել, այլև մասնակցել հատուկ իր նախասիրություններին համապատասխան ստեղծված մուլտերին: Սցենարն ապահովում է մաքսիմալ ներգրավածություն՝ օգտագործելով հոգեբանական հնարքներ,-ասում է ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Զարգարյանը․
«Մենք օգտագործում ենք պերսոնալիզացիա։ Այսինքն, մենք ամեն մի պացիենտի համար ստեղծված կոնտենտի հետ գործ ունենք»։
Նմանօրինակ սարքեր աշխարհում արդեն կան, սակայն հայկական մոդելը մի քանի քայլ առաջ է եղածներից։ Հայ ինժեներների մշակած կոնտենտում հաշվի է առնվում յուրաքանչյուրի անհատականությունը։ Ցավի պահին էկրանին կարող են բարի պատկերներ հայտնվել․խաղաղ երկինք, արև, բնություն:
Նույնիսկ երաժշտությունը համապատասխանեցված է երեխայի սրտի աշխատանքին: Վիրտուալ աշխարհը հերոսի հետ խոսում է սիրած գույների, կենդանիների և այլ թեմաների միջոցով: Սցենարը փոփոխվում է ըստ երեխայի ցանկությունների:
Ինժեներական և ծրագրավորման թիմին միացել են նաև լավագույն գիտաշխատողները՝ պրոֆեսորներ, մանկական հոգեբաններ: Առաջին փորձարկումները նախատեսվում են օգոստոսին։ Թեստավորումից հետո ընկերությունը Հայաստանի բուժհաստատություններին սարքերը կտրամադրի անվճար։ Երկրի սահմաններից դուրս լիցենզիայի տրամադրման արժեքը կլինի մինչև 1000 եվրո։




