ԿարևորՀասարակություն

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը՝ առանց համալսարանականների․ ԿԳՄՍ-ում կսպասեն ՍԴ որոշմանը

ԵՊՀ–ն կունենա կառավարման բարձրագույն մարմին՝ հոգաբարձուների խորհուրդ, բայց առանց համալսարանականների․ համալսարանում հրաժարվում են մասնակցել հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը: Ասում են՝ գործընթացն ապօրինի է։

Մայիսի 13-ին ԿԳՄՍ նախարարությունը, որպես լիազոր մարմին, գրություն էր ուղարկել ԵՊՀ՝ հոգաբարձուների խորհրդի համալսարանական ներկայացուցիչների ընտրությունը կազմակերպելու և մինչև մայիսի 24-ը նախարարություն ներկայացնելու պահանջով։ ԵՊՀ գիտխորհրդի քարտուղար Լևոն Հովսեփյանի տեղեկացմամբ՝  պատասխան գրությունն արդեն ուղարկել են նախարարություն։

«Բնականաբար, գիտական խորհուրդը միասնական գտնվեց և, անընդունելի համարելով այս գործընթացը, չէր կարող անդամներ ներկայացնել։ Առաջադրումներ, թեկնածուներ չեղան, ընտրություն տեղի չունեցավ և արդյունքում հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ համալսարանը չի առաջադրի»,- ասում է Լևոն Հովսեփյանը։

ԵՊՀ գիտխորհրդի քարտուղար Լևոն Հովսեփյան

Կառավարությունը մայիսի 4-ին որոշում էր ընդունել, համաձայն որի հոգաբարձուների խորհուրդը 32-ի փոխարեն կունենա 20 անդամ։ Փոխվում է նաև խորհրդի համամասնությունը։ Կառավարության,  լիազոր մարմնի կողմից առաջադրված և համալսարանական անդամների նախկին 50/50 համամասնությունը դառնում է 65/35․ այսինքն, նոր ձևավորվող 20 հոգանոց խորհրդում 11-ը կլինեն կառավարությունից, 2-ը՝ լիազոր մարմնից, 2-ը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից, և 5-ը՝ ուսանողներ։

Ուսանողները ևս հրաժարվել են ներկայացուցիչ ունենալ նոր ձևավորվող խորհրդում՝ ասում է հոգաբարձուների խորհրդի անդամ, ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը.

«Ուսանողական խորհուրդը հրաժարվեց ներկայացնել անդամներ՝ հիմնավորելով իր քայլը այն փաստով, որ նախորդ՝ 32 անդամից բաղկացած, խորհրդի լիազորությունները դադարեցված չի համարում, քանի որ չկա որևէ իրավական հիմք, որի վրա հիմնվելով՝ կարող ենք համարել, որ խորհուրդը լուծարվել է»։

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյան

Դավիթ Ափոյանը հիշեցնում է՝ երբ գործող խորհրդի 15 անդամները հրաժարականի դիմում ներկայացրին, ընթացակարգի համաձայն, հոգաբարձուների խորհուրդը պետք է քննարկեր և հաստատեր հրաժարականի դիմումները, ինչից հետո միայն դադարեցված կհամարվեր այդ անդամների և հոգաբարձուների խորհրդի լիազորությունները։

Համալսարանականներին հակադարձում է ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը՝ հիշեցնելով Հիմնադրամների մասին օրենքի 23-րդ հոդվածը։

«Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից դիմում ներկայացնելը խորհրդի լիազորությունների դադարեցման հիմքերից մեկն է, բացի այդ, եթե անդամների կեսից ավելին հրաժարվում է իր լիազորություններից, ապա խորհուրդն համարվում է լուծարված»։

ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյան

Կառավարության նոր որոշմամբ՝ բուհի կառավարման բարձրագույն մարմինը կհամարվի ձևավորված, եթե նշանակվեն խորհրդի անդամների կեսից ավելին։ Ուսխորհրդի նախագահը նկատում է՝ հակասություններ կան օրենքի և կառավարության որոշման միջև.

«Բարձրագույն կրթության» մասին գործող օրենքում նշվում է, որ բուհերի կառավարման խորհուրդները պետք է բաղկացած լինեն առնվազն 20 հոգուց, արդյունքում օրենքի և կառավարության որոշման միջև հակասություններ են առաջանում»։

Հենց նույն օրենքն էլ երաշխավորում է, որ կառավարման խորհրդում ուսանողները 25% մասնակցություն ունենան․ արդյունքում, ըստ Կառավարության որոշման, խորհրդում ուսանողներն ավելի շատ են, քան պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։

«Տպավորություն կստեղծվի, որ կառավարությունը ուսանողամետ գործունեություն է իրականացնում, բայց այդպես չէ։ Այստեղ պարզապես օրենքի պահանջն է, որ ուսանողները պիտի 25% ներկայացվածություն ունենան, մինչդեռ նույն օրենքը չի սահմանում պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը խորհրդի կազմում»,– ասում է ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

Գիտխորհուրդը բազմիցս անդրադարձել է Կառավարության՝ բուհական համակարգին առնչվող գործունեությանը՝ այն համարելով անընդունելի բուհերի ինքնակառավարման տեսանկյունից: Մայիսի 6-ի արտահերթ նիստի ընթացքում գիտական խորհուրդը դիմել էր ՄԻՊ–ին՝ Սահմանադրական դատարանում կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով։ Սահմանադրական դատարանը դեռ չի քննել Պաշտպանի հայցը, բայց նախարարությունն արդեն սկսել է նոր խորհրդի ձևավորման գործընթացը՝ արձանագրում է գիտխորհրդի քարտուղար Լևոն Հովսեփյանը։

«Ստացվում է, որ խորհուրդը կձևավորվի հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչների կազմերով։ Եվ, չնայած որ հոգաբարձուների խորհուրդը նաև ներկայացուցչական մարմին է, ցավոք, այնտեղ չեն լինի համալսարանական ներկայացուցիչներ, քանի որ համալսարանը սկզբունքային է»,– ասում է ԵՊՀ գիտխորհրդի քարտուղար Լևոն Հովսեփյանը։

ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բուհի պատասխան նամակը նշում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։ Համալսարանականների մտահոգություններին ի պատասխան հայտնում են՝ որևէ քայլ չեն ձեռնարկելու մինչև Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացնի։

«Նախարարությունը ևս կսպասի Սահմանադրական դատարանի որոշմանը, այսօրվա դրությամբ գրությունը ստացել ենք և դեռ չենք շարունակի խորհուրդը ձևավորելու գործընթացը, այսինքն Վարչապետի հաստատմանը չենք ներկայացնի հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչների կազմը»,– ասում է ԿԳՄՍ ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը։

ԵՊՀ-ի ճգնաժամը պետք է լուծվի առանց իշխանության միջամտության, Համալսարանին օրակարգ չպետք է թելադրվի՝ վստահ են մայր բուհում:

Կարդացեք նաև

Back to top button