
Սոթքի լեռնանցքում տեղադրված՝ էլեկտրաէներգիա արտադրող հողմակայանների սեփականատերերը դիմել են դատարան՝ ընդդեմ Հայաստանի կառավարության։ Պատճառը բիզնես անվտանգություն չապահովելն է, որի հետևանքով, ըստ բողոքող կողմի, հողմակայանները շահագործող Zod Wind ընկերությունը կորցրել է շուրջ 4 մլն դոլարի ներդրում ու 1մլնդոլարի շահույթ։ Քարվաճառի շրջանի հանձնումից հետո հայկական տարածքում գտնվող հողմակայաններն, ըստ սեփականատիրոջ, անհասկանալի հանգամանքներում անցել են Ադրբեջանի վերհսկողությանը։
Շուրջ 4 մլն դոլարի ներդրում արժեցած՝ հողմային էլեկտրակայանով էլեկտրաէներգիա արտադրող Zod Wind ընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի կառավարության։ Պահանջը մեկն է՝ Հայաստանում բիզնես անվտանգություն չապահովելու համար փոխհատուցել կրած վնասը՝ շուրջ 5 մլն դոլար, ներառյալ շահույթը։ Տարածքը հայկական է, հայկական վերահսկողության ներքո մնացած՝ «Ռադիոլուրին» ասում է ընկերության համասեփականատեր Արթուր Հարությունյանը։ Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 20-ին, ընկերության սեփականատերերը գնացել են տեղանք, իրենց աչքով տեսել, որ հողմակայաններին վտանգ չի սպառնում։ Չեն էլ կասկածել, որ մի օր կգան ու կայանների մոտ կտեսնեն ադրբեջանցիներին։
«Նոյեմբերի 25–ին իրենց զինվորներն ուղղակի մեծ զորքով եկան, սահմանը 1-1.5 կմ մեր տարածքից պետք է հետ լիներ։ Այն ժամանակ դարպասներ կային տեղադրված, որը սահմանազատում էր մեր ու իրենց սահմանը։ Նոյեմբերի 25–ին մոտ 200-300 հոգանոց զորքով եկել են, դարպասներն ապամոնտաժել ու շարժվել հայկական տարածք։ Մենք այնտեղ ենթակառուցվածքներ ունենք, երկու հողմակ ու էլեկտրակայան ունենք։ Այս պահին իրենք էլեկտրակայանն օգտագործում են որպես կազարմա»։

Ծովի մակերևույթից 2500 մետր բարձրության վրա՝ Սոթքի լեռնանցքում գտնվող, Հայաստանին պատկանող երկու հողմակայաններն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Ավելին, հենց հողմակայանների տակ հակառակորդն անվադողերով կառուցել է պաշտպանական դիրքեր և այդտեղից դիտակետի տակ է պահում Սոթքի ոսկու հանքավայրի հայկական կողմի վերահսկողության տարածքները։ Ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանից գնված Zod Wind ընկերության սեփականատերերը 2018 թվականին ստացել են Սոթքում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։ Մինչ այդ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի հետ կնքել են հողամասերի վարձակալության պայմանագիր, «Ռադիոլուրին» ասում է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Իրենք մեզ ներկայացրել էին շինթույլտվության թղթեր, մենք պատրաստ էինք ամեն աջակցություն տրամադրել, քանի որ նման խոշոր ներդրումը համայնքի զարգացման համար շատ լավ կլիներ։ Բայց պատերազմը սկսվելուց դադարեց ամեն ինչ»։
Ընկերության համասեփականատեր Արթուր Հարությունյանի խոսքով՝ իրենք ունեն սեփականության վկայականներ, համայնքային ու կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ իրենց տրամադրվել են տարածքները։ Հողմակայանները վիճելի տարածքում չէին՝ շեշտում է.
«2008 թվականից մենք այնտեղ փորձում էինք հողմաէլեկտրակայան կառուցել։ Նախատեսված էին 40-50 մեգավատ հզորության հողմաէլեկտրոկայաններ։ Այդ հատվածում երկարաժամկետ վարձակալությամբ 200 հեկտար հողատարածք ունենք։ Հողատարածքները երկու հատվածով են՝ 130 և 75հեկտար։ Երկու հատվածներն էլ հակառակորդի վերահսկողության տակ են»։
Ընկերությունն առաջին փուլով տեղադրել է երկու՝ 60 մետր բարձրության հողմակ, որի համար ներդրել է շուրջ 4 միլիոն դոլար։ Ծրագրերը պետք է ընդլայնեին, ներդրումներն էլ մեծացնեին՝ հասցնելով 20-30 մլն դոլարի, ասում է զրուցակիցս։ Ընկերությունն նախորդիվ ուսումնասիրել էր 23 տարածք, որտեղ կարող էին տեղադրվել հողմակայանները։ Սակայն ծրագրերը մնացին միայն թղթի վրա։ Հողմակայանների խնդրին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանն ասել է, որ ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք:
«Ստացվում է՝ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել են միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն տարածքում, որը նրանց հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել Կառավարությունից անկախ ՀՀ մարմինների որոշումներով»:

Կառավարությունը, սակայն, լռում է և որևէ քայլ չի ձեռնարկում՝ ասում է ընկերության համասեփականատեր Արթուր Հարությունյանը։ Ընկերությունը գրավոր դիմել է կառավարության աշխատակազմին, սակայն ոչ մի արձագանք։ «Ռադիոլուրին» գործադիրի աշխատակազմից տեղեկացրին՝ կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի դատական գործի շրջանակներում։ Ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման գործը դատարանը վարույթ է ընդունել, և առաջին դատաքննությունը հունիսի 3-ին է։
Հակոբ Ավետյան․« Իրենց հետ խոսելուց ավելի քան 5 մլն դոլար ներդրում են արել։ Պետֆոնդի տարածք է եղել, որի պայմանագրերը մենք ենք տվել։ Իսկ այս պահին հակառակորդի վերահսկողության տակ է և հնարավոր չէ այնտեղ մոտենալ, կամ թեկուզ ապամոնտաժել։ Հնարավոր է իշխանույունները քայլեր անում են, բայց քանի որ արդյունք չկա, մենք սպխասում ենք»։
Սահմանազատման հարցերն են ընթանում, միգուցե ավարտից հետո այդ տարածքը մեր վերահսկողության տակ անցնի նորից։
Իրենք մեզ ներկայացրել են շինթույլտվույան համար և մենք պխատրաստ էինք ամեն աջակցություն տրամադրել, քանի նման խոշոր ներդրումը համայնքի զարգացման համար լավ էր։ Բայց պատերազմը սկսվելուց դադարեց ամեն ինչը։




