
Մարիամ Հովսեփյան
Հայաստանի հանրային ռադիո
Թշնամին այլևս վերացական կերպար չէ ո´չ Ալենի, ո´չ Ներսեսի համար։ Թշնամու հետ առաջին հանդիպման մասին պատմում են անկեղծորեն, անթաքույց։ Իրենց տագնապները հաղթահարել են առաջին հերթին ապրելու ցանկությամբ։
19-ամյա Ալեն Չափխանյանը հրետանավոր է: Այսօր արդեն նա թշնամու մասին անհամեմատ շատ բան գիտի, քան մինչև առաջին հանդիպումը։
Ջրականի հրաձգային գումարտակներից մեկի շտաբի պետ Ներսես Ներսիսյանի համար ևս առաջին հանդիպումը թշնամուն ճանաչելու առաջին դասն էր։ Հետո սկսել է ավելի ու ավելի շատ ճանաչել նրան։
Ալենն ու Ներսեսը հոգեբանորեն պատրաստ են մարտի մեջ մտել թշնամու հետ, քանի որ, ինչպես իրենք են վստահեցնում, լավ են պատկերացրել, թե ինչի համար են կռվում և վտանգում իրենց կյանքը։ Երկուսն էլ հայրենիքը նույնացնում են հայրական տան, մոր և սիրելի մարդկանց հետ։
Կարծում են, որ պետք է ձեռք ձեռքի տալով, ոտքի կանգնել, վերլուծել կատարվածը, ուղղել սխալներն ու դասեր քաղել դրանցից:
Ե´վ Ալենի, և´ Ներսեսի՝ թշնամու նկատմամբ ունեցած զգացողությունները ձևավորվել են անձնական փորձով։ Տղաներն ասում են, որ այդ փորձառությանն անհրաժեշտ է գումարել պետական համապատասխան կառույցների ջանքերը՝ գտնելու համար մայր հայրենիքը պաշտպանելու և հնարավորինս քիչ զոհերով ու կորուստներով հաղթանակի հասնելու արդյունավետ ուղիները:




