
Բիզնեսն ընդհանուր առմամբ վերականգնվում է, բայց որոշ ոլորտներ դեռևս չեն հաղթահարել համավարակի ու պատերազմի ազդեցությունը՝ խորհրդարանում հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Էդուարդ Հովհաննիսյանը նշել է, որ խոսքն առաջին հերթին զբոսաշրջության ու ծառայությունների ոլորտների մասին է։ Խորհրդարանում այսօր կրկին տնտեսական ոլորտի ցուցանիշեր են ներկայացվել․ շարունակվել է նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումը։
Համավարակն ու պատերազմն ազդել են պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման վրա․ հարկատեսակների համամասնությունը։ Հարկերի ընդհանուր կառուցվածքում 2020-ին ամենամեծ կշիռն ունեցել է ավելացված արժեքի հարկը՝ շուրջ 472 մլրդ դրամ: Հաջորդը եկամտային հարկն է, որի մասով պետբյուջեն համալրվել է շուրջ 412 մլրդ դրամով․ եկամտահարկը ապահովել է հարկային եկամուտների գրեթե 30 տոկոսը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ ճգնաժամային տարվա ընթացքում շահութահարկի գծով մուտքերը կազմել են շուրջ 149 մլրդ դրամ։
«Տվյալ դեպքում պետբյուջեի հարկային եկամուտների շուրջ 11 տոկոսի չափով համալրումը շահութահարկի հաշվին, ըստ էության, հետևանք է 2019-ի տնտեսության շահութաբերության համեմատաբար բարձր մակարդակի, ինչն իր արտացոլումն էր գտել տնտեսության իրական աճի ցուցանիշում»:
Հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը տնտեսության վիճակի ուղիղ ցուցիչներից մեկն է։ ՊԵԿ նախագահը տնտեսության որոշակի աշխուժացում նկատում է, ասում է, որ հարկային հավաքագրումներում հաջողություն ունեն ոչ միայն ճիշտ վարչարարության, այլև տնտեսվարողների կողմից իրավիճակը ճիշտ գնահատելու արդյունքում։
«Բիզնեսները նորից վերսկսվել են, ունենք դեռևս որոշակի ոլորտներ, որոնք համավարակի ազդեցությամբ դեռևս չեն վերականգնվել, դա զբոսաշրջությունն է և դրա հետ կապված մյուս ծառայությունները»։
Պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացումը ծախսերի տեսքով վերադառնում է քաղաքացիներին՝ աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների ու այլ վճարումների տեսքով։ 2020-ին պետական կառավարման համակարգում աշխատակիցների ամսական միջին վարձատրությունը կազմել է 360 հազար դրամ՝ ներառյալ պարգևավճարները:
Վերջինը նախորդ երկու տարիներին ամենաքննարկված թեմաներից մեկն է: Ջանջուղազյանի խոսքով՝ մասնավոր և պետական համակարգերում վարձատրությունների տարբերություն կա, պարգևավճարների միջոցով փորձ է արվել կրճատել այդ տարբերությունը՝ ընդ որում միասնական մոտեցմամբ, ոչ թե տարբերակված: Պետական կառավարման համակարգում 2020 թվականին զբաղված է եղել 19700 մարդ։ 65 մլրդ 487 մլն դրամ նախատեսվել է աշխատավարձերի, շուրջ 21 մլրդ էլ՝ պարգևատրումների համար։ «Իմ քայլը» խմբակցությունից Հովիկ Աղազարյանին հետաքրքվեց՝ եթե այդքան նախատեսվել է, ինչու ԱԺ–ում պարգևավճար չեն ստացել։
«Ներեք անգրագիտությունս, բայց ԱԺ աշխատակազմը համարվո՞ւմ է պետական կառավարման համակարգի աշխատողներ, թե ոչ, քանի որ իրենք պարգևավճարներն ստացել են, իսկ պատգամավորները չեն ստացել վերջին տարում»։

Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց՝ պատգամավորները նույնպես պետական համակարգի աշխատողներ են, իսկ թե ինչու պարգևավճար չեն ստացել, արձագանքեց.
«Շարունակությունն ինձ ուղղված չէ, դիմեք Ազգային ժողովի ղեկավարությանը, քանի որ որոշում կայացնողը տվյալ մարմնի ղեկավարն է»։
Խորհրդարանը և կառավարությունը 2020-ին կրճատել են պարգևավճարների ու արտասահմանյան ուղևորությունների ծախսերը, արդյունքում՝ գումարներ խնայել։ Նախագահի աշխատակազմին 2020–ին հատկացվել էր 1,6 մլրդ դրամ, որից 119 մլն դրամը խնայվել և բյուջե է վերադարձվել։ 6,1 մլրդ դրամից ԱԺ–ում խնայել են 830 մլն դրամը։ Փոխարենն ավելացել են վարչապետի աշխատակազմի ծախսերը՝ 23,7 մլրդ-ից հասնելով 26 մլրդ դրամի։ Գերածախսն ապահովվել է այլ ծրագրերի վերաբաշխման, նաև գործուղումների կրճատման և դրանց արդյունքում խնայված միջոցների հաշվին։





