
Ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը հստակ հայտարարել է, որ հետընտրական շրջանում չի պատրաստվում համագործակցել իշխանությունների հետ` «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի Ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա կրկնել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում որևէ ձևաչափով բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք հստակ ասել ենք, թե ինչու։ Ալիևին հաղթածը չի կարող բանավիճել Ալիևին պարտվածի հետ։ Մենք այդ մարդու հետ ունենք մի օրակարգ՝ նրան պետք է հեռացնենք»,–ասաց Սաղաթելյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև այն քննադատությանը, թե թշնամին մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ քաղաքական ուժերը ընտրարշավով են զբաղված։
«Եկեք հասկանանք՝ ընդդիմությունն ինչ կարող էր անել ու չի արել։ Երկրի պաշպանության գործը պետության ու բանակի բացառիկ իրավունքն է։ Մենք՝ իբրև ընդդիմություն, պետության անունից ռազմաքաղաքական որոշումներ ընդունելու իրավասություն չունենք։ Երբ մենք փողոցում պայքարում էինք, շատ ուժեր ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով։ Հիմա գնում ենք ընտրությունների, ասում են՝ ընտրություններին մասնակցելով չի որոշվի ելքը․ բա ելքը ո՞րն է, թողե՞նք իրենք մնան»,-նշեց Սաղաթելյանը։
Հարցին ի պատասխան, թե որքանով է «Հայաստան» դաշինքը պատրաստ հետընտրական գործընթացներին, վստահեցրել է՝ պատրաստ են ցանկացած սցենարի։
«Նախագահ Քոչարյանն էլ հայտարարեց, որ եթե իշխանությունը փորձի ընտրախախտումներով կամ այլ ճանապարհներով վերարտադրվել ու պահել իշխանությունը, պատասխանը լինելու է շատ խիստ և կտրուկ։ Ցանկացած սցենարի պատրաստ ենք»,- ասել է Սաղաթելյանը:




