ԿարևորՀասարակություն

Մեկ շաբաթական մուֆլոնը՝ մանուկների տոնի մասնակից

Ավելի քան 80 տարվա պատմություն ունեցող Երևանի կենդանաբանական այգին ոչ միայն մանուկների, այլև մեծահասակների սիրելի վայրերից մեկն է: Ապացույցն այցելուների տարեցտարի մեծացող քանակն է: Վերջին տարիներին այգին նորացվել  ու բարեկարգվել է: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա տոնական տրամադրությունը նաև այգում է զգացվել։

Բունկան, Թայֆունը, Սիմբան և Գերդան երեխաների սիրելիներն են։ Կենդանաբանական այգու այս բնակիչները այցելուների պակաս երբեք չեն զգում։  Նրանց գլխավոր մրցակիցները  կապիկներն են։ Չարաճճի են և հենց դրանով էլ գրավում են փոքրիկներին՝ ասում է կապիկներին խնամող Լիանա Բաբայանը։

«Բալիկների, երեխաների արարքները կրկնում են, չարաճճիություն։ Փոքրիկներն էլ իրենք իրենց համար խաղում են, և երեխաներին գրավում է, որ հենց իրենց խաղերից են խաղում։ Վազում են իրար հետևից, ծեծում են, քաշքշում են։ Ամենափոքրը մեկ տարեկան է»։

Կապիկներից ամենափոքրը մեկ տարեկան է, բայց այգում կան նորածիններ, որոնք անգամ մեկ ամսական էլ չկան։ Այգում առաջին անգամ սև կարապի ճուտիկներ են ծնվել։ Դեռ  մոխրագույն են, իհարկե, բայց մինչև մեկ տարեկանը սև և նրբագեղ կարապներ կդառնան։ Ճուտիկները այժմ առանձնացված են մյուս կարապներից, մոր մոտ կմնան մինչև 2 ամսական դառնալը։ Մայր կարապի հետ ավելի պաշտպանված են սովորաբար՝  ասում է գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը։

«Մեր կարապի ճուտիկներն են։ Հիմա իրենք կարանտինային շրջանում են։ Քանի որ բաց տարածքում էր մայրը, հնարավոր էր, որ ագռավները նրանց վնասեին։ Դրա համար մոր հետ առանձնացրել, փակ տարածք ենք բերել։ Ծնվել են մայիսի 6-ին, շուտով կդառնան մեկ ամսական»։

Այգու ամենափոքրը մեկ շաբաթական մուֆլոնն է։ Հայկական մուֆլոնի 4 ձագերը, ի տարբերություն կարապի, ընդհանուր վանդակում են։

«Մուֆլոնների ազատավանդակն է՝ 4 ձագուկներով։ Շուտով կդառնան մեկ ամսական։ Չորրորդը ավելի ուշ է ծնվել, մոտ մեկ շաբաթ առաջ։ Հուսով ենք առողջ, կենսունակ ձագուկներ կլինեն։ Մինչև 1-2 ամսականը շատ դժվար շրջան է նրանց համար»։

Կենդանաբանական այգու նորածիններից են նաև բեզուարյան 6 այծերը։ Նրանց, սակայն, չհաջողվեց տեսնել։ Արևից պաշտպանվելու համար պատսպարվել էին։ Նրանց ևս չեն առանձնացրել ծնողներից։ Ապահով է՝ հավաստիացրեց զրուցակիցս։ Առհասարակ ծնունդները սկսվում են մայիսից, մինչև օգոստոս կծնվեն նաև եղնիկների  և թռչունների որոշ տեսակների ձագերը։ Կենդանիներին և նրանց ձագուկներին  տեսնելու հիմնականում շտապում են մանուկները, թեև ծնողներ կան, որ երեխաներից շատ են ուրախանում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է  այգու աշխատակցուհին։

Բայց կենդանիները, միևնույնն է, ավելի շատ սպասում են երեխաներին։ 4 տարեկան Անահիտը պատմում է, թե որ կենդանիներին է արդեն հասցրել տեսնել։

«Գետաձի, բադիկներ, կապիկ, շատ մեծ արծիվ էլ եմ տեսել, թռչում էր»։

Նորածին ձագուկներին Անահիտը դեռ չի հասցրել տեսնել, բայց ծնողները խոստացել են՝ անպայման կտանեն նաև նրանց մոտ։ Այգին մեծ է, բայց ժամանակ դեռ ունեն, կհասցնեն։

Կարդացեք նաև

Back to top button